HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տաքսու վարորդը զբոսաշրջիկից 275 եվրո է վերցրել` օդանավակայանից Սեւան տանելու համար

Ֆրանսիական Գրենոբլ եւ Սեւան քաղաքների միջեւ 2004 թ. ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որով ֆրանսիական եւ հայկական քաղաքները դարձել են քույր քաղաքներ: Գրենոբլի քաղաքապետի նախաձեռնությամբ` Սեւանում ստեղծվել է «Սեւան-Գրենոբլ համագործակցության տունը»: Այն ստեղծվել է զբոսաշրջիկներին խորհրդատվություն տալու եւ ուղղորդելու նպատակով: 07_09-LusineՄեզ հետ զրույցում «Սեւան-Գրենոբլ համագործակցության տան» պատասխանատու Լուսինե Սմբատյանն ասաց, որ անցյալ տարի հունիսից մինչեւ հոկտեմբեր իրենց կենտրոն է այցելել 46 զբոսաշրջիկ: Այս տարի փետրվարից են զբոսաշրջիկներ ունեցել, եւ օգոստոսի վերջին կենտրոն այցելած զբոսաշրջիկների թիվն անցնում է 50-ը: Անցյալ տարի կենտրոն այցելած զբոսաշրջիկների թվում գերակշռել են ֆրանսիացիները, իսկ այս տարի այցելուներ են ունեցել Պերուից, Իսպանիայից, Ուկրաինայից: Գերակշռում են Լեհաստանից, Իտալիայից, Ռուսաստանից ժամանածները: «Թվերը քիչ են, որովհետեւ մեր կենտրոնը շատերին դեռ հայտնի չէ: Հիմա տեղադրել ենք ուղեցույց-վահանակ` Երեւան-Սեւան մայրուղու հարեւանությամբ: Այդ ցուցանակը շատ է օգնում զբոսաշրջիկներին, որ գտնեն մեր կենտրոնը: Մեզ այցելող զբոսաշրջիկների փոքր թիվը պայմանավորված է նաեւ նրանով, որ Երեւանում կան զբոսաշրջային գործակալություններ, որոնք զբոսարջիկին փաթեթներ են առաջարկում: Զբոսաշրջիկն էլ այսօր նախընտրում է գալ կոնկրետ որոշված վայրը եւ կազմակերպել իր հանգիստն ու նախօրոք ունենալ օրակարգը: Մեզ դիմում են հիմնականում արկած փնտրող զբոսաշրջիկները, որոնք եկել են ինչ-որ բան գտնելու: Այցելողներն էլ կա'մ մենակ են գալիս, կա'մ էլ` իրենց զույգի հետ»,-ասաց Լուսինե Սմբատյանը: 07_09-DavidԿենտրոնի զբոսաշրջության մասնագետ Դավիթ Թորոսյանն էլ ասաց, որ իրենց կենտրոն այցելող զբոսաշրջիկները հիմնականում ֆինանսապես չապահովված մարդիկ են: «Կա'մ թոշակառուներ են, կա'մ էլ` զույգեր, որոնք գումար են կուտակել եւ ցանկանում են արտասահման գնալ եւ տեսնել ամեն ինչ: Մի քանի օր առաջ մեզ մոտ մի չինացի աղջիկ էր եկել: Նա մեկ օրվա համար նախատեսել էր ընդամենը 8 հազար դրամ: 3 հազար դրամն արդեն ծախսել էր եւ 5 հազար դրամով ուզում էր գիշերը մնալ Սեւանում: Քանի որ Սեւանում 5 հազար դրամով հնարավոր չէ մնալ, այլ պետք է առնվազն դրա եռակին, ստիպված ծանոթների միջոցով չինուհուն տեղավորեցինք, որպեսզի փողոցում չմնա»,- պատմեց Դավիթը: Սեւան այցելած զբոսաշրջիկները խնդիր են ունենում հատկապես լեզվի հարցում եւ չեն կարողանում ազատ շփվել ու տեղաշարժվել: «Եթե զբոսաշրջիկը նույնիսկ փորձի ինքնուրույն բան գտնել, բավականին դժվար կլինի, որովհետեւ օտար լեզու իմացողները շատ քիչ են: Սեւանում անգլախոսները բավականին քիչ են, իսկ ֆրանսախոս ընդհանրապես չկա: Նույնը կարող եմ ասել նաեւ ափամերձ սպասարկման գոտու մասին: Բացառություն են կազմում 1-2 լավ հյուրանոցները, որտեղ կան մասնագետներ: Կարծում եմ` լեզու չիմանալը խոչընդոտ է երկրում զբոսաշրջության զարգացմանը»,- ավելացրեց Լուսինեն: Նրա ասելով` մեր երկիր ժամանող զբոսաշրջիկը նախօրոք ուղեցույցներով կողմնորոշվում է, թե որ վայրում ինչ տեսարժան վայրեր կան: Սեւան քաղաքում ոչ մի ուղեցույց չկա` բացի վահանակից, որ սա Սեւան քաղաքն է: «Ոչ միայն Սեւանում, այլ ամբողջ Հայաստանում է դժվար կողմնորոշվել: Ճիշտ է, զբոսաշրջիկներն իրենց երկրներից իրենց հետ բերում են ուղեցույցներ, որը չկա Հայաստանում, բայց ամեն դեպքում, էլի դժվարությունների են հանդիպում: Բավականին դժվարություններ են առաջանում հատկապես տաքսիների հետ: Եթե Սեւան ժամանած զբոսաշրջիկը մեր գրասենյակի միջոցով տաքսի չվերցնի, հաստատ գնի մեջ կխաբեն, նույնիսկ եռակի անգամ թանկ կվերցնեն»,- ասաց Լուսինեն: Դավիթ Թորոսյանն էլ պատմեց, թե ինչպես է տաքսու վարորդը խաբել Էստոնիայից ժամանած զբոսաշրջիկին. Զվարթնոց օդանավակայանից մինչեւ Սեւան քաղաք, որը մոտ 60 կիլոմետր է, զբոսաշրջիկից 275 եվրո էր վերցրել: «Իմանալով մեր կենտրոնի մասին` զբոսաշրջիկը դիմեց մեզ: Փորձեցինք գտնել տաքսու վարորդին, բայց նա ոչ ավտոմեքենայի պետհամարանիշն էր հիշում, ոչ էլ վարորդին էր ճանաչում: Միայն գիտեր, որ ավտոմեքենան դեղին գույնի է, այդպես էլ չկարողացանք գտնել»,- ասաց Դավիթը: Այժմ կենտրոնը համագործակցում է Սեւան քաղաքի մի քանի տաքսիների հետ, որպեսզի զբոսաշրջիկները հնարավորինս պաշտպանված լինեն տաքսու վարորդներից: Քանի որ Սեւանում օտար լեզվով խոսողներն այնքան էլ շատ չեն, հաճախ տաքսու վարորդներն իրենց դիմած զբոսաշրջիկի հետ գալիս են կենտրոն, որպեսզի կենտրոնի մասնագետները վարորդի համար թարգմանեն, թե զբոսաշրջիկն ուր է ցանկանում գնալ: Կոլումբիացի Խավիեր Գարսիան, իսպանացի Էդուարդո Բելաստրիերին եւ արգենտինացի Գուստավո Բասքարը նույնպես դժգոհում էին տաքսու վարորդների մեքենայություններից: Աբովյան փողոցից Գարեգին Նժդեհի հրապարակ հասնելու համար մի անգամ Խավիերից տաքսու վարորդը վերցրել է 5000 դրամ: Դրանից հետո կոլումբիացի զբոսաշրջիկն ինչ-որ տեղ տաքսով գնալու համար ստիպված է եղել ամեն անգամ զանգահարել իր հայ ընկերներին, որպեսզի համոզված լինի, որ քաղաքի մի ծայրից մյուսն անցնելու համար վարորդն իրեն չի խաբի եւ մի քանի անգամ շատ գումար չի վերցնի: m-apresyan_5.09.09Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, անդրադառնալով տաքսու վարորդ-զբոսաշրջիկ փոխհարաբերություններին, ասաց, որ համագործակցում են Զվարթնոց օդանավակայանի հետ, եւ այնտեղ կայանում են հիմնականում լիցենզավորված տաքսիներ: «Իհարկե, չեմ կարող բացառել, որ օդանավակայանում լինեն նաեւ մասնավոր տաքսիներ, որոնք կհանդիպեն զբոսաշրջիկներին: Ցավալի է, բայց ամբողջ աշխարհում այդպիսի բաների հանդիպում ենք: Նույնիսկ զարգացած երկրներում կան «հնարամիտ» տաքսու վարորդներ, որոնք փորձում են զբոսաշրջիկի անտեղյակությունից օգտվել եւ ավելի շատ գումար կորզել: Բայց մեզ մոտ տաքսիների բավականին մեծ մրցակցություն կա, նրանք էլ լիցենզավորվում են, եւ պրակտիկորեն նվազագույնի է հասցված խաբելու հնարավորությունը: Բայց որ խնդիրը կա` փաստ է: Կարծում եմ` իրավասու մարմինները եւ մենք բոլորս ավելի ուշադիր պետք է լինենք»,- պատասխանեց Մեխակ Ապրեսյանը: Պարոն Ապրեսյանը պատմեց նաեւ, թե Աթենքում ինչպես է իրեն խաբել տաքսու վարորդը, ու եթե Հայաստան ժամանած էստոնացուն չի հաջողվել գտնել խաբեբա վարորդին, ապա Մեխակ Ապրեսյանը կարողացել է 3 օրվա ընթացքում գտնել իրեն խաբած վարորդին: «Աթենքի օդանավակայանից նստեցի տաքսի: 2 հոգով էինք, ու տաքսու գումարը կազմեց 20 եվրո, բայց վարորդն ասաց, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է տա 20 եվրո: Քանի որ Աթենքի տաքսիներին ծանոթ չէի, տվեցի այդ 20 եվրոն: Հետո միայն պարզվեց, որ տաքսու վարորդը խաբել է: Երրորդ օրը հենց օդանավակայանում բռնեցի այդ տաքսու վարորդին եւ ետ վերցրի գումարս»,- պատմեց Մ. Ապրեսյանը: Նա համաձայն չէր, որ Հայաստանում զբոսաշրջիկները դժվարանում են ճանապարհների հարցում կողմնորոշվել, քանի որ կողմնորոշիչ ցուցանակներ են տեղադրված: «Ճիշտ է, ցուցանակները թարմացնելու, նորացնելու եւ ավելի գրավիչ դարձնելու խնդիր կա, բայց եղածն էլ բավարար է, որպեսզի զբոսաշրջիկը կողմնորոշվի»,-ավելացրեց Մեխակ Ապրեսյանը: Դավիթ Թորոսյանի փոխանցմամբ` երբ «Սեւան-Գրենոբլ համագործակցության տունը» նոր էր բացվել, շատ էին գալիս ֆրանսիացի զբոսաշրջիկներ` հետաքրքրություն գտնելու եւ հին պատմամշակութային արժեքներ տեսնելու համար: Քանի որ Սեւանն ու Գրենոբլը քույր քաղաքներ են, շատերն էլ գալիս էին պարզապես Սեւան քաղաքին ծանոթանալու համար: «Այդ ամենը տեւեց ընդամենը 1.5 տարի: Այժմ Սեւանը դարձել է ավելի շատ տրանզիտ քաղաք: Եթե մի քանի տարի առաջ զբոսաշրջիկը մնում էր Սեւան քաղաքում եւ իր համար հետաքրքրություններ էր փնտրում, հիմա գալիս են միայն Սեւանը տեսնելու համար: Լավագույն դեպքում, կարող է մեկ օր մնան, քանի որ հյուրանոցները շատ թանկ են: Հետո ուղղություն են վերցնում կա'մ Դիլիջան, կա'մ Նոյեմբերյան, որից հետո էլ գնում են Վրաստան: Չգիտեմ` դա ճգնաժամի հետ է կապված, թե մարդկանց ապրելակերպն է վատացել: Զբոսաշրջիկներից շատերի նպատակը գալն ու Անդրկովկասը տեսնելն է: Կոնկրետ Սեւան քաղաքի մասին ոչ ոք չգիտի: Չգիտեն, որ կա Սեւանա լիճ: Իջնում են Հայաստան եւ տեղում նոր են որոշում, թե ուր կարելի է գնալ»,- ասում է Դավիթը: Մասնագետի ասելով` նույնիսկ հայաստանցիները չգիտեն, որ Սեւանա լճից բացի կա նաեւ նույնանուն քաղաք: Ըստ Դավիթի` այս ամենի պատճառն այն է, որ զբոսաշրջային կենտրոնները չեն գովազդվում եւ այդ առումով լուրջ աշխատանքներ չեն տարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter