HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացիները պատմում են իրենց խնդիրների մասին, իսկ մարզպետը` ձեռք բերված պայմանավորվածությունների

tr_8.09.09Այս տարի Արմավիրի մարզում պոմիդորի լուրջ «դեֆիցիտ» կա: Եթե նախորդ տարի պոմիդոր մթերող գործարանները կիլոգրամի համար գյուղացիներին վճարում էին 25 դրամ, այս տարի արդեն 50 դրամով են մթերում, իսկ վարունգը սկսել են մթերել 150 դրամով: Նման գներով գործարանները երբեւէ գյուղացուց ապրանք չէին ընդունել: Սակայն, գյուղացիները դրանից էլ են դժգոհ, քանի որ շուկայում պոմիդորի գինը 3-4 անգամ ավելի թանկ է: Հովտամեջ գյուղի բնակիչ Վարդանին ավելի շատ մտահոգում էր ոչ թե շուկայում թանկ գներով վաճառվող պոմիդորի գինը, այլ նախկինում ունեցած «դառը» փորձը: Նրա ասելով, գործարաններին չի վստահում եւ եթե վնասներ էլ կրի, միեւնույն է` չի տանի ու գործարաններին պոմիդոր չի հանձնի: «Նախորդ տարի մենք էինք իրանց ոտներն ընկնում, որ պոմիդորը վերցնեին: Ժամերով պոմիդորի գռուզը բարձած գործարանների պատերի տակ կանգնում էինք: Պոմիդորի ջրերը գնում էին, բայց մեզ շան տեղ դրող չկար: Հիմա թող գործարանի տերերը գան ընկնեն իմ ոտքերը, որ իրենց պոմիդոր ծախեմ»,-ասաց Վարդանը: Ամբերդցի Սամվել պապն էլ նույն կարծիքին էր: Նա կոչ էր անում գյուղացիներին «կոալիցիա» կազմել եւ գործարարներին «պռեսի տակ պահեն»: «Այ ցավդ տանեմ, տո գիտես դրանք ինչ տիպն են: Գյուղացու բերքն էժան առնում են կիսաեփ լցնում են բանկեքը, թանկ ու կրակ ծախում են մեր վրեն: Դրանց սիրուն բառերին մի հավատա, սաղ էլ ստախոսներ են»,-զայրացած ասաց Սամվել Կիրակոսյանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս տարի պայմանագիր է ստորագրել «Ստավրոպոլ Ֆրուտ» ռուսական ընկերության հետ` 3000 տոննա սեղանի սորտի խաղողի եւ 1000 տոննա դեղձի արտահանման համար: Արդեն 200 տոննայից ավել դեղձ արտահանվել է եւ արտահանումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի վերջ: «Հիմա այլ ուղղությամբ էլ ենք մտածում: Անհրաժեշտ անկետային փաստաթղթերը լրացրել եւ ուղարկել ենք Մոսկվա` «Աշան» առեւտրային կազմակերպության հետ պայմանագիր կնքելու նպատակով, եւ սպասում ենք նրանց պատասխանին: Ընկերության ներկայացուցիչն արդեն Հայաստոնում է: «Աշանը» միայն 12 խոշոր գիգամարկետներ ունի Մոսկվա քաղաքում, որտեղ օրվա նվազագույն առեւտուրը 3 միլիոն դրամ է: Եթե իրենց հետ պայմանագիր կնքենք, համոզված եմ, որ ոչ միայն մեր մարզը, այլ հանրապետության գյուղմթերքներ արտադրող շատ ֆերմերներ ու գյուղացիներ իրացման խնդիրներ չեն ունենա»,-ավելացրեց մարզպետը: marzpet_8.09.09Մարզպետ Ղահրամանյանը պատմեց նաեւ Իրանի իսլամական հանրապետության Արեւմտյան Ատրպատականի նահանգապետի հրավերով վերջերս նահանգի Ուրմիա քաղաք կատարած մարզպետարանի պատվիրակության ու իրանական կողմի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Պատվիրակությունը ծանոթացել է նահանգի արդյունաբերական ներուժին, եղել է մի շարք գործարաններում` մինի տրակտորների արտադրության, համակցված կերերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների գործարաններում, ջերմոցային տնտեսություններում եւ այլն: «Մինչ այդ ունեցած իմ պատկերացումները գերազանցեցին: Ես չէի պատկերացնում, որ այդ նահանգն այդպիսի արդյունաբերական ներուժ ունի: 2 ժամի չափ նահանգապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ, համապատասխան հուշագիր ենք ստորագրել` տնտեսական, մշակութային, սպորտային ոլորտներում համագործակցելու համար:  Պլանավորվել է, որ այս տարվա ընթացքում մինի տրակտորների հավաքման արտադրամասը կգործի Արմավիրի մարզում: Այդ տրակտորն իր հետ ունի 12 աշխատանքային գործիքներ: Համոզված եմ, որ մինչեւ հոկտեմբերի վերջը գործարանը կաշխատի»,-ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախատեսվում է Արմավիրում հավաքել  տարեկան 100-120 տրակտոր: Սպառումը լինելու է ազատ: Մարզպետի ասելով, քայլեր են մտածում, որ բանկային համակարգի միջոցով տրակտորները գյուղացիներին տրամադրվեն լիզինգով` 3-5 տարի մարման ժամկետով: Գյուղացին 3-5 տարվա ընթացքում վճարելու է ոչ թե տրակտորի գինը գումարով, այլ վճարումը կատարելու է գյուղատնտեսական մթերքով: Տրակտորն արժենալու է 9500-10 000 ԱՄՆ դոլար, իսկ կից աշխատանքային գործիքներից յուրաքանչյուրը կլինի 500-1000 դոլարի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter