HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Հասարակության իմունային համակարգի թուլացման մեխանիկան

Հայ-թուրքական հաշտեցման օգոստոսյան երկու հայտնի արձանագրությունների և հարաբերությունների կարգավորման ժամանակացույցի հրապարակումը հստակորեն բացահայտեցին մի պարզ իրողություն. Հայաստանի հասարակությունն ընդհանրապես պատրաստ չէ հարևան երկրի հետ հաստատված հարաբերություններից դրական, թե բացասական որևէ շեղման:

Արձանագրությունների նախաստորագրման հնաարավոր հետևանքների վերաբերյալ դիրքորոշումները հանգում էին փոխբացառող ծայրահեղությունների. մի կողմից` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ սահմանների բացումը փրկություն է Հայաստանի համար, և այս տեսակետից «ֆուտբոլային դիվանագիտությունը» միարժեքորեն արդարացված էր, մյուս կողմից՝ հասարակության մի հատվածի համար դա ազգային դավաճանություն է՝ նեղ անձնական կամ խմբակային լեգիտիմության ապահովման դիմաց «Հայող Ցեղասպանության ուրացման», «Ղարաբաղը հանձնելու» դիմաց: Դժվար է երևակայել անգամ, որ պրագմատիկ ու շահեկան որոշում կայացնելու համար հույսը հասարակական քննարկումների արդյունքների վրա դրած որևէ իշխանություն կարող է ընդհանրացումներ կատարել այն ամենից, ինչ տեղի է ունենում Հայաստանում այդ երկու արձանագրությունների հրապարկման ֆոնին: Եվ այս իրավիճակը հայաստանյան իրողությունների պայմաններում ոչ միայն անսպասելի չէր, այլև շատ բնական ու օրինաչափ երևույթ էր: Փորձենք անդրադառնալ դրան նպաստող երկու հանգամանքների:

1. Պետությունը բացարձակապես ոչինչ չէր ձեռնարկել հասարակությանը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր «ձնհալին» նախապատրաստելու համար: Դա բխում է այն փաստից, որ Հայաստանը չունի և անցած 18 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ հստակ հայեցակարգային, ռազմավարական մոտեցում, քաղաքական ուղեգիծ մշակել այդ պետության հետ որևէ մակարդակով, որևէ ձևաչափով, որևէ նպատակադրմամբ հարաբերություններ կառուցելու, զարգացնելու, այդ համատեքստում ներհասարակական տագնապներն ու սպասելիքները բանաձևելու վերաբերյալ: Մինչև հիմա որևէ մեկը չի տվել առաջին մի քանի հարցերի պատասխանները, առանց որոնց ուղղակի անիմաստ էր այդպիսի շրջադարձային գործընթացներ նախաձեռնել: Օրինակ՝ պե՞տք է, արդյոք, Հայաստանին Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և ունենալ բաց սահմաններ, ի՞նչ են տալու այդ հարաբերությունները Հայաստանին՝ թեկուզ միայն չկարգավորված ԼՂ հիմնահարցի առկայության պայմաններում, որո՞նք են այն մարտահրավերները, քաղաքական, դիվանագիտական ու քարոզչական այն ծուղակները, որոնք կարող են լարվել Հայաստանի համար այդպիսի հարաբերություններ կառուցելու նախաձեռնության դեպքում, ի՞նչ լծակներ, գործիքներ ունի Հայաստանը` դիմագրավելու այդ հնարավոր հզոր ճնշումներին ու մարտահրավերներին, ի՞նչ կարգավիճակ ու դեր է վերապահվելու հայկական սփյուռքին այդ հարաբերությունների համատեքստում, արդյո՞ք համահայկական պահանջներն ու ակնկալիքները Թուրքիայից պետք է զոհաբերել «պայծառ ապագայի» տեսլականին, որքանո՞վ է իրական կամ ուտոպիական այդպիսի տեսլականն ընդհանրապես: Հայաստանի իշխանությունները երեք նախագահների օրոք էլ այդպիսի հայեցակարգային մոտեցման բացակայության պատճառով բոլորովին տարբեր վարքագծեր են դրսևորել թուրքական հարցի կապակցությամբ: Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակազմը փորձում էր թուրքական գործոնն ուժեղացնելու միջոցով հավասարակշռել տարածաշրջանում Ռուսաստանի աճող ազդեցությունը: Թուրքական կոմունիկացիոն ռեսուրսներին առավելություն տալով՝ ՀՀՇ իշխանությունը, ըստ էության, անտեսում էր ներհասարակական ուժեղ դիմակայությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Եվ այս համատեքստում վարվում էր ազգային խնդիրները բացարձակապես կոնսերվացված վիճակում պահելու անթաքույց քաղաքականություն: Ռոբերտ Քոչարյանը որդեգրեց տրամագծորեն հակառակ քաղաքական ուղեգիծը. ընդհանրապես փակել թուրքական թեման՝ հարաբերություններ կարգավորելու համար առաջադրելով Ցեղասպանության ճանաչման նախապայմանը, որը, սակայն, արվում էր ոչ պաշտոնական մակարդակով, այսպես կոչված երկրորդ-երրորդ ձեռքի միջոցով: Հենց այս քաղաքականության արդյունքում նոր, աննախադեպ թափ ստացավ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որն էլ իր հերթին հնարավորություն չէր տալիս Թուրքիային ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել` Հարավային Կովկաս և մասնավորապես ԼՂ հիմնահարց ներթափանցելու ուղղությամբ: Արդյունքում ԼՂ գործընթացը միջազգային հանրության գիտակցության մեջ ընկալվում էր որպես առանձին գործոն, իսկ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում սահմանափակվում էր միայն էներգետիկ նախագծերին մասնակցությամբ: Սակայն այդ քաղաքականության հիմնական արդյունքը եղավ նաև Հայաստանի անխուսափելի քաղաքական մեկուսացումը:

Հենց այս մեկուսացումը թոթափելու խնդիր առաջադրեց Սերժ Սարգսյանը՝ իր պաշտոնավարման մեկնարկին գրեթե զուգընթաց նախաձեռնելով «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Այն տերպետրոսյանական և քոչարյանական ուղեգծերի միջև լողալու ուրույն փորձ էր, սակայն բացարձակապես չհաշվարկված հետևանքներով: Արդյունքում տարածաշրջանային անխտիր բոլոր հիմնախնդիրները միջազգային հանրությունը սկսեց ընկալել մեկ փաթեթի մեջ՝ բոլորը բոլորով փոխպայմանավորելով: Եվ սկսվեց իմիտացիաների մրցավազք: Թուրքիան ձևացնում է, թե շահագրգռված է Հայաստանի հետ հարաբեությունների կարգավորմամբ, Հայաստանը ձևացնում է, թե չի ընդունում հարաբերությունների կարգավորումը միայն «ԼՂ հիմնահարցի լուծումից հետո» Անկարայի նախապայմանը, Ադրբեջանը ձևացնում է, թե նեղացած է Թուրքիայի դավաճանական կեցվածքից, ԱՄՆ-ն և Արևմուտքը ձևացնում են, թե հավատում են այդ հարաբերությունների կարգավորման հարցում երկու կողմերի անկեղծ շահագրգռությանը, իսկ Ռուսաստանը փորձում է գլուխ հանել այս «աջաբսանդալից»: Իսկ իրականում հաշտեցման որևէ գործընթաց տեղի չի ունենում, որովհետև նման փոփոխություն տեղի չի ունենում երկու հարևան հասարակությունների հավաքական գիտակցության մեջ, որը հարաբերությունների կարգավորման առաջին, կարևորագույն նախապայմանն է: Երկու հասարակություններն էլ տառապում են ծայրահեղ լիբերալների ու ծայրահեղ ազգայնականների «գերհայրենասիրությունից»: Բայց, ի տարբերություն մեզ, թուրքերը գոնե գիտեն, թե հանուն ինչի են ծառայեցնում հավասարապես բոլոր քաղաքական հոսանքներն ու գաղափարները:

2. Հայաստանի հանրության համար «շոկային թերապիա» էր ոչ այնքան զույգ արձանագրությունների ու ժամանակացույցի հրապարակման փաստը, որոնցում ով ասես, ինչ ասես կարող է գտնել ու բացառել իր մոտեցումները հիմնավորելու համար, որքան դրանց հրապարակման ձևը, որն արդեն ստացել է «գիշերային դիվանագիտություն» խոսուն անվանումը: Ըստ էության, սա երկրորդ դեպքն էր, երբ Հայաստանի համար կարևորագույն որևէ փաստաթղթի ստորագրման մասին պաշտոնապես հայտարարվում է ուշ երեկոյան կամ գիշերը: Սակայն անգամ օրվա պահի ընտրությունը չէ գլխավորը, այլ փաստաթղթերի ստորագրման փաստի մասին ծանուցման անակնկալությունը:

Փաստացի, Հայաստանը երկու անգամ գիշերեց մեկ իրականության մեջ և արթնացավ բոլորովին այլ իրականությունում: Այնպիսի մի իրականությունում, որը որևէ մեկի կողմից երշախավորված անվտանգություն չէր ենթադրում: 3. Բնական է, որ նման եղանակով հարաբերությունների կարգավորումն ինքնին արդեն խնդրահարույց էր: Մի կողմից դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը բավականաչափ «ինտեգրված» չէ իր հասարակությանը՝ հրապարակային մակարդակով գործընթացները տանելու համար, մյուս կողմից դա մեծացնում է մտավախությունը, որ նման գործելաոճը թելադրված է դրսից, այսինքն` Հայաստանի նկատմամբ արտաքին ուժեղ ճնշման արտահայտություն է:

Եթե ապրիլյան հայտնի եռակողմ հայտարարության անակնկալ հրապարակումը հանրությունը փորձեց ընունել որպես դիվանագիտական խորամանկության արտահայտություն, ապա օգոստոսյան արձանագրությունների հրապարակումից հետո հասկացավ, որ դա Հայաստանի, ավելի ճիշտ հենց իր՝ հասարակության հետ նոր, ստորացուցիչ ձևով հարաբերվելու, փաստի առաջ կանգնեցնելու միտումներ ունի:

Հիմա արդեն որևէ մեկին իշխանությունը չի կարողանալու համոզել, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հնարավոր են նման «անակնկալներ», նույնը չի կարող տեղի ունենալ ցանկացած այլ հարցում և մասնավորապես Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված:

Այս մտավախությունն է, որ մեծացնում է ներհասարակական լարվածությունն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք առաջիկայում Քիշնևում Սարգսյան-Ալիև հերթական բանակցությունների արդյունքում չի ստորագրվի որևէ փաստաթուղթ, որի մասին մի գիշեր կարող է հերթական մամլո հաղորդագրությունը հրապարակվել ու Հայաստանը հայտնվի բացարձակապես այլ իրականության մեջ: Առավելևս, երբ Թուրքիան շարունակում է իր քարոզչական ու դիվանագիտական գրոհն առ այն, որ առանց Ղարաբաղյան հարցի կարգավորման հայ-թուրքական սահմանների բացում հնարավոր չէ:

Նման անվստահությունը, որքան էլ վերաբերի հայ-թուրքական հարաբերություններին, մեծ հաշվով խորացնում է իշխանություն-հասարակություն անջրպետը և քաղաքական նոր լարվածության ու անկայունության ռիսկեր ստեղծում, իսկ դա չի կարող չթուլացնել երկրի դիմադրողական, իմունիտետային համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter