HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավտոմեքենաների «գազիֆիկացումը» վերահսկողությունից դուրս է

07_09-balonՀանրապետությունում դժվար թե գտնվի մի աղբատար ավտոմեքենա, որ գազով չաշխատի: Տեղական իշխանությունները դրանով լուծում են ինչպես վառելիքի տնտեսման հարց, այնպես էլ խնայում են ֆինանսական միջոցներ, քանի որ գազն ավելի էժան է, քան դիզվառելիքը: Աշխարհի զարգացած երկրներում նույնպես աղբատար ավտոմեքենաների զգալի մասը գազով է աշխատում, սակայն այնտեղ վերաբերմունքը բոլորովին այլ է: Օրինակ` Արգենտինայում աղբատար ավտոմեքենաների վրա գազաբալոնները տեղադրվում են մեկուսացված, որպեսզի որեւէ ձեւով շփման մեջ չմտնեն աղբի  հետ: Դա կարեւոր է, քանի որ աղբի մեջ հնարավոր է թափված լինեն քիմիական նյութեր: Բնական է, աղբ բեռնող բանվորը չի կարող ենթադրել, որ մի բնակիչ աղբի մեջ, ասենք, ացետոնի լուծույթ է գցել: Բանվորը նաեւ դժվար կռահի, որ աղբի մեջ թափված ացետոնը, թափվելով գազի բալոնների վրա, կքայքայի դրանք: Կարծում ենք` որեւէ մեկի համար դժվար չէ պատկերացնելը, թե ինչ հետեւանքներ կառաջանան, երբ բալոնը քայքայվի ու այդ պահին աղբատարը կանգնած լինի բազմահարկ շենքերից մեկի բակում: Պատկան մարմինները չեն մտահոգվում նաեւ, որ հատկապես ամռան ամիսներին բաց երկնքի տակ գտնվող բալոնները, նույնպես իրենցից վտանգ են ներկայացնում` մանավանդ, եթե դրանք նոր են լիցքավորած լինում: Արգենտինայի օրինակը բերեցինք, քանի որ այդ երկրում կանոնակարգված է գազի ամբողջ համակարգը: Նույնիսկ գազի բալոնի ծավալով ներկայացված է, թե ինչ մեխանիզմով պետք է բալոնը ամրացվի, ինչ չափի եւ կտրվածքի դետալներով եւ այլն: 500 էջից ավել կանոնակարգում նկարագրվում է նաեւ այն գործիքները, որով պետք է աշխատեն մասնագետները: Հայաստանում չկա մի մարմին, որ լիարժեք կվերահսկի գործընթացը:  Այսօր ոչ  ոք չգիտի, թե շուկայում վաճառվող սարքավորումներն, ինչ որակի են: Խոշոր բիզնեսմենները մաքսատանը վճարելով պետական տուրքը անարգելք ներմուծում են գազի սարքավորումներ: Դրանք տեղադրվում են ավտոմեքենաների վրա, ստանում են իրենց գումարները ու դրանով հարցը համարվում է լուծված: 07_09-a_ghazaryanՆշված խնդիրների վերաբերյալ զրուցեցինք նավթամթերքի ոլորտի փորձագետ Արթուր Ղազարյանի հետ: Փորձագետի ասելով, Հայաստանում գազի ոլորտում տիրող իրավիճակը գալիս է նրանից, որ այն կարգավորելու համար չկա հստակ սահմանումներ եւ օրենսդրական դաշտ: «Բելառուսում ցանկացած ընկերություն, որը կներմուծի կամ կտեղադրի գազաբալոնային համակարգեր, առաջին օրինակները տեղադրումից 60 օր շուտ պետք է անցկացնի փորձաքննություն: Իսկ նման համակարգեր տեղադրելու թույլտվությունը տալիս է  Տեխանվտանգության հատուկ դեպարտամենտը: Այդ դեպարտամենտն էլ հսկում է ամբողջ գործընթացը: Ամբողջ աշխարհում էլ կարգը այլ է: Ցանկացած ավտոմեքենայի վրա գազաբալոնային համակարգ տեղադրելու համար, պետք է ստեղծվի տեղադրման սխեմա, որը նույնպես պետք է անցնի փորձաքննություն: Գազաբալոնային համակարգեր տեղադրող ընկերություններն ունենում են բոլոր ավտոմեքենաների մոդելների գազաբալոնների տեղադրման սխեման, որպեսզի բոլոր տեղադրողները նույն կանոններով ու չափորոշիչներով աշխատեն: Հայաստանում պատկերը հետեւյալն է` ցանկացած տեղադրող անում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում կամ այնպես, ինչպես իրեն է հարմար»,-ասաց Ա. Ղազարյանը: scheem_7.09.09 Փորձագետը հիշեց, թե Հայաստանում ինչ իրավիճակում էր հայտնվել իտալական «Լավոտո» ընկերության նախագահ Լուջի Լավատոն, երբ նա 2006 թ. այցելել էր Հայաստան: «Այցելեցինք շուկա, որտեղ վաճառվում էր իր ընկերության ճնշման կարգավորիչներից, բայց ցավով նկատեց, որ այդ արտադրանքն իր գործարանից դուրս չէր եկել, այլ իր արտադրանքի կեղծված տարբերակն էր: Պարզ է, որ հասարակ քաղաքացին չի կարող կռահել` շուկայում վաճառվողն իտալական արտադրանք է, թե դրա կրկնօրինակն է: Այս ամենից խուսափելու համար, անհրաժեշտ է ստեղծել մի կառույց, որը լրջորեն կզբաղվի այս հարցերով: Հայաստանում կան շուրջ 130 000 գազով աշխատող ավտոմեքենաներ: Սա շատ բարձր ցուցանիշ է, բայց ցավ եմ ապրում, որ այս հարցերը ժամանակին չեն բարձրացվել համապատասխան կառույցներում եւ ոլորտը չեն կարգավորել»,-նշեց Արթուր Ղազարյանը: Ըստ նրա, ցանկացած երկրում գազի ոլորտը հսկում է առանձին մի օղակ: Երկրներ կան, (օրինակ, Թուքիան, Արաբական երկրները եւ այլն), որտեղ, եթե քաղաքացին ցանկանում է նման բիզնեսով զբաղվել, նախ հաշվարկվում է ոչ ճիշտ աշխատելու դեպքում հասցված ամենամեծ վնասը եւ այդ վնասի չափով գումարը վճարում է կառավարություն: Դրանից հետո ստանում է աշխատելու իրավունք: Եթե իրավունք ստացած ընկերությունը, ինչ-որ բան սխալ է անում` կառավարությունը նրա վճարած գումարի հաշվին փոխհատուցում է պատճառված վնասները: «Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է: Ենթադրենք մի ընկերություն  տեղադրում է գազի սարքավորումները եւ սխալի պատճառով պայթում են ավտոմեքենաներ, ով է հատուցելու վնասները: Հայաստանում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտ չկա»,-ավելացրեց Արթուր Ղազարյանը: Կանոնակարգը կա, վերահսկողը` ոչ 28.09.2005թ. ՀՀ կառավարությունը նույնպես ընդունել է տեխնիկական կանոնակարգ` «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ բալոնների պարբերական վկայագրման» մասին: Ի տարբերություն այլ երկրների կանոնակարգերի, հայաստանյան կանոնակարգը լիարժեք չէ եւ առաջ են բերում շատ հարցեր: Գազաբալոնների ամրացման եւ դասավորվածությունն ավտոտրանսպորտային միջոցների վրա պետք է իրականացվի բալոններ արտադրող կազմակերպությունների հրահանգով և գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական փաստաթղթերով նախատեսված պահանջներին համապատասխան: Մասնավորապես, չի թույլատրվում` 1) բալոնների ամրացումը պողպատյա ճոպանով. 2) օգտագործել ամրացնող մանրակների եռակցում բալոնի իրանին: Արգելվում է ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրել այնպիսի բալոններ, որոնք` 1) չունեն տեխնիկական տեղեկաթերթիկ կամ անընթեռնելի են տեխնիկական տեղեկաթերթիկի տվյալները. 2) անցել է սույն տեխնիկական կանոնակարգի 132-րդ կետում նշված ստանդարտներով սահմանված պարբերական զննման ժամկետը (կետ 132. Ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական գազի բալոնների պարբերական վկայագրումը կատարվում է` ՀՍՏ 279-2007 ստանդարտում սահմանված ժամկետներում` 1) լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի բալոնները` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամից ոչ պակաս, 2) ածխածնային պողպատից պատրաստված 1-ին տիպի բալոնները` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամից ոչ պակաս,3) 2-4 տիպի բալոնները` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամից ոչ պակաս, 4) հեղուկացված նավթային գազի բալոնները` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամից ոչ պակաս,-հեղ.): 3) ունեն փակիչ և ապահովիչ սարքավորումների անսարքություններ. 4) ունեն իրանի վնասվածքներ (ճաքեր, ներս ընկած փոսեր, ակոսներ, քայքայումներ (կոռոզիա), ձևախախտումներ). 5) ներկը և գրառումները չեն համապատասխանում տեխնիկական տեղեկաթերթիկի տվյալներին: Ըստ կանոնակարգի, շահագործվող բալոնները պետք է ենթարկվեն պարբերական վկայագրման ՀՍՏ 279-2007, ԻՍՕ 6406 և ԻՍՕ 10464 ստանդարտներով սահմանված կարգով: Կարող ենք ասել, որ գազաբալոնային համակարգ տեղադրող ընկերություններն ուշադրությունից դուրս են, քանի որ անմիջական վերահսկող մարմինը չկա` բացի այն, որ տարին մեկ անգամ անցնում են փորձաքննություն: Կանոնակարգում գրված է դրույթ, որը գործնականում չի հանդիպել: Մասնավորապես գրված է, որ «Արևի ուղիղ ճառագայթումից, ձյան և անձրևի տեղումներից ավտոբուսի կտուրի վրա տեղադրված բալոնները պետք է պաշտպանված լինեն պատյանով, որը միաժամանակ կարող է ծառայել նաև որպես օդի շրջահոսիչ: Պատյանի կոնստրուկցիան պետք է ապահովի հասանելիություն դեպի բալոնների վրայի փականները` դրանց հերմետիկությունը ստուգելու համար»: Մինչդեռ, անզեն աչքով էլ նկատելի է, որ մարդատար ավտոբուսների, աղբատար ավտոմեքենաների վրա գազաբալոնները տեղադրված են առանց պաշտպանիչ շերտի եւ արեւի ճառագայթներն ուղիղ ընկնում են բալոնների վրա եւ կանոնակարգի դրույթները մնում են թղթի վրա: Քանի որ գազաբալոնային համակարգեր տեղադրող ընկերությունները առնվազն տարին մեկ անգամ պետք է փորձաքննություն անցնեն «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում եւ հավատարմագրված այլ ընկերություններում, դիմեցինք ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին: Նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասելով. «դու ստախոս ես ու չեմ ուզում պատասխանել քո հարցերին»: Աշոտ Պետրոսյանին դուր չէր եկել մեր մի քանի հրապարակումները, որոնք վերաբերում էին ՊՈԱԿ-ին եւ Աշոտ Պետրոսյանի չարաշահումներին, այդ իսկ պատճառով տնօրենը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության եւ լրատվության հարցերով պատասխանատու Սուսաննա Աբրահամյանն էլ ասաց, որ հարցերն էլեկտրոնային փոստով ուղարկեմ գրավոր: Գազաբալոնային համակարգեր տեղադրող «Գաբմաս» ՍՊԸ-ից էլ հետաքրքրվեցինք, թե իրենց ընկերությունը որտեղի±ց է ձեռք բերում գազաբալոնները եւ ո±ր մարմինն է իրականացնում ստուգումները: Մեր հարցերին պատասխանեց ՍՊԸ-ի տնօրենի եղբայրը` Արա Բարսեղյանը: «Բալոնները բերում ենք Արգենտինայից, Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Ներկրման ժամանակ մաքսատան աշխատողները ստուգում են բոլոր փաստաթղթերը եւ համոզվելուց հետո, որ ամեն ինչ օրինական է, նոր մաքսազերծում են ապրանքը: Ինչ վերաբերում է ստուգումներին, ապա ավտոմեքենաների վրա գազի բալոն տեղադրելու թույլտվությունը տալիս է Տրանսպորտի նախարարությունը, մենք էլ տարին մեկ անգամ փորձաքննություն ենք անցնում  «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում»,-ասաց Ա. Բարսեղյանը: Տնօրենի եղբայրը չհիշեց այլ պետական մարմնի անուն, որը տարվա ընթացքում ստուգումներ է իրականացնում գազաբալոններ տեղադրող ընկերություններում: Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանն էլ ասաց, որ իրենց նախարարությունը որեւէ լիազորություն, այդ թվում ստուգումներ իրականացնելու իրավասություն չունի: «Գազաբալոնների տեղադրման գործում, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը  ոչ մի գործ չունի»,-ավելացրեց Սուսաննան: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանն էլ «Հետքին» ասաց, որ ոստիկանությունը այլեւս ավտոմեքենաների տեխնիկական զննություն չի իրականացնում եւ չի կարող ասել տեխնիկական զննության ժամանակ ավտոմեքենանարի գազաբալոնային համակարգերը ստուգվում են թե ոչ: Մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել մի կառույցի, որը վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունի գազաբալոնային համակարգեր տեղադրող ընկերությունների եւ գազով աշխատող վարորդների նկատմամբ:

Մեկնաբանություններ (1)

Գևորգ Նազարյան
Տվյալ խնդրով առաջարկում եմ դիմեք ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչությանը, քանի որ օրենքով նրանց է վերապահված տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերահսկողությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter