HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երասխահունցիները չեն ուզում «ենթարկվել» մարզպետին

Մեր նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել էինք Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչների դժգոհությանը: Հիշեցնենք, որ երասխահունցիներն իրենց գյուղմթերքն իրացնում են գյուղի ճամփեզրին, ինչին համաձայն չէ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Արդեն մի քանի օր է ոստիկանները ստիպում են գյուղացիներին, որպեսզի նրանք իրենց առեւտուրն անեն Ջրառատ գյուղի տարածքում բացված շուկայում, որը գյուղացիների ասելով, պատկանում է  ԶՈՒ 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Լեւոն Երանոսյանին ու Ջրառատի գյուղապետ  Գարեգին Հովհաննիսյանին: Երասխահունցիների ասելով, այդ շուկայում «փայ» ունի նաեւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նշենք, որ Գ. Հովհաննիսյանը հաստատեց, որ շուկան իրենն է, իսկ Արմավիրի մարզպետը` ոչ (Տես`«Երասխահունի գյուղացիները պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել»): Արդեն 2-3 օր է գյուղացիները ոստիկանների ճնշմամբ, այլեւս առեւտուր չեն  անում փողոցում: Երասխահունցիներն այս անգամ տեղափոխվել են գյուղի գլխավոր ճանապարհների խաչմերուկներ, սակայն այնտեղ էլ ոստիկանները հանգիստ չեն տալիս գյուղացիներին: Ոստիկանների պահանջը մեկն է` ամեն գնով գյուղացիներին տեղափոխել Ջրառատի շուկա: «Ժողովուրդը կանգնել է ոտքի ու չի ցանկանում գնալ Ջրառատի շուկա, թող ջրառատցիները գնան իրենց տարածք, մենք չենք գնա: Էդ տարածքը մերն է ու մենք մեր գյուղի տարածքից դուրս չենք գա»,-«Հետք»-ին փոխանցեց երասխահունցի Գուրգեն Սամսոնյանը: Գուրգենի համագյուղացի Սայադն էլ ասաց, որ գրեթե ամեն օր ոստիկանները գալիս են գյուղ եւ սպառնում են գյուղացիներին: Նա մեզ պատմեց, որ ոստիկանների կողմից ձեռնարկած «օպերացիան» ուժեղ է եղել հատկապես սեպտեմբերի 3-ի լուսադեմին` ժամը 5-6-ի սահմաններում: «Միլիցեքն ընենց շուխուռ էին դրել ու բարձրախոսներով ընենց էին գոռգոռում, որ ամբողջ գյուղը վախից արթնացել էր: Ես էլ եմ քնից զարթնել: Շուկայում գտնվող մարդիկ ինձ պատմում էին, որ միլիցեքը եկել էին 5-6 մեքենաներով: Մարդկանց կեսը վախից փախել էր, մի մասն էլ շարունակել էր առեւտուր անել: Ասեմ, որ ժողովուրդը շատ ահաբեկված է: Էդ հիմա են ասում, որ շուկան անվճար է տրվելու գյուղացիներին, բայց դրա դառը փորձն ունենք եւ մեկ շաբաթ հետո կսկսեն մեզանից փող վեկալել,-ասաց Սայդն ու հավելեց: -Ուրախությամբ ձեզ ասեմ, որ Երասխանուն ժամանած առաջին մոնղոլ-թաթարական արշավանքը ձախողվեց»: Սայադից հետաքրքրվեցինք, արդյո՞ք գյուղացիները չեն պատրաստվում իրենց դժգոհությունները նամակով արտահայտել կառավարությանը: «Ում դիմենք, այս հարցը մարզպետի լուծելիք հարցն է, եթե նա չի լուծում նշանակում է վերեւներում ամեն ինչ որոշված է: Հետո էլ, մարդիկ շատ վախեցած են: Գիտեն, եթե բողոքեն կարող է իրենց համար վատ լինի»,-ավելացրեց Սայադը: Մեկ այլ երասխահունցի էլ հայտարարեց, որ սեպտեմբերի 3-ին ոստիկաններն ամեն ինչ արել են, որպեսզի գյուղացիները կռիվ անեն ու նրանց ձերբակալեն: Ջրառատի գյուղապետ Գարեգին Հովհաննիսյանն ասում է, որ շուկան գյուղացիներին տրամադրվում է անվճար «միայն թե փողոցում առեւտուր չանեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter