Ծեծկռտուք և կրակոցներ
Երեկ` ժամը 23.30-ի սահմաններում, 21-ամյա Վարդան և 19-ամյա Վիլիկ Կ.-երը ընկերների հետ Ոստան գյուղ տանող ճանապարհին` գերեզմանատան մոտ, վիճաբանել են եղբայրներ` 27-ամյա Մենուա, Արգիշտի և 28-ամյա Գևորգ Ս.-երի ու վերջիններիս ընկերների հետ, հարվածներ հասցրել միմյանց և մարմնական վնասվածքներ պատճառել Արգիշտի ու Գևորգ Ս.-երին, որից հետո վերջինս որսորդական հրացանից կրակել է Կ.-երի ուղղությամբ:
Գևորգ Ս.-ն մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Արգիշտի Ս.-ն ամբուլատոր բուժօգնություն է ստացել Արտաշատի հիվանդանոցում:
«Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է 12 տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ: Նշված վայրից տուգանային հրապարակ է տեղափոխվել նաև Ս.-երին պատկանող «Ֆոլքսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան` հետևի ձախ դռան ապակին կոտրված վիճակում, իսկ նույն դռան և առջևի ձախ անվաթևին` արնանման հետքեր:
Ավտոմեքենայի սրահից զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կոտրված խզակոթ ու 12 տրամաչափի հրացանի փամփուշտ:
Մենուա և Արգիշտի Ս.-երը ու Վարդան Կ.-ն բերման են ենթարկվել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցների անձերը պարզելու և նրանց ու Վիլիկ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքնները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել