HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվում է 2010թ. պետբյուջեի քննարկումը

Խնայողության ռեժիմը եկող տարի եւս կպահպանվի Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգին անցնելը վարչապետը դիմել է կառավարության անդամներին և նրանց ուշադրությունը հրավիրել «Հրապարակում» հաղորդաշարի վրա, որը հեռարձակվում է Հ1-ով եւ մշտապես անդրադառնում է այն հարցերին, որոնք գտնվում են կառավարության օրակարգում:   «Մասնավորապես՝ ոսկու շուկայի, տաքսի ծառայությունների խնդիրները, անձնագրերի եւ վիզաների վարչության աշխատանքը, ինչպես են ընթանում գերեզմանատների գործառույթները, եւ այս հարցերում մեր հետեւողական աշխատանքը դրական արդյունք է տվել։ Իհարկե, խնդիրները դեռեւս ամբողջությամբ լուծված չեն, բայց այն ոլորտներում, որոնք եղել են մեր ուշադրության կենտրոնում եւ որոնց անդրադարձել է այս հեռուստատեսային հաղորդումը, ցույց են տալիս, որ եթե հետեւողական լինենք, կկարողանանք կտրուկ բարելավել այն ծառայությունները, որ մատուցում ենք մեր քաղաքացիներին»,-ասել է վարչապետը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Սիսիանի մանկապարտեզում արձանագրված դեպքերը, այն է` երեխաների թունավորմները, բոլորին պետք է մտահոգի, եւ պետք է քննարկվի, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկեն, որպեսզի ապագայում թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում բացառվեն նման դեպքերն ընդհանրապես։ «Սիսիանում տեղի ունեցածը նշանակում է, որ մենք դեռեւս խնդիր ունենք, եւ այն պետք է դառնա մեր քննարկման առարկան, հանրությանը պետք է տանք հստակ պատասխան, թե կառավարությունը լրացուցիչ ինչ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այդ ռիսկը հասցնի նվազագույնի։ Այդ պատճառով, կարծում եմ, ճիշտ կլինի, որ առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները համատեղ քննարկեն այս հարցը, ճիշտ կլինի նաեւ քաղաքապետարանի մասնակցությունը։ Տեսնենք թե ինչ վիճակ է այսօր դպրոցներում, մանկապարտեզներում եւ ինչ անելիք ունենք, որպեսզի Սիսիանի դեպքը չկրկնվի։ Եւ հանրությանն էլ տեղյակ կպահենք ձեռնարկված միջոցների եւ այդ ռիսկերի նվազեցման մասին»,-հավելել է վարչապետը։ Արձանագրային որոշումներ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2010թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը, ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին պարտավորեցրել մեկշաբաթյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ եւ ժամանակացույցի համաձայն ՀՀ վարչապետի մոտ սկսել պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումը։ ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել երեխաների եւ դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությանը, դրա ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագրին եւ 2010-2012թթ. գործողությունների ծրագրին՝ ֆինանսական գնահատմամբ։ 2005թ. ԱՀԿ նախաձեռնությամբ Եվրոպական տարածաշրջանի առողջապահության նախարարների կոմիտեն հաստատել է «Երեխաների եւ դեռահասների առողջության եւ զարգացման ռազմավարությունը», որի մշակմանն ակտիվորեն մասնակցել է Հայաստանը։ Փաստաթղթի ներդրմամբ ակնկալվում է համապարփակ լուծում տալ մի շարք խնդիրների, որոնցից են երեխաների եւ դեռահասների առողջության եւ սնուցման կարգավիճակի բարելավումը, տարիքին համապատասխան աճի եւ զարգացման ապահովումը, պատվաստումով ընդգրկվածության բարձրացումը եւ հիվանդության կանխարգելումը, երեխաների հիվանդացության եւ մահացության ցուցանիշների նվազեցումը, հաշմանդամության կանխարգելումը եւ այլն։ Գործադիրի հավանությանն է արժանացել հարկային եւ մաքսային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման նոր մեխանիզմների սահմանման հայեցակարգը, որի նպատակն է ապահովել հարկ վճարողների իրազեկվածության եւ օրենսդրության կիրառման միասնականության բարձր մակարդակը՝ հարկային եւ մաքսային օրենսդրության դրույթների պարզաբանման մատչելի եւ պարզ ընթացակարգերի սահմանման միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter