
15 տարում 12 ընտանիքը վերականգնվող բնակավայրի համար ցածր ցուցանիշ է
Հայ-թուրք-վրացական սահմանից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող Եղնաջուր բնակավայրում արդեն 12 ընտանիք է ապրում: 17 տարի առաջ ադրբեջանցիների կողմից լքված բնակավայրը վերականգնելու ծրագիրը մշակել է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Այդ ծրագրով Եղնաջուրում բնակություն հաստատող յուրաքանչյուր ընտանիքի կազմակերպությունը տալիս է տուն, մեկ կով, հոգում 6 ամսվա ուտելիքի եւ էլէկտրաէներգիայի ծախսերը: Առաջին ընտանիքը Եղնաջուրում հաստատվել է 1993 թ.-ին: Մանկավարժների ընտանիք էր Երեւանից, որ համաձայնել էր սահմանամերձ բնակավայրում ապրել եւ աշխատել: Ներկայումս Եղնաջուրում ապրում են ընտանիքներ Գյումրիից, Աշտարակից, Թավշուտ եւ Բերդաշեն գյուղերից: «Ադրբեջանցիների կողմից լքված գյուղը հայերով բնակեցնելու ծրագիրը բավական դանդաղ է ընթանում, 15 տարում` 12 ընտանիք, որ մտածում ես` ցածր ցուցանիշ է,-նկատում է Գառնառիճի համայնքապետը,- բնակավայրը մեր հաշվեկշռում է, բնականաբար, մենք շահագրգռված ենք, որ նորմալ ընտանիքներով բնակեցվի, մենակ էն, որ սահման է, էդ էլ է հերիք, պատահական մարդիկ չենք ուզում լինեն, գուցե պատճառն էդ է, որ գործընթացը դանդաղ է, չենք հասկանում»: Որպեսզի Եղնաջուրը դառնա ինքնուրույն համայնք, առնվազն ընտանիքների թիվը պիտի լինի 13: Ու այդ բաղձալի թիվը 15 տարի է չի լրանում: Հնաբնակները պատմում են, որ այս տարիներին եղել են դեպքեր, երբ բնակեցման նպատակով Եղնաջուր եկած ընտանիքները մի 2-3 ամիս ապրելուց հետո չեն հարմարվել պայմաններին եւ թողել հեռացել են: «Սրանից մի քանի տարի առաջ երկու ընտանիք էր «Շենը» բերել, պարզվավ, որ դրանց տղամարդիկ մի երկու սրոկ նստած-ելած են,- պատմում է գյումրեցի Լյովա Խաչատրյանը, ով 10 տարի է ընտարիքով բնակություն է հաստատել Եղնաջուրում,-նոր մենք զգուշացրինք «Շենի» մարդկանց, թե` էս ում եք բերել հասցրել ըստեղ, Ամասիայի միլիցիան էլ չթողեց, նոր էդ երկու ընտանիքին հետ ուղարկեցին»: Գառնառիճի համայնքապետ Մանվել Ղազարյանն էլ այս առումով դժգոհություն հայտնեց, թե սովորաբար Եղնաջուրում բնակվող ընտանիքների մասին տեղեկանում են, երբ գրանցման հարց է լինում, երբեք որեւէ քննարկում համայնքապետի ու ավագանու մասնակցությամբ չի լինում, որ իրենք էլ իրենց կարծիքը հայտնեն կամ առաջարկներ անեն: Թեպետ հասկանում են, որ ծայր հյուսիսում, սահմանին այդքան մոտ, պայմաններ չունեցող վայրում բնակվելու համաձայնությունն արդեն իսկ հերոսություն է: «Որ ճիշտն ասեմ` շատ չենք ուզում խառնվել «Շենի» գործերին, ի վերջո, լավ բան է արվում»,- ասածի տպավորությունը մեղմելու համար ավելացնում է Գառնառիճի գյուղապետը: Եղնաջուրը մարզկենտրոն Գյումրիից հեռու է 60 կմ: Ամասիայից Եղնաջուր 25 կմ անբարեկարգ ճանապարհ է, որը հաղթահարելու համար մեկ ժամ ժամանակ է հարկավոր: «Ուրախացել էինք, որ հազարամյակի ծրագրով ճանապարհները նորոգելու էին, էն էլ չեղավ,- դժգոհում է աշտարակցի Արարատ Աբգարյանը, ով Եղնաջուր է տեղափոխվել 1999 թ.-ին,- մարդիկ մի ժամում Աշտարակ են հասնում, բայց մինչեւ Եղնաջուր 25 կմ-ը փոշի կուլ տալով, փոսերն ընկնել-ելնելով` մի ժամում հազիվ են անցնում»: 2009 թ.-ի օգոստոսի 23-ին` մեկ տարի առաջ, Բերդաշենից Եղնաջուր տեղափոխված Ռուդիկ Ախցխեցյանին հատկացրած տունը հրդեհվել էր: Բնակիչները ահազանգել էին Ամասիայի Հրշեջ ծառայություն, որտեղից հրահանգ էին ստացել, թե` մի բան արեք, մինչեւ տեղ հասնենք:
«Էհ, մինչեւ ժամըմ հետո էկան, սաղ տունը վառավ-իջավ,- պատմում է գյումրեցի Գարիկը,- կռիշը խոտ էր լցած, վրեն հող չկար, հոսանքալարերից կարճ միացում էր եղել, մեկից կպել էր: Չոր խոտ, հետն էլ` ուժեղ քամի, կողքը կանգնած հեչ բան չկրցանք էնեինք: Մե ժամըմ հետո պաժառնին մինչեւ եկավ, էլ մարելու բան չկար, ինչ կար-չկար` վառել էր, մենակ մուխ կելներ»: Կատարվածի մասին տեղյակ էին պահել «Շենի» գրասենյակ: Ներկայացուցիչներն էլ եկել-նայել էին, ասել էին` մինչեւ 2010 թ.-ի մայիս ամիսը տունը կնորոգենք, մնացած բնակիչներին էլ թղթեր են ստորագրել տվել, որ եթե որեւէ մեկի տանը հրդեհ բռնկվի, ապա «Շենը» դրա համար պատասխանատվություն չի կրելու:
Ռուդիկ Ախցխեցյանն իր 5 անձից բաղկացած ընտանիքով, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հայրական տուն` Բերդաշեն գյուղ, մինչեւ իրեն հատկացված տան նորոգումն ավարտվի: Եղնաջուրում ընդամենը 3 նորակառույց տուն կա, բնակավայրի մուտքի մոտ, մնացած տները հին են եւ նախկինում պատկանել են ադրբեջանցիներին: Եղնաջուրում բնակվողները փորձում են ամեն կերպ հարմարվել թե' բնակլիմայական խիստ պայմաններին, թե' տարրական թվացող, բայց խիստ անհրաժեշտ բաների բացակայությանը, ասենք, օրինակ, բուժկետի, որի ծառայություններից օգտվելու համար պիտի հասնեն 3 կմ հեռավորության վրա գտնվող Գառնառիճ: Եղնաջուրցիները, հնաբնակ, թե նորաբնակ, աշխատում են կույր աղու կամ այլ վիրահատական միջամտություն պահանջող օրգանի հանկարծակի նոպա չունենալ: Դժվար է ասել, թե ինչ կպատահի հիվանդի հետ 25 կմ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածն անցնելու ընթացքում: «Մեր հույսն էլ էկոլոգիապես մաքուր ուտելիքն է, որ օգտագործում ենք, մեկ էլ առավոտից իրիկուն մեծ ու փոքրով մաքուր օդին գործ անելը,- կատակում են եղնաջուրցիները,- թե չէ` վայն էկավ տարավ էն մարդուն, ով ռիսկ արեց ձմեռվա կեսին հիվանդացավ»: Թավշուտցի Վահագն Մուրադյանը 10 տարի է Եղնաջուրում է: «Շեն»-ը մի կով էր հատկացրել, հիմա դրանք 7-ն են, բայց Վահագի ընտանիքի վիճակը դրանից չի լավացել, արոտավայրի ու խոտհարքի պակաս ունի: «Պահած բան չէ, ա'յ քուր ջան, էս կողմերն ապրելու համար պիտի անասնապահությամբ զբաղվես,- պարզաբանում է նախկին թավշուտցին,- ինձի 5 հա խոտհարք ու արոտավայր են տվել վարձակալությամբ, հիմի որ անասուններս շատացել են, ստիպված գնում եմ հարեւան գյուղ, մեկի հետ կիսողանց քաղն անում եմ, որ անասունս ձմեռը սոված չմնա: Փաստորեն, հենց կովերիս թիվը հասավ 15-ի, պիտի թողնեմ գնամ»: Քանի որ Եղնաջուրը Գառնառիճի ենթակայության տակ է, հողերի հատկացումն էլ անում է Գառնառիճի համայնքապետարանը: «Պահուստային ֆոնդի հողերից 2 հազար հեկտարը մենակ Եղնաջուրի տարածքում է, իմ հաշվարկով` ես կարող եմ մի 10 ընտանիքի էլ 5 հա հասանելիքի չափով հող տալ,- թվերի լեզվով ներկայացնում է Գառնառիճի համայնքապետը,- էնպես որ, էդ առումով խոչընդոտներ չեն լինի նոր եկողների համար, ուրիշ հարց է, թե ում ինչ կատեգորիայի հող բաժին կհասնի»: Եղնաջուրում բնակվելու ամենաառաջին նախապայմաններից մեկն էլ ընտանիքում երեխաների առկայությունն է, որպեսզի, ի վերջո, դպրոցն էլ գործի:
Անցյալ տարի 3 աշակերտի համար Գառնառիճի դպրոցից մի ուսուցչուհի էր գալիս: Այս տարի երեւի էդ էլ չլինի, քանի որ վառված տան բնակիչներն իրենց երեխաների հետ մինչեւ գարուն կբացակայեն Եղնաջուրից, գյումրեցի ընտանիքն էլ երեխաներին տարել է հարազատների տուն, որ Գյումրիում դպրոց գնան:
Այս տարի բնակավայրի վերականգնմամբ զբաղվող կազմակերպությունը որոշել է պայմանագիր կնքել բնակիչների հետ: Պայմանագրով ընտանիքները տան առք ու վաճառք կարող են կատարել միայն ժամկետը լրանալուց հետո: Բացի այդ, եթե որեւէ ընտանիք որոշի խզել պայմանագիրն ու հեռանալ, ապա պարտավոր է վերադարձնել այն ամենը, ինչ կազմակերպությունը ծախսել է տվյալ ընտանիքի վրա: Մարդիկ իրավունք չեն ունենա քանդել-տանել անգամ սեփական միջոցներով կառուցածը: Գուցե այս կերպ հնարավոր դառնա բնակավայրի կայուն վերականգնումը:
Մեկնաբանել