Պողոսովը ներկայացել է. նրան կասկածում են սպանություն կատարելու մեջ
ՌԴ քաղաքացի, 25-ամյա Գեորգի Պողոսովը երեկ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա կասկածվում է ծանր հանցագործության՝ սպանության մեջ:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ՝ օգոստոսի 26-ի երեկոյան, Երեւանի Շտապօգնության թիվ 7 ենթակայանից ահազանգել էին ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ Մխիթար Գոշ փողոցի 1-ին փակուղու 7ա տանը հայտնաբերվել է 36-ամյա Հրանտ Մաթուլյանի դիակը՝ արյան հետքերով:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված
տան ննջարանում հայտնաբերել եւ առգրավել էին 1957-ի արտադրության 16 X 70 տրամաչափի զուգահեռ տեղակայված փողերով երկփողանի որսորդական հարթափող հրացան` փամփշտանոցներում 2 հատ 16 X 70 տրամաչափի կրակած պարկուճներով:
Իսկ դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել էին, որ սպանության օրը Հ. Մաթուլյանը կացնով ներխուժել է նշված հասցե եւ փորձել հարձակվել տանը եղած անդամների վրա, ինչից հետո Գեորգի Պողոսովն իր պապու հրացանով կրակել է Մաթուլյանի վրա: Նշված տանը ոստիկանները հայտնաբերել եւ առգրավել էին նաեւ կացինը:
Թե ինչ է եղել իրականում, կպարզի քննությունը: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ քննիչի որոշմամբ Գեորգի Պողոսովը ձերբակալվել է:
Հարեւանները ֆոտոլրագրողին նաեւ տեղեկացրել են, որ Գեորգի Պողոսովի հայրը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, կոչումով գնդապետ է:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել