««Ժառանգության» պառակտողը տնտեսական ճգմաժամն է»
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի դիմաց էին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանը, կուսակցության համամասնական ցուցակում Արմեն Մարտիրոսյանին հաջորդող Մովսես Արիստակեսյանը եւ կուսակցության տասից ավելի ակտիվիստներ: Վերջիններս զայրացած էին «Ժառանգության» վարչության երեկվա նիստում կայացրած որոշումներից, որոնց արդյունքում կուսակցությունից հեռացվել են 6 անդամներ, այդ թվում` Զոյա Թադեւոսյանն ու ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Զոյա Թադեւոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կուսակցության պառակտման պատճառը ֆինանսական ճգնաժամն է. «Կուսակցությունը ֆինանսավորում չունի ճգնաժամի պատճառով, դրա համար էլ հիմա «Ժառանգությունը» աճուրդի կհանեն այն 7 մարդիկ, որոնք երեկ վարչության նիստ են արել»:
Մովսես Արիստակեսյանն էլ «Հետքին» հայտնեց, որ թեեւ ինքը նախկինում կասկածում էր, սակայն այժմ վստահ է, որ վերցնելու է պատգամավորական մանդատը եւ աշխատելու է խորհրդարանում:
«Ժառանգության» խորհրդի անդամ Անուշ Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պայքարում են իշխանական ընտրակեղծարարների դեմ, սակայն իրենց կուսակցության ներսում էլ են կեղծիքներ կատարվում:
«Ես այս կուսակցությանն եմ անդամագրվել, որովհետեւ սիրում եւ հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, նա պետք է ղեկավարի «Ժառանգությունը» եւ ոչ թե ֆիզկուլտինստիտուտն ավարտած Արմեն Մարտիրոսյանը»,- ասաց Անուշ Ղարիբյանը:
Կուսակցության ակտիվիստները դեռեւս պետք է քննարկեն իրենց հետագա քայլերը եւ որոշեն` դուրս գալ «Ժառանգությունից», թե պահանջել վարչության անդամների հրաժարականը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել