Պատասխանատվությունից թռնելու ժամանակը
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքում անցած շաբաթ հրապարկվել էր մի հոդված` նվիրված Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններին:
«Իրերը իրենց անունով կոչենք» հրապարակման մեջ պարունակվում էին մեղմ ձևակեպումներ, սակայն իրականում այն ՀՀ արտաքին քաղաքականության ներկայիս իրավիճակը «սիվիլ» քննադատելու փորձ էր:

Երեկ Վարդան Օսկանյանն այս թեմայով հանդես է եկել ևս մեկ հրապարակմամբ: «Սխալվելն աններելի է» հոդվածում նա իր մտահոգությունն է արտահայտել այդ արձանագարությունների առնչությամբ` ինչպես Ցեղասպանության ճանաչման և տարածքային պահանջներ ներկայացանելու հնարավորության բացառման, այնպես էլ ԼՂ-ի հարցի ոչ հայանպաստ կարգավորման տեսանկյուններից:
Օսկանյանի` թեկուզ մեղմ ձևակերպումներով քննադատությունը հիմնականում արդարացի է, եթե մի պահ մոռանանք, թե ով է այդ մասին խոսում: Սակայն տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան նրա ասածի բովանդակությունն է, որքան դրդապատճառը:
Իրականում այս հրապարկումները կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը և «մեսիջը», որ ինքը, մեղմ ասած, դեմ չէ «այս հողի» վրա քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը:
Պատահական չէ, որ տասը տարի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Օսկանյանն «Իրերն իրենց անունով կոչեց» և «Սխալվելն աններելի» համարեց արձանագրությունների հրապարակումից գրեթե մեկ շաբաթ անց միայն` այն բանից հետո, երբ Ռ. Քոչարյանը հայտարարեց, թե հնարավոր չէ հեռանալ քաղաքականությունից:
Այնպես որ, արդեն կարծես սկսել է աշխատել վերադարձի սցենարը, որի մասին քաղաքական շրջանակներում խոսում էին վերջին շրջանում:
ԱԱԾ նոր պետ
Ինչպես փոխանցում են նախագահի նստավայրի մեր աղբյուրները, այս օրերին նախագահականում քննարկվում է ՊՊԾ պետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության պետ նշանակելու հարցը:
ԱԱԾ ներկայիս ղեկավար Գորիկ Հակոբյանը, ինչպես բազմիցս նշել ենք, գնում է թոշակի:
Մինչև այժմ շրջանառության մեջ էր դրվել տեղեկատվություն, թե Գորիկ Հակոբյանին կհաջորդի ԱԱԾ պետի տեղակալ Հրաչ Հարությունյանը` Կրակեմ Հրաչը: Ըստ մեր հավաստի տեղեկությունների, սակայն, նախագահական նստավայրում Հայկ Հարությունյանի թեկնածությունը քննարկվում է ամենայն լրջությամբ: Հայկ Հարությունյանի փոխարեն, ըստ որոշ տեղեկությունների, ՊՊԾ ղեկավար կնշանակվի Սերժ Սարգսյանի Վաչոն, ում բոլորովին վերջերս Սերժ Սարգսյանը գեներալի կոչում տվեց:
Էլի փող են ծախում
Անցած ուրբաթ` սեպտեմբերի 4-ին, և երկուշաբթի` սեպտեմբերի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկը ֆոնդային բորսայում աննախադեպ ծավալի դոլարային ինտերվենցիաներ է իրականացրել: Սեպտեմբերի 4-ին ԿԲ-ն վաճառել է 25 մլն 760 հազար, իսկ երեկ` 30 մլն 200 հազար դոլար:
Նշենք, որ, ինչպես ԿԲ-ից են հաղորդել, այս տարվա մարտի 3-ից դոլարի լողացող կուրսի անցնելուց հետո ԿԲ-ն դոլար չի վաճառել: Ընդ որում` 2 օրվա ընթացքում շուրջ 56 մլն դոլար շուկա լցնելու պարագայում դոլարի գինը երեկվա դրությամբ շարունակում էր աճել և հասել էր 377 դրամ 25 լումայի` այն դեպքում, երբ, ասենք, սեպտեմբերի 3-ին 374 դրամ 50 լումա էր, ինչը նշանակում է, որ դոլարի նկատմամբ պահանջարկը այսպիսի ծավալների դեպքում չի լրացել:
Սա աժիոտաժ է առաջացրել ֆինանսական շուկայում: Այստեղ արձանագրում են, որ նույնիսկ այս տարվա փետրվարին, երբ Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը պահում էր 305 դրամ և 2-3 ամսվա ընթացքում ՀՀ արտաքին պահուստից մի քանի հարյուր միլիոն դոլար փոշիացրեց, օրական այսպիսի ծավալներ չեն արձանագրվել:
Մեր խնդրանքին ի պատասխան` ԿԲ-ն հետևյալ կերպ է մեկնաբանել իրավիճակը. «Բանկերի մոտ շուրջ 2 ամիս կուտակված ավելցուկ դրամային իրացվելիությունը մի անգամից սպեկուլյատիվ շարժառիթներով և դրանցից ածանցված սպասումներով ուղղվեց արտարժույթի շուկա: Նման սպեկուլյացիոն հարձակումների ժամանակ մոնետար իշխանությունը միակ ուժն է, որը ինտերվենցիաների միջոցով պետք է ապահովագրի շուկան անցանկալի տատանումներից»:
Այսինքն` Կենտրանական բանկը այս մեծածավալ ինտերվենցիաներով փորձում է ընդամենը կանխել տատանումները: Որքանով դա կհաջորղվի, և արդյոք սա ընդամենը կարճաժամկետ գործընթաց է` պարզ կդառնա առաջիկայում:
Սին խոստումներ
Ճգնաժամը «խոստանում էր» սեպտեմբերին «կոտրվել»: Սակայն, ըստ ամենայնի, նոր զարգացումներ է ապրում: Օրերս Սևանի «Ախթամար» համալիրի մի խումբ բանվորներ ազատվել են աշխատանքից:
Նրանց աշխատանքից ազատել է այս հյուրանոցային համալիրի ներկայիս սեփականատեր, ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը:
Աշխատողներին բացատրել են, որ շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվում են ճգնաժամի պատճառով:
«Հերիք է մեզ խայտառակեք»
Հայաստան-Բոսնիա-Հերցեգովինա ֆուտբոլային հավաքականների հանդիպումից հետո, որն ավարտվել է Հայաստանի հավաքականի հերթական պարտությամբ` 0:2, ֆուտբոլասերները մարզադաշտում պարզել են «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ պաստառը, որից հետո ոստիկանները հարձակվել են նրանց վրա և փորձել խլել այն:
Վերջիններս մարզադաշտից հեռացել են` դժգոհելով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից: Ի դեպ, ըստ լուրերի, ոստիկանները «Ֆան կլուբի» ֆուտբոլասերների վրա հարձակվել են Նեմեց Ռուբոյի ցուցումով:
Անիմաստ ակցիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մի խումբ երիտասարդներ որոշել են, ի նշան բողոքի, վաղը բելգիացիների հետ կայանալիք հանդիպման ժամանակ գնալ մարզադաշտ և նստել մեջքով դեպի խաղադաշտը:
«ՉԻ» -Միանգամից ասենք, այնքան էլ հաջող որոշում չէ: Նախ` «մեջքով դեպի խաղադաշտը»` նշանակում է դեմքով դեպի կառավարական օթյակը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ֆուտբոլասերները մեկ ու կես ժամ շարունակ պիտի նայեն Ռուբեն Հայրապետյանին:
Երկրորդ` սա, փաստորեն, լինելու է չարտոնված ակցիա, և իշխանությունները հեշտությամբ կհիմնավորեն, որ «առանձնակի դաժանությամբ թիկունքային մասով դեպի խաղադաշտը խմբակային նստումը խարխլում է մեր պետականության հիմքերը»:
Իսկ ընդհանրապես, ֆուտբոլասերներն իզուր են բողոքի ակցիա կազմակերպում մեր հավաքականի դեմ: Հավաքականը խաղում է այնպես, ինչպես կարողանում է: Բողոքել է պետք նրանց դեմ, ովքեր այնպես են արել, որ հավաքականը դրանից ավել չկարողանա խաղալ: Իսկ դրա համար մարզադաշտ գնալը հաստատ պարտադիր չէ: Մանավանդ, եթե խաղը չեն նայելու: Թե՞ ուզում են անպայման դեմքով տեսնել նրան, ով տնօրինելու է իրենց գնած տոմսերի գումարը:
Ոմանց ցանկություններն են` ոչինչ ավելի
Նախորդ շաբաթ ՀՀՇ-ական մամուլը ԲՀԿ-ի և Հանրապետականի միջև սեպ խրելու հերթական փորձը ձեռնարկեց` ասեկոսեներ տարածելով, թե նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին նեղում է, պատրաստվում են պառակտել կուսակցությունը և այլն:
Համապատասխանո՞ւմ է այս ամենը իրականությանը: Պատասխանելով մեր հարցին` ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ նշեց. «Դրանք շատ անհեթեթ «տեսակետներ» են: Ոմանց ցանկություններն են` ոչինչ ավելի: Նման բան չկա, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև կան շատ առողջ, կառուցողական հարաբերություններ, և մենք շարունակում ենք իրականացնել մեր կոալիցիոն պարտականերությունները` կոալիցիոն համաձայնագրի տառին և ոգուն համապատասխան: Ոմանք երեևի թե կարծում են` կոալիցիայի կազմալուծման դեպքում իրենց համար տեղ կբացվի»:
ԲՀԿ-ն կողմ է Ցեղասպանության հարցի շուրջ քննարկմանը
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանի» սեպտեմբերի 5-ին տարածած հայտարարության համաձայն` «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական միտումներ պարունակող առաջարկ է նաև միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը թույլ կտա կառավարական ամենաբարձր մակարդակով քննարկել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կնճռոտ հարցերը, այդ թվում և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»:
Որ շահագրգիռ պատգամավորները կողմ քվեարկեն
Հարկային փաթեթը, որը ՀՀ կառավարությունը ետ էր վերցրել ԱԺ-ից, անցած շաբաթ կրկին շրջանառության մեջ է դրվել խորհրդարանում: Ըստ արված փոփոխությունների` նախատեսվող փոփոխությունները չեն տարածվելու կոնյակ և գինի արտադրողների, ադամանդագործության, ոսկերչության ոլորտների վրա:
Հիշեցնենք, որ նաև այս ոլորտները ներկայացնող գործարար պատգամավորները հարկային` փաթեթի առաջին անգամ քննարկման ընթացքում լուրջ քննադատության ենթարկեցին կառավարության այս նախաձեռնությունը:
Մամեդյարով արդեն չկա՞
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից քիչ անց վերլուծաբանական որոշ աղբյուրներ և քաղաքական դիտորդներ զգուշորեն կանխատեսում արեցին, որ պաշտոնական Բաքուն, հավանական է, ուժերի վերադասավորման խնդիր ունի: Մասնավորապես, նկատել էր տրվում, որ հնարավոր է արտգործնախարար էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը:
Այս առթիվ վերջերս ակնարկ արվեց նաև Ռուսաստանի ԱԳՆ-ի` «ինքնությունը բացահայտել չցանկացած» մի պաշտոնյայի կողմից:
Եվ ահա Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Փոլուխովը ծանուցել է, որ առաջիկայում Միացյալ Նահանգներ է մեկնելու փոխարտգործնախարար Արազ Ազիմովը «ռազմավարական խորհրդատվություններ անցկացնելու պետդեպարտամենտում, Սպիտակ տանը և հավանական է` Պենտագոնում»:
Նման մակարդակի և ծավալի քննարկումների համար, անշուշտ, ավելի հարմար էր, որ ԱՄՆ մեկնի արտգործնախարարը, և եթե նրա փոխարեն ընտրվել է Արազ Ազիմովը, ինչն ակնհայտորեն Ադրբեջանի բարձրագույն իշխանության, այսինքն` Իլհամ Ալիևի որոշումն է, ապա կարելի է եզրակացնել, որ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության մասին խոսակցություններն առնվազն հիմնազուրկ չեն:
Հարկ է, թերևս, ավելացնել, որ տարիներ ի վեր Արազ Ազիմովը համարվում է Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, սակայն վերջին շրջանում նա հրապարակային որևէ դերակատարություն չի դրսևորել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել