HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քոչինյանը «Հայանտառ»-ին մնացել է 27 մլն. դրամ պարտք»,- ասում է «Հայանտառի» ներկայացուցիչը

Սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց  «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի նախկին տնօրեն Հովհաննես Քոչինյանի գործով դատական նիստը, որտեղ   ամբաստանյալ Հովհ. Քոչինյանի ցուցմունքները  միանշանակ փաստեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ոլորտում տիրող ամենաթողությունը: Ակնհայտ է, որ Հովհ. Քոչինյանը 2003-2006թ.թ. աշխատելով «Ջիլիզայի անտառտնտեսության» տնօրեն, «Հայանտառ»-ի նյութական միջոցներին վերաբերվել է ինչպես իր սեփականության և մասնագիտությամբ լինելով պատմաբան, բառացիորեն անտեղյակ է եղել անտառների վերահսկման ու կառավարման գործից : Այդուհանդերձ, ինչու «Հայանտառ»-ի կողմից ավելի վաղ չեն կանխվել ապօրինությունները:  Այս և Թումանյանի տարածաշրջանի անտառներում շարունակվող անօրինական անտառահատումների  առանձին փաստերի մասին փորձեցինք ստանալ «Հայանտառ» -ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի պարզաբանումները, սակայն ընկեր Մարտունը իմանալով մեր հեռախոսահամարը, անջատում էր մի քանի օր կրկնվող մեր հեռախոսազանգերը: Դատական նիստին որպես տուժողի ներկայացուցիչ ներկայացել էր  «Հայանտառ»-ի իրավաբանական և մեթոդաբանության բաժնի պետ  Հայկ Մարգարյանը:  Վերջինս դատարանին հայտնեց, որ նախաքննության ընթացքում տրված իր ցուցմունքներում մանրամասն նշել է Հովհ. Քոչինյանի կողմից «Հայանտառ»-ին պատճառած վնասի չափերը: «Վիճելի հարցերը մնացել են Քոչինյանի կողմից «Ջիլիզայի անտառտնտեսության» վարչական շենքի վերանորոգման, նույն շենքի համար գնված կահույքի և  տնկիների ձեռք բերման ու «Վայոց ձոր» տեղափոխելու խնդիրները»,-ասաց Հ.Մարգարյանը: Հ. Մարգարյանը,  ի պատասխան դատավոր Սուրեն Բաղդասարյանի հարցման ասաց, որ վարչական շենքի վերանորոգման աշխատանքները կատարվել են առանց վերադասի թույլտվության, առանց  վերադասի կողմից հաստատված նախահաշվային փաստաթղթերի եւ կատարված  վերանորոգման աշխատանքներին  պատշաճ հաշվապահական ձևակերպումներ  չեն տրվել, բացի այդ աշխատանքները կատարվել է  լիցենզիա չունեցող շինարարական կազմակերպության կողմից: «Շինարարության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա, շինարարության համար էլ ծախսվել է 396 հազար դրամ»,-պարզաբանեց  Հ. Մարգարյանը: Տնկիների տեղափոխման վերաբերյալ  «Հայանտառ»-ի ներկայացուցիչը դատարանին տեղեկացրեց, որ դրանք միանշանակ տեղափոխվել են ՙՎայոց ձոր, բայց Հովհ. Քոչինյանը չի կարողացել ասել, թե որտեղից է ձեռք բերել տնկիները:  Ինչ վերաբերում է կահույքին, Հայկ Մարգարյանը փաստեց, որ կահույքը իրականում կա և օգտագործվում է: «Սակայն օդից կախված կահույք է,- պատասխանեց Հ.Մարգարյանը դատավորի հարցին, թե հիմնավոր եք համարում կահուքի մասին Հովհ. Քոչինյանի հայտարարած գինը,-Նորմալ կահույք է, արդեն քանի տարի է շահագործվում է, ապրանքային տեսքը պահպանել է»: Քոչինյանի կողմից պատճառած վնասներից առ այսօր վերականգնված գումարի չափի մասին Հ. Մարգարյանը ասաց. «Պատճառած 27մլն. դրամ վնասից, որը նախաքննության մարմնի կողմից  հիմնավորված է, փաստացի վերականգնված է 2,8 մլն. դրամը, դիզվառելիքը և բենզինը չեմ համարում փաստացի վերականգնում, որովհետև «Հայանտառ»-ի հետ չկա ձևակերպված փաստաթղթեր»: Հովհ. Քոչինյանի շահերի պաշտպան Կարեն Թումանյանը խնդրեց տուժողին դատարանում հայտնել, թե նրա կարծիքով յուրացման ի՞նչ  եղանակով է Քոչինյանը պատճառել վնասը: «Ինձ մի ստիպեք, որ նախաքննության մարմնի լիազորությունները վերցնեմ ինձ վրա»,- պատասխանեց տուժողի ներկայացուցիչը, սակայն  հավելեց:-Ես հակված եմ ենթադրել, որ Քոչինյանի կողմից հափշտակություն է կատարվել վատնման եղանակով»: «Քոչինյանին ձեր կողմից ի պահ տրված  վառելիքը հիմա կա , թե չկա»,- կրկին տուժողի  ներկայացուցիչին հարցրեց պաշտպանը: «Իրականում ստուգման պահին չի եղել, Քոչինյանը ցույց չի տվել,  մենք մի քանի անգամ ասեցինք` ցույց տուր, նա չկարողացավ ցույց տալ, հիմա նոր է բերել»,-պատասխանեց պ. Մարգարյանը: Հայկ Մարգարյանը դատարանում փաստեց, որ Հովհանես Քոչինյանին, ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ նախաքննությունից առաջ առաջարկվել է վերականգնել  «Հայանտառ»-ին  պատճառած վնասը, սակայն նա հրաժարվել է դա կատարել: Պաշտպանը Հ. Մարգարյանից փորձեց ճշտել, թե ըստ  նրա որքան է կազմում «Հայանտառ»-ից Հ. Քոչինյանի մաքուր յուրացումը: «Վերջնական հաշվարկով Քոչինյանը «Հայանտառ»-ին մնացել է 27 մլն. դրամ պարտք, ամբողջությամբ հափշտակել է, դա է Ձեզ պետք»- պատասխանեց տուժողի ներկայացուցիչը: Մեղադրող կողմի հարցադրումներին ի պատասխան Հ. Մարգարյանը հայտնեց, որ ըստ երևույթին Քոչինյանը կահույք գնել է ինքն իրենից: Դատավոր Ս. Բաղդասարյանը հայտնեց, որ ամբաստանյալ Հ. Քոչինյանը դատարանին ներկայացրել է փաստաթուղթ, 20տ. դիզվառելիքը և 10 տ բենզինը ի պահ հանձնելու մասին,  ինչ է մտածում  «Հայանտառ»-ը այս մասին: Մարգարյանը պատասխանեց, որ տարողությունների խնդիրներ կա: Այդ թեմայով էլ  «Հայանտառ»-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի հետ ինքը չի խոսել, սակայն գիտե, որ տնօրենը միջոցներ է ձեռնարկում դրանք ընդունելու համար: Դատական նիստում շարունակվեց Հովհ. Քոչինյանի հարցաքննությունը: Նա  տնկիների մասին  ասաց.  «Մենք տնկիները գնել ենք Վրաստանից, մեզ մոտ տնկարանային տնտեսություն չկա: Յուրաքանչյուր տնկիի համար տվել ենք 22,5դրամ, 36 հազար տնկիի արժեքը կազմել է 788 հազար դրամ և 250 լ դիզվառելիք տրվել է 2  «Կամազ» մեքենաների տնկիները Վայոց ձոր տեղափոխելու համար: 396 հազար դրամ արժողությամբ կահույքն եմ գնել»: Ըստ Քոչինյանի` շենքի վերանորոգման  շինարարության մի մասը  ընդունվել, մի մասն էլ չի ընդունվել  «Հայանտառ»-ի կողմից: «Եթե այս ձևակերպումները «Հայանտառ»-ի կողմից կատարվեն, վնասի 54% կփակվի»,-ասաց ամբաստանյալը: Քոչինյանը նաև խոստովանեց, որ առանց վերադասի համաձայնության գնել է նաև մեղուներ և  «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Մեղադրական եզրակացության մեջ  նշված 26 մլն. դրամ գումարից Հ. Քոչինյանն, իր կողմից որպես յուրացում, կամ որպես վատնում ընդունելու մասին դատավորի հարցին ջանաց չպատասխանել: «Դուք գտնում եք, որ վառելանյութի գծով դուք հափշտակություն չե՞ք արել»,-հարցրեց դատավորը: «Ես չեմ ասում չեմ արել»,- ասաց ամբաստանյալը: «Դուք ասում եք առհաշիվ գումարներ եք վերցրել: Ստուգման պահին Ձեզ մոտ այդ գումարները եղե՞լ են», -հարցրեց դատավորը: «Ես դրա մեծագույն մասով գնումներ եմ կատարել: Գնել եմ  «Նիվա» մեքենա, մեղուներ, վերանորոգումներ եմ կատարել»,- ասաց ամբաստանյալը: «Թե նախաքննության ընթացքում, թե դատաքննության ընթացքում պարզվեց, որ Ձեզ վերադասի կողմից հանձնարարություն չի տրվել այդ գնումները կատարելու, դրանք չեն ձևակերպվել, «Հայանտառ»-ը մեղվաընտանիքից որևէ օգնություն ստացե՞լ է»,- հարցրեց դատավորը: Հարցին ուղղակի պատասխանելու փոխարեն, Քոչինյանը սկսեց կրկնել նախորդ ասածները:  Նա չկարողացավ դատավորին պատասխանել , թե Վրաստանի որ կազմակերպությունից է ձեռք բերվել տնկիները: Պարզվեց, որ սահմանային գոտով, 788 հազար դրամի 36 հազար տնկիները մաքսային ձևակերպում չեն ստացել, անօրինական հատել են սահմանը: «Մաքսակետում դրանք ձևակերպում ստացե՞լ են»- հարցրեց դատավորը: «Ես շատ գիտեմ»,-պատասխանեց Քոչինյանը: Տեղափոխումը կատարվել է 2006թ.-ին, երբ սահմանային գոտին եղել է:  Մեղադրող Հայկ Մովսիսյանի հարցերից էլ պարզվեց, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան գնել է Երևան քաղաքի բնակիչ Արթուր Ավագյանից  2004թ.- վերջերին: Գնել է 4մլն. դրամով, վճարել է առձեռն, ավտոմեքենան  ձևակերպել է որդու անունով: Դատարանում դեռ էլի կարող էին  բացահայտվել Քոչինյանի անօրինականությունները հաստատող փաստեր, սակայն պաշտպանական կողմը  դատարանին ներկայացրեց միջնորդագիր` փորձագետներ հրավիրելու անհրաժեշտությունից, դատական նիստը հետաձգելու մասին: Դատավոր Սուրեն Բաղդասարյանը ընդունեց միջնորդագիրը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 15-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter