Հայերը հեռավոր Հնդկաստանում
Ուխտագնացություն դեպի Սայդաբադ
2009 թ. օգոստոսի 16-ի վաղ առավոտյան Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանից երկու ավտոբուսներով ուղղություն վերցրինք դեպի Արևմտյան Բենգալիայի հյուսիս` Մուրշիդաբադի շրջանի Սայդաբադ գյուղը, ուր գտնվում է Սուրբ Մարիամ հայկական եկեղեցին: Ամեն տարվա նման, այս տարի ևս նախատեսված էր Աստվածածնի Վերափոխման տոնն անցկացնել Ս. Կույսի անունը կրող եկեղեցում, իսկ պատարագից հետո կատարվեց խաղողօրհնեք:
Ուխտագնացությունը կազմակերպել էր Հնդկահայոց հոգևոր հովիվ և Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը, մասնակցում էին ներկայացուցիչներ հայ համայնքից, ճեմարանի աշակերտները, շրջանավարտները և Հայաստանից ժամանած ուսուցիչները` ուղեկցությամբ Տեր Ավետիս Համբարձումյանի: Սայդաբադը գտնվում է Կալկաթայից մոտ 250 կմ հեռավորության վրա, իսկ մենք պետք է նույն օրը վերադառնայինք: Անցնելով քաղաքի նեղ փողոցներով` դուրս եկանք մայրուղի: Ամբողջ ճանապարհն ընթանում էր անծայրածիր դաշտավայրերի միջով: Բնությունը չափազանց բարեհաճ է եղել այս տարածքի բնակիչների համար, ճամփեզրի դաշտերում գյուղացիները մշակում էին բրինձ, շագարեղեգ և այլն, իսկ մենք սլանում էինք նրանց հետաքրքրաշարժ հայացքների ուղեկցությամբ, ավտոբուսներից հնչում էր հայկական երգն ու երաժշտությունը, որը երբեմն ընդհատվում էր ճեմարանի սաների հումորներով, կատակ-երգերով: Մոտ 6 ժամից հասանք Սայդաբադ, բացվեցին պարիսպները, և ներս մտանք. խնամված և մաքուր լճակը տպավորիչ էր, իսկ զգացողությունը` երազային: Ասֆալտապատ ճանապարհը ձգվում էր դեպի եկեղեցի: Մեզ անմիջապես շրջապատեցին մինչ այդ լճակում լողացող հնդիկ երեխաները. բնական էր, որ իբրև օտարերկրացիներ հետաքրքրում էինք նրանց: Բուն եկեղեցու տարածքը ևս պարսպապատ է, որը նույնպես չափազանց խնամված և գեղեցիկ էր, եկեղեցուն կից կա նաև նորակառույց իջևանատուն: Տարածքի մաքրության և խնամքի հարցերով զբաղվում է մի հնդիկ ընտանիք, որը բնակվում է եկեղեցուն կից: 
Սայդաբադի Ս. Մարիամ հայկական եկեղեցին կառուցվել է 1758 թ.-ին` ջուղայեցի նշանավոր վաճառական, բարեգործ Խոջա Պետրոսի միջոցներով: 2006 թ. Կալկաթայի նորընտիր եկեղեցական վարչության նախաձեռնությամբ եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է, կառուցվել է նոր զանգակատուն եւ հյուրատուն, բարեկարգվել է եկեղեցու մեծ տարածքը, եւ հայ համայնքին են վերադարձվել նախկինում ապօրինաբար զավթված տարածքները: Անդադար տեղացող անձրևն ավելի հորդառատ դարձավ պատարագի ընթացքում: Եկեղեցում հնչում էր Տեր Ավետիսի հոգեզմայլ ձայնը և ճեմարանի սաների նրբահունչ երգը, իսկ մուտքի մոտ հավաքված արդեն մեզ ծանոթ հնդիկ երեխաները զարմացած հետևում էին պատարագին: Իրավամբ, այս եկեղեցին խորհրդանշում է հնդկահայ համայնքի նախկին փառքն ու հզորությունը: Խաղողօրհնեքից հետո մեկնաբանվեց տոնի խորհուրդը, և ուխտավորներս օգտվեցինք օրհնված բարիքից: Խիստ բնակեցված Հնդկաստանում հայկական եկեղեցիներն ունեն ընդարձակ տարածքներ, զարմանալի գեղեցկություն և մաքրություն, իսկ Սայդաբադի եկեղեցին անգերազանցելի է: Կալկաթայի եկեղեցական վարչության ջանքերով վերանորոգված եկեղեցին և տարածքը նույնպես գտնվում են Հայր Խորեն Հովհաննիսյանի ուշադրության կենտրոնում, իսկ նմանատիպ ուխտագնացություններն ամրապնդում են եկեղեցու հոգևոր գոյությունը և նշանակությունը: Դեռևս 17-րդ դարում` Մոնղոլական տիրապետության շրջանում, մոտ 12 հեկտար նվիրվել է հայերին` հաշվի առնելով վերջիններիս ներդրումը երկրի զարգացման գործում: Ժամանակին մոտակայքում գտնվող գետն այնքան ջրառատ է եղել, որ նավագնացություն է կատարվել: Առևտրական նավերը մոտեցել են նշված տարածքին և բեռնավորված ուղղություն վերցրել դեպի աշխարհի` ժամանակի կարևորագույն շուկաները: Հայերը զբաղվել են հիմնականում մետաքսի առևտրով (Մուրշիդաբադի շրջանը համարվում է մետաքսի մշակման կարևորագույն կենտրոններից մեկը): Հատուկ որոշմամբ հայերն ազատված են եղել նաև հողի հարկից: Գյուղ տանող հիմնական ճանապարհն անցնում է եկեղեցապատկան հողերով:
Այսօր Սայդաբադում հայ չի ապրում: Ժամանակին այստեղ բնակվող Մաթևոս Կարապետյանի շուրջ լեգենդներ են հյուսվում գյուղում: Նա ունեցել է 20 զավակ և տիրապետել տիտանական ուժի: Ըստ տեղացիների պատմածի` երկար ժամանակ գյուղի տարածքում հայտնված վագրը անհանգստություն է պատճառել գյուղացիներին, իսկ քաջ Մաթևոսը մարտի է բռնվել գազանի հետ և երկու կես արել նրան:
Այս պատմությանը տեղյակ է Սայդաբադի յուրաքանչյուր բնակիչ: Մենք սրճում էինք իջևանատան պատշգամբում` լսելով հետաքրքիր պատմություններ եկեղեցու և ժամանակին այստեղ ապրած հայերի մասին, իսկ ճեմարանի սաները, ճաշից հետո, ուշադրություն չդարձնելով անձրևին` զբոսնում և նկարվում էին, բոլորս ուրախ էինք…:
Ժամանակն էր վերադառնալու, դեռ կար ետդարձի 6-ժամյա ճանապարհ: Ես վերադառնում էի` հուսալով, որ դեռ հնարավորություն կունենամ այցելելու Սայդաբադ, այս անգամ ավելի երկար ժամանակով:
Հերմինե Ադամյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել