
«Նախկինում եթե թերթի առաջին էջերն էի կարդում, ապա հիմա` վերջինը, քանի որ մեր թերթերի կրթական հատվածները վերջում են` աստղագուշակից ու սպորտից առաջ»,- այսօր ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը` ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Վերջինը նշեց, որ երկու բնագավառներն էլ` թե' կրթությունը, թե' գիտությունը, ընթացիկ բարեփոխումների փուլում են, իսկ նախարարների փոփոխությունը բերում է մարտավարական և ոչ թե ռազմավարական փոփոխությունների:
«Ես լծվել եմ այս գործին, այն է` իրականացնել 2008 թ. Ազգային ժողովում հավանության արժանացած կառավարության ծրագիրը` այդ թվում ԿԳ ոլորտին վերաբերող: Իհարկե, մոտեցումների տարբերություն կլինի և կա` դա աշխատաոճի, անձնական խառնվածքի ու նաև քաղաքական այլ պատկանելության հետևանք է»,- ասաց նա:
Իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար ԿԳ նախարարը մի շարք միջոցներ է առաջարկում, որոնցից մեկն էլ օրենսդրական դաշտի բարեփոխումն է: Նրա կարծիքով` մեր կրթական և գիտական օրենսդությունը հեռու է կատարյալ լինելուց, դրանում առկա են բազմաթիվ բացեր:
«Կրթական բնագավառի իրավական դաշտը վերակառուցվելու կարիք ունի: Մեր նախարարությունն ունի բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթներ, որոնք, ըստ ամենայնի, գալիք աշնանային նստաշրջանում արդեն քննարկման կդրվեն, մյուս մասն էլ պատրաստ կլինի գարնանային նստաշրջանի համար»,- ասաց նա:
Երկորդ միջոցը, Ա. Աշոտյանի վստահեցմամբ, ոլորտի ֆինասավորումն է: Ոլորտի շարունակական զարգացումը մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում, այդ պատճառով գալիք տարվա բյուջետային հայտում մեր նախարարությունն առաջարկելու է ոչ միայն պահպանման, այլև զարգացման ծրագրեր: Կրթական բոլոր շրջանակներում, նախարարի վստահեցմամբ, նախատեսվում են ֆինանսական ներդրումներ:
Իբրև երրորդ միջոց` նախարարը մատնանշում է հասարակության ներսում գիտելիքի նկատմամբ համապատասխան պահանջարկի ձևավորումը:
«Մեր հասարակության մեջ գիտելիքը դեռևս վերադարձված չէ որպես գերագույն արժեքներից մեկը, որը բարեկեցության գրավական կարող է լինել: Այն տրամաբանությունը, որ շատ իմացող քաղաքացին ավելի լավ պետք է ապրի, քան քիչ սովորած քաղաքացին, միշտ չէ, որ գործում է»,- ասաց նա` նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում արդեն մի շարք զավեշտալի խնդրանքներ է ստացել, որոնք ապացուցում են այն հանգամանքը, որ մենք ձևական մոտեցում ենք ունենում գիտելիքի նկատմամբ: Ուսանողը պատրաստ է վճարել` չսովորելու համար:
Եվ վերջապես չորրորդ միջոցը, նախարարի կարծիքով, ճիշտ կարդային քաղաքականությունն է:
«Ունենք մի շարք խոշոր միջոցառումներ մոտ ապագայում, նախ` UNESCO-ի հետ իրականացվող ներառական կրթությանը նվիրված միջազգային սիմպոզիումն է, որը տեղի կունենա Ծաղկաձորում, և կժամանեն փորձագետներ շուրջ 20 երկրներից` հատուկ կրթության հետ կապված: Երկրորդը հեռավար և ինտերակտիվ ուսուցման համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումներն են: Դեռևս Հայաստանում չունենք հեռավար, ինտերակտիվ կամ վիրտուալ բարձրագույն կրթության հնարավորություն: Առհասարակ, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը կրթության բնագավառում համարում եմ իմ անձնական թիվ մեկ խնդիրներից մեկը»,- ասաց նա:
Ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկն էլ դպրոցներում դրամահավաքությունն է: Նախարարության թեժ գծին արդեն բազմաթիվ զանգեր են հնչել այս թեմայով: Ա. Աշոտյանը զգուշացրեց, որ ինքը հանձնարարել է համապատասխան ուսումնասիրութուններ կատարել յուրաքանչյուր ահանզանգի դեպքում:
«Ցավոք դրանց մեծ մասն անանուն է, և մենք հիմք չենք ունենում տեղում այս կամ այն մարդուն վկայակոչելու: Որոշ տնօրեններ պետք է գիտակցեն, որ համապատասխան գումարներ հավաքելը պետք է իրականացվի միայն ծնողական կոմիտեի, ծնողների հետ համատեղ աշխատանքի, համոզելու, խնդրելու միջոցով, եթե կա նման խնդիր: Սակայն երբեմն դա անգամ կրում է թաքնված կաշառքի բնույթ: Դա պետք է բացահայտվի ու պատժվի: Առավել կարևոր է այս հանգամանքը ուսուցչի օրվան ընդառաջ»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել