HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Աշոտյան. «Ուսուցիչների կրճատումն անխուսափելի էր»

«Մենք ունենք մոտ 100 000 ուսանողություն, որից 6 300 արտասահմանցի ուսանողներ են, և փաստորեն մենք արտահանում ենք գիտելիք, իսկ դա բավական մեծ թիվ է: Կրթության որոշ բնագավառներ մեր մրցակցային առավելությունն են, հատկապես երբ կրթությունը ողջ աշխարհում շատ հեռանկարային բիզնես է, որովհետև չի սպառվում այդ «ապրանքը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` մատնանշելով կրթության ոլորտի մրցակցային առավելությունները:   Բժշկական համալսարանի հանրակացարանի գները վերջերս երեք անգամ բարձրացվել են` կազմելով տարեկան 180 000 դրամ: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր բուհ, ըստ օրենքի, ինքն է որոշում իր ֆինանսական գործառույթները, համապատասխան գնային քաղաքականությունը` ուսման վարձից սկսած, վերջացրած հանրակացարանով: «Այդ 180 000-ը երբ բաժանում ենք ամիսների, ամսական 15 000 է կազմում: Այդ գնով Երևանում նախաճաշը մեջ բնակարան դուք կարո՞ղ եք գտնել: Ժամանակին բուհերը  կարող էին ունենալ համապատասխան մասնաշենքեր, եթե դիմեին իրենց սեփական հանրակացարաններն ունենալու համար: Առհասարակ մեծագույն խնդիր են ուսանողական կացարանները Հայաստանում»,- ասաց նա: Այսօր բուհերի շրջանավարտներից ոչ բոլորին է հաջողվում աշխատանք գտել: Դրա պատճառը, ըսt Ա. Աշոտյանի, այն է, որ իրականում շատ ավելի մեծ քանակությամբ տաղանդավոր կադրեր կան, քան այդ  կադրերի աշխատաշուկայի ապահովման հնարավորությունն է: «Մեր համակարգը թողարկում է ավելի շատ մասնագետներ, քան մեր աշխատաշուկան ունի հնարավորություն մարսելու: Սկզբում ես էլ էի կարծում, որ պետությունը պետք է կարգավորի աշխատաշուկայի և կրթության շուկայի միջև ունեցած հարաբերությունները: Սակայն հետո հասկացա, որ կրթություն պետք է ստանան բոլոր նրանք, ովքեր ուզում են ստանալ այդ կրթությունը, պատրաստ են դրա համար վճարել` անկախ նրանից` կկարողանա՞ն աշխատել հետո, թե ոչ: Չեմ կարծում, որ այստեղ սովետական պլանավորման ինստիտուտը պետք է աշխատի»,- ասաց նա` նշելով, որ համապատասխան լավ մասնագետը, թեկուզ` հազարից մեկը, պետք է ու կարող է տեղավորվել աշխատանքի: Անդրադառնալով միայն վերջերս ներմուծված ավագ դպրոցների համակարգին` Ա. Աշոտյանը նշեց, որ դրանք իրենց բարեփոխումների հիմնական հանգուցային կետն են, որտեղից իրենք բացում են ճանապարհ դեպի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն և պահովում որակ հանրակրթական բնագավառում: «Վաղ է խոսել այդ ռեֆորմի հաջողության մասին, բայց պետք էլ չէ այն հուղարկավորել, այն դեռ ընթացքի մեջ է, ունենք և լավ արդյունքներ, և բողոքներ»,- ասաց նա: Ավագ դպրոցի անցնելու հետևանքով դպրոցներում ուսուցիչները կրճատվում են: Նախարարի վստահեցմամբ, սակայն, այդ կրճատումներն անխուսափելի են եղել: «Այս տարի ունեցել ենք ավելի քիչ առաջին դասարանցիներ, քան ավարտական դասարանցիներ: Եվ այդ տարբերության պատճառով որոշակի մանկավարժական կադրեր պետք է դուրս մնան գործընթացից, որովհետև այդքան աշակերտ չկա: Իհարկե, այստեղ նաև սուբյեկտիվ գործոններ են եղել, որ որոշ տնօրեններ, առիթից օգտվելով, որոշել են ազատվել իրենց համար ոչ հարմար ուսուցիչներից, որոնք կամ սեփական կարծիք են ունեցել, կամ չեն ենթարկվել իրենց»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter