
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի` Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող «Սոս մանկական գյուղ»։ ՀՀ վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը, Հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք։
Կոտայքի մարզում 1990թ. առաջին անգամ «Մանկական գյուղն» իր դռները բացել է երկրաշարժից որբացած երեխաների համար, եւ ընտանեկան պայմաններում խնամվել, դաստիարակվել ու հասակ է առել շուրջ 220 սան։
Ներկայումս այստեղ բնակվում է միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, ծնողական խնամքից զրկված, անպաշտպան եւ երկարաժամկետ խնամքի կարիք ունեցող 56 երեխա։
Հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է մանկական գյուղի կենցաղը, իրենց առաքելության հիմնական ուղղությունները, խնդիրները եւ 20-ամյա գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումները։ ՀՀ վարչապետը շրջել է «մանկական գյուղում», զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց կենցաղով ու առօրյայով։ Տիգրան Սարգսյանը «մանկական գյուղում» անցկացված խորհրդակցության ժամանակ գերատեսչությունների ղեկավարներին եւ Հիմնադրամի ներկայացուցիչներին առաջարկել է հանրապետությունում գործող պետական մանկատների շրջանավարտների պետական ծրագրերով նախատեսված խնամքն իրականացնել՝ հաշվի առնելով Հիմնադրամի փորձը։
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել հիմնադրամի ձեռքբերումները, կուտակած փորձը եւ հույս հայտնել, որ պետական կառույցների հետ համաֆինանսավորման դեպքում հնարավոր է առավել արդյունավետ ծրագրեր իրականացնել։
ՀՀ կառավարության ղեկավարը եղավ նաեւ «մանկական գյուղում» հիմնադրամի կողմից ստեղծված մանկապարտեզում, ուր այցելում են ոչ միայն «Սոս մանկական գյուղի», այլեւ մի շարք հարակից գյուղական համայնքների երեխաներ։ «Սոս մանկական գյուղում» բնակվող երեխաներին վարչապետը նվիրել է երաժշտական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել