HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անորոշ ժամանակով Սիսիանի թիվ 4 մանկապարտեզը չի գործի

Արեւհատ Ամիրյան Սիսիանի թիվ 4 մանկապարտեզը, որ մի քանի տարի շարունակ փողհարվում էր որպես քաղաքի լավագույն մանկապարտեզներից մեկը, այժմ կողպված-կնքված դռներով է: Մանկապարտեզը անորոշ ժամանակով չի գործի, հաճախումները դադարեցված են: Պատճառը, ինչպես շատ շատերը որակում են որպես արտառոց եւ աննախադեպ, մանկապարտեզի 4 խմբերի 3.5-5 տարեկան 27 երեխաների մասսայական թունավորման դեպքն էր: Մանկապարտեզի 114 երեխաներից 43-ի մոտ հայտնաբերվել են թունավորման կլինիկական նշաններ, 24 երեխա ստացել է ստացիոնար բուժում, 5-ը` բուժում տնային պայմաններում` բժիշկների հսկողությամբ, 18 երեխա` ամբուլատոր բուժսպասարկում: Երեխաների վիճակն այժմ լավ է: Դեպքը, ինչպես ներկայացնում է Սիսիանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժնի վարիչ Մարիա Պետրոսյանը, գրանցվել է օգոստոսի 5-ի ժամը 13-ից հետո, երբ աշխատանքային ժամը բուժհաստատությունում գրեթե մոտենում էր ավարտին: Հիվանդանոց բերված առաջին 2 երեխային, որոնք, ի դեպ, միեւնույն ընտանիքի անդամներ էին, բուժօգնություն ցույց տալուց հետո, երբ բերվել է 3-րդ երեխան` ծայրահեղ ծանր վիճակում, ցնցումներով, ինտոկսիկացիոն փսիխոզով, պարզ է դարձել, որ դա վերոհիշյալ արտառոց դեպքի սկիզբն է միայն: Երբ սկսվել է մասսայական հոսքը հիվանդանոց, հասկացել են, որ գործ ունեն համաճարակի հետ, որի աղբյուրը թիվ 4 մանկապարտեզն է, ուր հաճախում էին հիվանդացած բոլոր երեխաները: Արտահայտված ախտանիշներից, անալիզներից պարզվել է, ինչպես հավաստիացրեց Մարիա Պետրոսյանը, որ հայտնաբերված վարակը սննդային տոկսիկոինֆեկցիա է, դիզենտերիա` փոխանցված սննդային ճանապարհով: Մեզ հետ զրույցում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արտյոմ Թադեւոսյանը տեղեկացրեց, որ դեպքն արձանագրվելուց հետո արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ոտքի է հանվել ողջ բուժանձնակազմը, շաբաթ-կիրակի օրերը հայտարարվել են աշխատանքային, թեեւ դեպքը ծայրահեղ ծանր էր, որեւէ խուճապ բուժաշխատողների միջեւ չի առաջացել, եւ մինչ Երեւանից կժամանեին ռեանիմացիոն բրիգադները, իրենք իրենց ուժերով եւ միջոցներով արդեն կարողացել են հաղթահարել լարվածությունը եւ բուժսպասարկումը դնել բնականոն հունի մեջ: «Սա մեծ փորձություն էր հիվանդանոցի համար, որը մեր բժիշկները պատվով հաղթահարեցին»,- հավելեց Ա. Թադեւսոյանը: Մինչ կբացահայտվեր թունավորման պատճառը, շրջանառվեցին տարբեր վարկածներ` ջրից, ուկրաինական խտացված կաթից, սանիտարահիգիենիկ վիճակից: Սակայն, ինչպես հավաստիացրեց Պետական հիգիենիկ համաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը, ուսումնասիրությունների, կատարված հետազոտությունների եւ անալիզների արդյունքում պարզվել է, որ միանշանակ վարակի պատճառը սնունդն է, երեւի թե` աղացած հին միսը: Նա թեականով խոսեց աղացած հին մսի` վարակի պատճառ լինելու մասին միայն նրա համար, որ, ինչպես ինքը հավաստիացրեց, այդ մսից նմուշ չէր պահպանվել, ինչը ռեժիմի խախտում է: Չէր պահպանվել նաեւ 24 ժամ պահպանության ենթակա պատրաստի ճաշատեսակից նմուշ, որը նույնպես ռեժիմի խախտում է: Տիկին Մալինցյանը նշեց, որ ճաշատեսակը` տոլման, պատրաստվել էր մեկ շաբաթ առաջ աղացած-սառեցրած 1.5 կգ եւ նոր ստացած 1.5 կգ մսի խառնուրդից, ինչն անթույլատրելի է, որովհետեւ աղացած մսի պահպանության թույլատրելի ժամկետը մանկապարտեզում 6 ժամն է: Նա հավելեց, որ չի պահպանվել նաեւ ճաշատեսակի ճիշտ թերմիկ մշակումն ու օգտագործումը: Մանկապարտեզում հայտնաբերվել են ռեժիմի հետ կապված այլ խախտումներ եւս. մանկապարտեզն իրավունք չուներ աղացած միս ստանալ, այն պիտի տեղում աղալ, վերցված լվացուկների տվյալներով` մանկապարտեզում ընդհանուր աղտոտվածությունը կազմել է 50%, այն դեպքում, երբ 10%-ից ավելի աղտոտվածությունն արդեն անթույլատրելի է: Լ. Մալինցյանը հավելեց, որ ուսումնասիրություններ են կատարվել նաեւ մատակարար կազմակերպությունում, մսի խանութում, ուր թեեւ հայտնաբերվել են որոշակի խախտումներ, բայց միանշանակ է, որ վարակի օջախը եղել է մանկապարտեզը: Տիկին Մալինցյանը բացառեց ջրից, խտացված կաթից, սանիտարական վիճակից վարակի տարածումը` նշելով, որ կատարված նմուշառումներում որեւէ շեղում չի հայտնաբերվել: Թեեւ լարված վիճակը հիմնականում թուլացել է, եւ, ինչպես հավաստիացնում է Լ. Մալինցյանը,  երեխաների առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում ու որեւէ հետք չի մնա, այնուամենայնիվ, խնդրի շուրջ թեժ խոսակցությունները դեռեւս շարունակվում են: Քանի որ, ինչպես ասաց Լ. Մալինցյանը, սննդային թունավորման մասին իրենց տված եզրակացությունը վերջնական եւ պաշտոնական է, կատարված տխուր միջադեպի մասին փորձեցինք իմանալ նաեւ թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Ամալյա Ալեքսանյանի կարծիքն ու վերաբերմունքը: Նա չափազանց հուզված ասաց, որ «երեխաներին չի կարելի թիրախ դարձնել`  քաղաքականության եւ շոու սարքելու համար: Ես չեմ կարողանում նայել երեխաների աչքերին, իսկ մարդիկ դրանից շոու են սարքում»: ՙ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն ասաց, որ առայժմ չեն շտապում որեւէ քայլ ձեռնարկել, մինչեւ իրական մեղավորները եւ պատճառները կհայտնաբերվեն, որից հետո հանդիպում կկազմակերպեն կոլեկտիվի հետ, կքննարկեն հարցը եւ մեղավորներին պատասխանատվության կենթարկեն: Կատարված փաստով հետաքրքրված են նաեւ իրավապահները: Սիսիանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: Դատախազ Հայկ Կարապետյանը նշեց, որ «դեպքը դասում է արտակարգ դեպքերի շարքին, եւ հենց առկա փաստով կարելի է քրեական գործ հարուցել մինչեւ բուն աղբյուրի բացահայտումը: Մասսայական թունավորումն արդեն ինքնին ամենայն լրջություն է ներկայացնում: Սա հարեւանների կենցաղային վեճ չէ, որ որեւէ մեկը աչք փակի: Եթե որեւէ մեկի մեղավորությունը հիմնավորվի, նա անպայման կենթարկվի օրենքով նախատեսված պատասխանատվության»: Մենք հանդիպեցինք նաեւ երեխաներին, նրանց ծնողներին եւ զրուցեցինք նրանց հետ: Նրանցից ոմանք ասացին, որ դեպքը հնարավոր է պատահեր նաեւ տներում, իրենք չեն դժգոհում մանկապարտեզից, նույնիսկ` շատ գոհ են տնօրենից, իսկ առավել ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված Գոռ Հայրապետյանի մայրը` Գոհար Գալստյանը, նշեց, որ «այդքանից հետո այլեւս իմ երեխային մանկապարտեզ չեմ ուղարկի, որովհետեւ նույն հնացած, մի քանի անգամ սառեցրած-ետ բերած մսից պատրաստած տոլման խոհարարն ու տնտեսվարը չեն տվել ուտելու իրենց թոռներին, եւ նրանք չեն թունավորվել: Երեխաներից մեկն էլ ասել է` տոլման կարմիր էր, վատ հոտ էր գալիս, դրա համար չկերա: Այդքանից հետո ես իմ երեխային ո՞նց վստահեմ նրանց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter