HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Բիշարյան. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»

«Օրինաց երկիր» կուսակցությունը աջակցում ու սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին: ՕԵԿ-ականները պատրաստ են հնարավորինս աջակցել ընթացիկ գործընթացին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կարևորեց այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված կոալիցիոն քաղաքական ուժերը միանման են մտածում, ու նրանց տեսակետները համընկնում են: «Արձանագրությունները վեց շաբաթվա ընթացքում պետք է քննարկվեին: Արդեն անցել է մեկ շաբաթ, ու բազամաթիվ քաղաքական գործիչների ենք լսել: Կան նաև քննադատություններ, իրարամերժ կարծիքներ կան: Սակայն տեսնում ենք, որ քննադատության օղակը գնալով փոքրանում է»,- ասաց նա: Հ. Բիշարյանի խոսքով` իրենց համար նախ կարևոր է կարգավորել այդ հարաբերությունները, հետո նոր` մանրամասների մեջ մտնել ու տեսնել, թե որ տեսակետներն են ճիշտ, որը` սխալ: Այս պահին արձանագրություններում չկա որևէ կետ, որին «Օրինաց երկիրը» դեմ լինի: Անդրադառնալով ենթահանձնաժողովների ստեղծմանը` Հ. Բիշարյանը նշեց, որ մամուլում մտահոգություններ են հնչում, որ վտանգի տակ է առնված Ցեղասպանության խնդիրը, և փորձ է արվում ենթահանձնաժողովների աշխատանքը քննադատության տակ դնել, մինչդեռ դրա կարիքը չկա: «Ենթահանձնաժողովները կնպաստեն, որ մենք դրանց միջոցով ուսումնասիրենք այն ամբողջ հնարավորությունները, ինչ այսօր Հայաստանում կա` Ցեղասպանության հետ կապված: Մենք ունենք պատմություն, պատմաբաններ, փաստերով կարող ենք այդ ենթահանձնաժողովում հստակ ապացուցել ամեն ինչ: Սա նաև լավ հնարավորություն է` ենթահանձնաժողովների միջոցով բոլոր մտահոգող, երկու պետությունների միջև իրարամերժ կարծիքները պարզաբանելու ու մեկնաբանելու համար»,- ասաց նա` ավելացնելով, որ փորձ չի արվում ապացուցել Ցեղասպանությունը, քանի որ բամաթիվ երկրներ կան, որոնք ընդունել են այն, և այստեղ երկրորդ կարծիք չկա: Իսկ ենթահանձնաժողովները, ոչ միայն Ցեղասպանության, այլև շատ այլ հարցերի շուրջ կարող են պարզաբանումներ մտցնել: Արդյոք Սերժ Սարգսյանը կմեկնի՞ Թուրքիա` մասնակցելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը: Հեղինե Բիշարյանի կարծիքով` դա երկրի նախագահի որոշման խնդիրն է: Սակայն ինքը կարծում է, որ գնալը ճիշտ է: «Եթե մենք սկսել ենք հարաբերությունները, եթե իրենք եկել են, մենք էլ պետք է գնանք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց նա: Հայ-թուրքական սահմանի բացումն էլ Հ. Բիշարյանը տնտեսական առումով շատ կարեւորում է, քանի որ, ըստ նրա, ապրանքների գները Հայաստանում կընկնեն, բավականին մեծ աշխուժություն կլինի, ավելի շատ մարդիկ կմտնեն, դուրս կգան Հայաստան, առևտուրն ու բիզնեսը կզարգանան: Իսկ դրանք կարևոր բաներ են: «Չեմ կարծում, որ դրանով կարող է հարված լինել մեր արտադրողին: Հակառակը, կարծում եմ` երկուստեք արտադրության ավելի հզորացման միտումներ կլինեն: Մենք եթե առևտրական-տնտեսական դաշտն ուսումնասենք, կտեսնենք, որ Թուրքիայից բավականին շատ ապրանքներ են ներկրվում: Այսինքն` այն, ինչ պետք է Հայաստան բերվի, արդեն բերվում է: Դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց կան առևտրային կապեր: Մեր հայրենակիցներն առաջ են ընկել դիվանագիտական հարաբերությունների կարգավորումից և իրենք իրենց հարաբերությունները կարգավորում են»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter