HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Իշխանությունը եւ ընդդիմությունը համախմբվե՞լ են «Ժառանգության» դեմ

09_09-s_safaryan«Այսօրվա մամուլը թերթելուց հետո ես մի պարզ ճշմարտության ականատես եղա, որ իշխանության եւ ընդդիմության շահերը համընկնում են «Ժառանգություն» կուսակցության վերաբերմունքի հարցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով` «Հայկական ժամանակ»-ի` այսօր հրապարակած հոդվածում ընդդիմությունը ոչ թե ցանկացել է վարկաբեկել Արմեն Մարտիրոսյանին կամ Հովսեփ Խուրշուդյանին, այլ` միայն Րաֆֆի Հովհաննիսյանին: «Կոնգրեսի «պաշտոնաթերթը» կամ այդ հոդվածի պատվիրատուները պարզապես ցանկացել են հանրության ուշադրությունը շեղել Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի իրական նպատակից եւ արժեզրկել նրա քայլը»: Ըստ Ստեփան Սաֆարյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի իրական պատճառը նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններն էին: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը ՀՀ-ի համար այդ արձանագրություններում լուրջ վտանգ է տեսնում, որոնց կուսակցությունը վերջերս պարբերաբար անդրադառնում էր: «Հատկապես այս վերջին շրջանում «Ժառանգության» եւ Կոնգրեսի հայացքները հայ-թուրքական հարաբերությունների մասին, դիրքորոշումներն արմատապես տարբերվում են: Ես չգիտեմ` միգուցե Կոնգրեսը, մեզ վարկաբեկելով, ցանկանում է լուծել լիդերության կամ սովորական ամբիցիաների խնդիրը»,- ասաց պատգամավորը: Ստեփան Սաֆարյանի խոսքերով` այս ամենից հետո էլ չի բացառվում «Ժառանգության» եւ Կոնգրեսի հնարավոր համագործակցությունը: Սակայն այս պահին Ստեփան Սաֆարյանն ավելի շատ համագործակցության եզրեր է գտնում ՀՅԴ-ի հետ, բայց կրկին լիդերության եւ ամբիցիաների խնդիր է տեսնում Դաշնակցության կողմից: «Ինչու «Ժառանգություն» խմբակցությունը մանդատները խմբակային վայր չդրեց. որովհետեւ խմբակցության վարչությունը դեռեւս 2008 թվականի վերջոին որոշում էր կայացրել, որ մենք խորհրդարանում դեռ կշարունակենք մեր գործունեությունը: Սակայն այդ որոշումը չի խանգարում առանձին անձերին` վայր դնել իրենց մանդատները եւ հեռանալ»: Ըստ «Ժառանգություն» խմբակցության անդամի` «Հայկական ժամանակ» օրաթերթում նշված 2008 թվականի հուլիսի 11-ին կայացած համագումարի ժամանակ վարչության անդամների ընտրության ժամանակ քվեաթերթիկների կեղծման մասին իրենք տեղյակ են եղել, եւ այդ 3 կեղծողները ստացել են նկատողություն: «Խուրշուդյանն ու Արմեն Մարտիրոսյանն էլ եղել են այն անդամները, ովքեր հայտնաբերել են այդ կեղծարարությունները եւ կանխել դրանք»: Ըստ Ստեփան Սաֆարյանի` նրանք անմիջապես գտել են կեղծողներին, որոնցից մեկն էլ եղել է Արթուր Սարդարյանը: Վերոհիշյալ համագումարի ժամանակ նա ընտրվել էր վարչության անդամ, սակայն հետո հրաժարական տվել. «Հենց Արթուր Սարդարյանը խոստովանել էր իր արած կեղծարարությունը վարչության ընտրությունների ժամանակ, մեզ ասել դրդապատճառները: Նա ընտրվեց, սակայն հետո հրաժարական տվեց: Իսկ այսօր նրան թերթում ներկայացրել են որպես «այդ պատմության զոհ»»: Ստեփան Սաֆարյանը զգուշացնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված հարվածները, որոնք պիտի ստիպեն նրան հեռանալ քաղաքական դաշտից, ապարդյուն են. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը երբեւէ չի համագործակցելու իշխանությունների հետ, նրանց հետ կոալիցիա չի կազմելու»: Ստեփան Սաֆարյանը խոստացավ, որ կուսակցությունն անդրադառնալու է այդ հրապարակմանը եւ հայտարարությամբ է հանդես գալու: Հայտարարությամբ եւ պարզաբանումներով մոտ օրերս հանդես կգա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter