HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ժառանգությունը» պառակտվո՞ւմ է

09-09_A.MartirosyanԵրեկ ուշ երեկոյան «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ է գումարել եւ կուսակցությունից հեռացրել են ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին, կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգությունը» ներկայցնող Զոյա Թադեւոսյանին եւ Մովսես Արիստակեսյանին: Վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելուց հետո, ըստ «Ժառանգության» համամասնական ցուցակի, պետք է դառնար ԱԺ պատգամավոր: Երեկ կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բացի վերոնշյալ անդամներից, կուսակցությունից հեռացվել են եւս 3 հոգի: «Պատճառներից մեկը եղել է պառակտությունը, խառնակիչ գործունեությունը կուսակցության ներսում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Արդյո՞ք նրանք համագործակցել են իշխանության կամ Հայ ազգային կոնգրեսի հետ. «Հետքի» հարցին վարչության նորընտիր ղեկավարը պատասխանեց. «Արդեն էական չի դա, կարծում եմ` եթե նրանք ունեն այլ քաղաքական առաջնահերթություններ, պետք է նրանց հնարավորություն ընձեռել իրացնել դա»: «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցության վարչության որոշման վերաբերյալ շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածեն, որում տեղ կգտնեն կուսակցությունից անդամներին հեռացնելու պատճառները: 10-09-Z.TadevosyanՍակայն «Ժառանգությունը» չի կարող Զոյա Թադեւոսյանին զրկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամությունից: Ըստ օրենսդրության` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Զոյա Թադեւոսյանին փոխարինելու համար անհրաժեշտ է նրա հրաժարականը: Նույնը վերաբերում է Վարդան Խաչատրյանին պատգամավորական մանդատից զրկվելուն: Վերջինս մեզ հետ զրույցում չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ դեռեւս չէր հասցրել ծանոթանալ վարչության որոշմանը: Իսկ Զոյա Թադեւոսյանը «Հետքին» տված հարցազրույցում ասաց, որ չի պատրաստվում հրաժարվել ԿԸՀ անդամակցությունից: «Ես եղել եմ եւ կմնամ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցիչը: Ընդդիմությունը ի դեմս ինձ ունի իր վստահելի անդամն այնտեղ»: Զոյա Թադեւոսյանը «Ժառանգության» վարչության որոշումը լեգիտիմ չի համարում: «Դրանք կեղծված ընտրություններ են, այդ վարչությունը չի կարող որոշում կայացնել: Որոշում կայացնողները կուսակցության շարքային անդամներն են, որոնք արդար են: Իսկ վարչությունը 7 անդամով կարող էր որոշում կայացնել, բայց քանի որ 9-ը անդամից 3-ը (Վարդան Խաչատրյանը, Զոյա Թադեւոսյանը եւ Մովսես Արիստակեսյանը) բացակայել են, այդ որոշումն անօրինական է: Իրենք երեկ Ստեփան Սաֆարյանին ընտրել են խմբակցության ղեկավար, որպեսզի նա ապահովի 7-րդ անդամի մասնակցությունը»,- ասում է Զոյա Թադեւոսյանը: Ստեփան Սաֆարյանը չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը: Իսկ «Ժառանգություն» կուսացկության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ստեփան Սաֆարյանի ընտրությունն իսկապես կապված էր քվորում ապահովելու խնդրով: 10-09_H.Xurshudyan«Բայց դա միակ պատճառը չի եղել, որովհետեւ մենք ունենք ռոտացիոն խնդիր, ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին որոշակի պարրբերությամբ ռոտացիայի ենք ենթարկում»,- ասում է Ստեփան Սաֆարյանը: Ըստ Զոյա Թադեւոսյանի` Արմեն Մարտիրոսյանը կեղծել է նախորդ տարվա կուսակցության համագումարի արդյունքները, իսկ Հովսեփ Խուրշուդյանը կուսակցության անդամների վերաբերյալ կեղծ տեղեկություններ է տարածում. «Իմ մասին ասել էր, թե ես ՀԱԿ-ին եմ անդամագրել, բայց նման բան չի եղել»: «Ես չգիտեմ` Զոյա Թադեւոսյանը էլ ինչեր է տարածում մեր ասածների եւ չասածների մասին, ցանկություն չունեմ նրա խոսքերը մեկնաբանել»,- ասում է Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ Զոյա Թադեւոսյանի` «Ժառանգությունում» որոշում կայացնողները Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանն են: Ի դեպ, կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցել վարչության նիստին, քանի որ այլեւս վարչության անդամ չէ: Արդյո՞ք նա տեղյակ է կուսակցության վարչության որոշումներին. «Հետքի» հարցին Խուրշուդյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ տեղյակ կլինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter