HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»

07_09-a-g_borderՀայ-վրացական սահմանի քարտեզագրման աշխատանքներն ավարտին են մոտենում: Սակայն դեռևս կան վիճելի տարածքներ, որոնք պետք է համաձայնեցնի երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը: Օգոստոսի վերջին տասը օրերի ընթացքում և մինչ օրս հայկական լրատվամիջոցներն անդրադառնում են հայ-վրացական սահմանազատման և Բավրայի հատվածում տեղի ունեցած իրադարձություններին:

Հիշեցնենք, որ Բավրայի հատվածում վրացի սահմանապահները թույլ չէին տվել հայ գյուղացիներին իրենց հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել` պատճառաբանելով, որ այդ տարածքը վրացական կողմին է պատկանում: Բավրայի համայնքապետ Կորյուն Սումբուլյանը կտրականապես հերքում է հողերի` վրացական կողմին պատկանելու փաստը` վկայակոչելով այդ հողերի նկատմամբ գյուղացիների սեփականության իրավունքի կադաստրային փաստաթղթերը: Իսկ վրացի սահմանապահները նշել են, որ գոյություն ունի 1942 թվականի քարտեզագրություն, համաձայն որի` այդ հողերն իրենց են պատկանում: a-melqonyan_5.09.09«Թե ի՞նչ սահմանազատում պետք է լիներ Հայրենական պատերազմի տարիներին, բացարձակապես տրամաբանություն չեմ տեսնում: 1942 թ.-ի Ստալինգրադի ճակատամարտի օրերին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի միջև սահմանազատո՞ւմ կարող էր անցնել: Դեռ մենք չգիտեինք` Ստալինգրադը կպահե՞նք, թե՞ ոչ, սահմանազատում լինե՞ր»,- զարմանում է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը: Պրոֆեսոր Մելքոնյանը, որպես Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի միջև սահմանազատման վերջին համաձայնագիր, վկայակոչում է 1921 թվականի նոյեմբերի 6-ի փաստաթուղթը: Դրա տակ դրված են Հայաստանի հեղկոմի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի և Վրաստանի հեղկոմի նախագահ Բուդու Մդիվանու ստորագրությունները: Համաձայնագիրն ունի հավելված, որի մեջ կոնկրետ բլուր, առվակ, ձոր, գյուղ` մեկ առ մեկ նշված է սահմանը, և պատմաբանն իր «Ջավախք» գրքի հավելվածում ամբողջությամբ զետեղել է այն: «Մինչև 1929 թ.-ը, առանձին դեպքերում մինչև 33-34 թթ.-ը կան փաստաթղթեր, որոնք վերաբերում են սահմանամերձ կոլտնտեսականների միջև ծագած վեճերին` մեկը մյուսի խոտհարքներից, ջրի աղբյուրներից օգտվելու համար, բայց դա չի նշանակում, որ սահմանի տեղաշարժ է եղել, երկու հանգամանք անընդհատ իրար հետ շփոթում են: Այդ համաձայնագրերը կնքվել են հարևան շրջանների միջև: Օրինակ` Գյումրիի ու Բոգդանովկայի շրջանի միջև նման համաձայնություններ են եղել»,- ասում է Աշոտ Մելքոնյանը:

Միջկառավարական հանձնաժողովը դեռևս 70% է սահմանագծել

Երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի քարտեզագրողներն արդեն 3 տարի է` աշխատում են սահմանի քարտեզագրման ուղղությամբ: Հայկական կողմից սահմանազատման հանձնաժողովում ընդգրկված է 13 ներկայացուցիչ տարբեր գերատեսչություններից` ՀՀ ԱԳՆ, Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր, Արդարադատության նախարարություն, Պետեկամուտների կոմիտե, Զինված ուժեր, Տարածքային կառավարության նախարարություն, «Հողշինմոնիթորինգ», «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ներ և այլն: Իսկ հանձնաժողովը նախագահում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Մեր հարցմանը, թե հայ-վրացական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ ԱԳՆ-ն, ստացել ենք հետևյալ պատասխանը. «Նման հարցերը ծագում են սահմանի այն հատվածներում, որոնք դեռեւս նախնական կարգով հանձնաժողովի շրջանակներում համաձայնեցված չեն: Հենց դրան է ուղղված հանձնաժողովի գործունեությունը, որն այժմ աշխատանք է տանում, որպեսզի նմանատիպ խնդիրներ չառաջանան»: Իսկ թե հայ-վրացական սահմանի ո՞ր հատվածներում սահմանը դեռևս համաձայնեցված չէ, ԱԳՆ-ն հստակ չի պատասխանել, այլ նշել է, որ «արդեն իսկ հայ-վրացական սահմանի 70 տոկոսը համաձայնեցված է: Սակայն հանձնաժողովն առաջնորդվում է մի սկզբունքով` ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»:

«Հայ-վրացական սահմանը պարզ սահման չէ»

«Բավրայի հողերը հողօգտագործման հատակագծերով միշտ էլ եղել են Հայաստանի Հանրապետությանը, և Բավրան է միշտ դրանք օգտագործել: Այսօր, եթե անգամ վրացական կողմը պնդում է 42 թվականի քարտեզագրությունը, ի՞նչ է` պատերազմից հետո մարդիկ ուրիշ դարդ ու ցավ չեն ունեցե՞լ, որ սահման նշանակեն, ու քարտեզների վրա հենց այնպես նշանակումնե՞ր են կատարել, դա չի նշանակում, որ այդ հողերն իրենցն է: Տեղեր կան, որ մեկը մյուսին պետք է փոխզիջման գնա, որովհետև ժողովուրդը մեղավոր չէ, եթե այդքան ժամանակ օգտագործել են, պետք է շարունակեն օգտագործել»,-ասում է «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի» տնօրեն Հովսեփ Պետրոսյանը: Վերջինս ընդգրկված է սահմանազատման միջկառավարական հանձնաժողովում որպես քարտեզագրող և գեոդեզիստ և խոստովանում է, որ հայ-վրացական սահմանը պարզ սահման չէ, քանի որ, որպես հարևան երկրներ, ում ինչ ձևով հարմար է եղել` շահագործել ու օգտագործել է: «Արդեն շուրջ երկու տարուց ավելի է` քննարկումների մեջ ենք: Մոտ 60%-ն արդեն կողմնորոշված է, քարտեզագրական նյութերի վրա անցկացված է, և վիճաբանական հարցեր չկան: Նորմատիվ, տեխնիկական փաստաթղթերի պահանջներով անցկացված է սահմանը, եթե պետք է անցնի ջրբաժան կամ ջրհավաք կետերով, այդպես էլ անցկացված են»,- նշում է Հովսեփ Պետրոսյանը: Ըստ մասնագետի` վիճելի հարցեր առաջանում են հարթ տարածքներում, որտեղ գյուղատնտեսական նշանակության հողեր կան ու բնակավայրեր: Այդ տարածքներից են` Բավրայի տարածքը` հայկական կողմից, և երեք հայկական գյուղեր` վրացական կողմից:

Քարտեզագրական աշխատանքները` մասնագիտական լեզվով

2003 թ.-ին հայ-վրացական սահմանին, չունենալով 1/1000 մասշտաբի քարտեզ, հայկական կողմն իրականացրել է ստերեո տիեզերալուսանկարչական աշխատանքներ: Գրություններ են ուղարկել և համաձայնություններ ստացել, որպեսզի վրացական տարածքներում պլանաբարձունքային կետեր դրվեն: «Նկարից քարտեզ ստեղծելու համար սկզբից պետք է ստանանք օրտոֆոտո հատակագծերը, որը պետք է պլանաբարձունքային համակարգով տեղանքում ամրացնենք, քարտեզի նկարը բերենք մասշտաբի, որից հետո նոր քարտեզը կգծվի»,- բացատրում է Հ. Պետրոսյանը: Նա հաստատում է, որ հայկական կողմից նման աշխատանքներ կատարվել են և փոխանցվել վրացիներին, որ նրանք էլ ուսումնասիրություններ կատարեն, և սահամանագիծը ոչ թե 50 հազար, այլ 10 հազար մասշտաբանոց քարտեզի վրա անցկացնեն: Վրացական կողմն ընդունել է հայ գեոդեզիստների առաջարկը, բայց չի կատարել: Իրենք էլ իրենց կողմից են նկարահանման աշխատանքներ կատարել 2008 թ.-ին, բայց նրանց քարտեզներում որոշ պլանային, բարձունքային պետական ցանցի կետերը շեղումներ ունեն: Հովսեփ Պետրոսյանն ասում է, որ վրացական կողմի հետ աշխատելը հեշտ է այն առումով, որ քարտեզագրման հետ կապված աշխատանքներն իրականացնում են մասնավոր ինստիտուտները, և չկա քարտեզների գաղտնիության սկզբունք: Վրաստանի ԱԳՆ-ն միայն կառավարչական գործունեությամբ է զբաղվում: Մինչդեռ Հայաստանում տեղագրական 10 հազար, 25 հազար, 50 հազար մասշտաբի քարտեզները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն: «Իրենց տվյալները վերցրել ենք, տեղադրել ենք մեր քարտեզի վրա, անճշտություններն ուղղելուց հետո, որտեղ որ անհամաձայնություն կա, դաշտում էլ չափագրական աշխատանքներ կկատարենք, իսկությունը կճշտենք, որից հետո, ըստ հանձնաժողովի եզրակացության, առաջարկություններ կներկայացվի երկու պետությունների ղեկավարներին: Վատ երևույթն այն է, որ յուրաքանչյուր կողմ միշտ ձգտում է ոչ թե իրենց պարտականությունների մասին մտածել, այլ իրենց իրավունքներն են ասում»,- ասում է ՊՈԱԿ-ի տնօրենը:

«Գիծ քաշելը պատմական պահ է»,- ասում է մասնագետը

Երկու երկրների քարտեզագրող մասնագետների քարտեզների համադրությունը խիստ տարբերվում է հատկապես Աղքյորփի, Չանախչի, Ջիլիզա գյուղերի հատվածներում, Դեբեդի որոշ հատվածների խաղողի այգիներում և սահմանային անտառի հատվածում: Խոսքը վերաբերում է այդ շրջաններում մոտ 120 հեկտար հողատարածքին: Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը ցավալիորեն նշում է, որ փոփոխություններ առաջացել են նաև անտառային շերտի հետ կապված: Այն է` Նոյեմբերյանի շրջանից մինչև Ալավերդու շրջան ընկած հատվածը սարահարթը վերջանում է, բլուրները վերջանում են, սկսվում է դաշտավայրը, որտեղից սկսվում է Հյուսիսային Լոռին: «Ճիշտ այդտեղից սահմանազատելու համար անտառաշերտ է եղել, որն անընդհատ հատվել է, հատկապես Վրաստանի Հանրապետության կողմից, որովհետև մարդիկ ապրելու հնարավորություն չեն ունեցել: Ստացվել է այնպես, որ սահմանը գնալով նահանջել է դեպի ՀՀ տարածք»,- նշում է պատմաբանը: «Անտառի մասին են խոսում, բայց քարտեզագրությունը չի սիրում այդպիսի բան: Կա կոորդինատ, կա գիծ, ազիմուտ, երկարություն և այլ կողմնորոշման չափանիշներ: Սահմանազատման գիծը գրված է եղել անտառը, բայց անտառը կտրել են, մտել են մեր տարածք, բայց դա չի նշանակում, որ դա իրենց տարածքն է: Ժամանակակից տեխնոլոգիաները թելադրում են կոորդինատ, գիծ, անկյուն հասկացողություն, որը տեղից չի փախչում»,- հավելում է «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի» տնօրենը: Ֆոտոգրամետրիայի տեղագրակադաստրային բաժնի պետ Էլմիրա Ավետիսյանն է կատարում քարտեզագրական աշխատանքները: Նա այժմ աշխատում է արբանյակային ստերեո նկարի հիման վրա իրենց ստացած քարտեզի և վրացական կողմի տրամադրած քարտեզի համադրության ուղղությամբ: «Բավրայում մենք սահմանի խնդիր ընդհանրապես չունենք, Բավրայի մասում սահմանը հստակ անցնում է, ես զարմանում եմ, թե ինչու է խնդիր առաջացել»,- ցույց տալով երկու քարտեզների համադրությունը` ասում է Էլմիրա Ավետիսյանը: Որպես քարտեզագրության մասնագետ, ով աշխատում է թղթի վրա, Էլմիրա Ավետիսյանն ասում է, որ քարտեզագրությունը չի սիրում մոտավոր հաշվարկներ և ունի հստակ X և Y կետեր: Համեմատելով իրենց ունեցած և վրացական կողմի մասնագետների քարտեզները և տեսնելով տարբերությունները ` մասնագետը հետաքրքրվում է, թե նրանք իրենց X-ը և Y-ը ինչպես են ստացել, քանի որ ինքն արբանյակային նկարի հիման վրա է ստացել այդ սահմանագիծը, իսկ այդ նկարը ֆոտոգրամետրիկ մշակման հնարավորություն ունի: Նոր համակարգչային ու ծրագրային հնարավորությունները թույլ են տալիս ավելի ճշգրիտ կետերը հաշվել` ըստ բարձրության, ըստ ռելիեֆի, ըստ գագաթների և այլն: «Դա շատ աշխատատար պրոցես է, որ ասում են` հա, լավ, գիծ է` քաշեք, բայց այդ գիծ քաշելը պատմական պահ է, մենք պետք է ունենանք մեկ միասնական քարտեզ: Հիմա ես նորից մշակում եմ, որովհետև կային դաշտային չափագրման բարձրությունների սխալներ: Երկու կետերը խառնելով` ես նորից քարտեզ եմ ստանում»,- ասում է Էլմիրա Ավետիսյանը:

Սահմանազատման հարցը քննարկել են երկու երկրների արտգործնախարարները

Սեպտեմբերի 4-6-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Երկու արտգործնախարարները խոսել են հայ-վրացական սահմանազատման հարցերի շուրջ, իսկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին: Սահմանազատման հանձնաժողովի գեոդեզիստների վերջին հանդիպումը եղել է 2009 թ. հունիսի 9-10-ին, քննարկել են քարտեզագրական նյութերի արդիական լինելու հանգամանքը: Հանդիպման ընթացքում, համատեղելով նոր տեխնոլոգիաներով քարտեզները, իրենց նյութերը հայկական կողմը վերցրել է, որպեսզի համեմատի և միասնական մեկ քարտեզ ստեղծեն: Այժմ քարտեզագրության վերջնական փուլն է, և մինչև սեպտեմբերի վերջ կամ հոկտեմբերի սկզբներին քարտեզագրական աշխատանքներն ավարտին կհասնեն: «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի» տնօրեն Հովսեփ Պետրոսյանը նշում է, որ իրենք անում են իրենց գործը, սակայն սահմանագծի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է երկու երկրների արտաքին գերատեսչությունները կայացնեն: «Դա նաև քաղաքական հարց է, ես միայն քարտեզագրական աշխատանքների մասով եմ պատասխանատու»,- խոստովանում է Հովսեփ Պետրոսյանը: Միասնական քարտեզ ստեղծելուց հետո երկու կողմերը տվյալ քարտեզի վրա կանցկացնեն սահմանի նկարագրության պետական գիծը: Հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտելուց հետո արդյունքները պետք է ներկայացնի ԱԺ, իսկ վերջնական սահմանագիծը կվավերացնեն երկու հանրապետությունների նախագահները: Սահմանազատման հանձնաժողովի հաջորդ հանդիպումը կայանալու է այս ամսվա վերջին:

Հոդվածը «Հետքին» է տրամադրել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter