HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիա, ազգային հոգեկերտվածք, թե իրավագիտակցություն

Որն է հանրային պաշտպանից հրաժարվելու պատճառը

2008-2009 թթ. հանրային պաշտպաններից հրաժարումների թիվն ավելացել է, և այս իրավիճակն առավել բնորոշ է հատկապես մարզերին: «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը Հանրային պաշտպանի գրասենյակի հետ համատեղ երեք մարզերում` Գեղաքունիք, Արագածոտն և Կոտայք, որտեղ ավելի մեծ թիվ են կազմում հրաժարումները, կատարել է ուսումնասիրություններ:

Ըստ ներկայացված տվյալների` 2008 թ. արձանագրվել է պաշտպաններից հրաժարման 364 դեպք, որից մեծ մասը` նախաքննության փուլում, իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` 102 դեպք, որից 62-ը` մազերում, իսկ 40-ը` Երևանում: Իրավիճակի պատճառների քննարկման և խնդրի լուծման ուղիների մատնանշման նպատակով այսօր քննարկում էր կազմակերպվել ՀՀ Փաստաբանների պալատում: Մասնակցում էին պատասխանատու կառույցների` դատախազության, քննչական գլխավոր վարչության, Ընդհանուր իրավասության դատարանի, Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և խնդրով հետաքրքրվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Թե որոնք են գլխավոր և ստույգ պատճառները, միանշանակ որեւէ պատասխան չհնչեց, սակայն գերակշռում էր պատճառները ազգային հոգեկերտվածքի մեջ փնտրելու տեսակետը. մասնակիցները մեծամասամբ կողմ էին, որ հանրային պաշտպաններից հարժարումն իրականացվի պաշտպանների ներկայությամբ: Փաստաբանների համոզմամբ` շատ հաճախ նախաքննության փուլում հենց քննիչներն են ուղղորդում մարդկանց, որպեսզի հրաժարվեն հանրային պաշտպանի ծառայությունից, և դա նրանց հաջողվում է, քանի որ մարդկանց գիտակցության մեջ արմատացած է այն, որ եթե անվճար պաշտպան է, ապա չի կարող որակյալ լինել: Սակայն բազմաթիվ դեպքեր են եղել, որ հանրային պաշտպան ներգրավելով, գործը այլ` առավել արդյունավետ ընթացք է ստացել, վեր են հանվել գործում չուսումնասիրված և չընդգրկված այնպիսի հանգամանքներ, որոնց շնորհիվ դատարանն ավելի մեղմ վճիռ է կայացրել: Քննարկվեց նաև այն, թե որն է առավել նպատակահարմար` հրաժարումը կատարվի պաշտպանի ներկայությամբ, թե ոչ: Հանրային պաշտպանները, քննիչների ուղղորդումից ձերբազատվելու համար, պնդում են, որ հրաժարումներն իրենց ներկայությամբ կատարվեն: Այս տեսակետին համաձայն էին և' դատարանի, և' դատախազության ներկայացուցիչները: Վերջիններս նշեցին, որ անհրաժեշտ է որոշում կայացնել, թե օրենսդրորեն որն է ավելի արդյունավետ: Միայն դեմ էր Երևանի քննչական վարչության ներկայացուցիչը: Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Աշոտ Կոստանյանի համոզմամբ` առավել արդյունավետ և պրակտիկ է, երբ քննիչն առանց պաշտպանի է որոշում կայացնում: Եթե պաշտպան են ցանկացել, ներգվավվում է գործում, եթե ոչ, ապա արձանագրվում է, որ մեղադրյալը հարժարվել է պաշտպանից: Այս ամենից հետո միայն պաշտպանը ներկայանում է և վերցնում որոշումը: 10_09-R-SahakyanՓաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նկատեց, որ նման դեպքերում արդեն դժվար է լինում հասկանալ, առավելևս ապացուցել` դատավորը կամ քննիչը արդյոք ուղղորդել են մեղադրյալին, որ հրաժարվի պաշտպանից, թե ոչ: Փաստաբան Յանիկյանն էլ նշեց, որ քննչական մարմինները Քրեական դատավարության օրենսգրքի 71- րդ հոդվածը շրջանցում են, որտեղ նշված է, որ պաշտպանից հրաժարումը պետք է լինի այն պաշտպանի ներկայությամբ, որը պետք է նշանակվեր: Փաստաբանն ասաց նաև, որ իրենք բազմիցս զգուշացրել և պահանջել են, որ քննչական մարմինները գործերում նշեն մեղադրյալի անվճարունակության մասին, ինչը չեն անում: Դատարանները ևս խախտումներ են կատարում` հաճախ անտեսվում է օրենսդրության այն պահանջը, որի համաձայն դատավորը պետք է գրի, որ ամբաստանյալն ազատվում է պարտադիր իրավաբանական օգնության վճարից: Քննարկմանը ներկա մի այլ փաստաբան` Անահիտ Սաղաթելյանը, որը սպասարկում է Վարդենիս և Մարտունի բնակավայրերը, ասաց, որ շատ հաճախ քննիչներն իրեն հրավիրում են հատկապես այն դեպքերում, երբ նախապես արդեն գիտեն, որ մեղադրյալը հրաժարվելու է պաշտպանից: Այս տարի նա ունեցել է ընդամենը 9 գործ, միչդեռ նշեց, որ 4 տասնյակ զինվորական գործեր են եղել, երբ կարող էր մասնակցել, բայց չեն ներգրավել իրեն: 10_09-A-OhanyanԱյն տեսակետը, որ դատարաններում ևս ամբաստանյալներին ուղղորդում են, որպեսզի հրաժարվեն հանրային պաշտպանից, Երևանի Էրեբունի-Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը հերքեց և առաջարկեց օրենքում փոփոխություն կատարել արագացված դատաքննության անցկացման կարգի վերաբերյալ: 10_09-H-XukasyanԵՊՀ դոցենտ և փաստաբան Հրայր Ղուկասյանի համոզմամբ էլ` խնդիրն առավել իրավական է, քան օրենսդրական. ոչ թե քննիչներն են ցանկանում ուղղորդել այլ, մարդկանց իարավագիտակցություն է ցածր մակարդակի վրա: 10_09-L-Tadevosyan

ՀՀ դատախազության ներկայացուցիչ Լիլիթ Թադեւոսյանը ևս, որպես հանրային պաշտպանից հրաժարումների պատճառ, նշեց ազգային հոգեկերտվածքը` միանշանակ հերքելով կոռուպցիոն պատճառը: Այս համոզմանն էին քննարկման գրեթե բոլոր մասնակիցները` բացի մեկից. Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով քննարկման ընթացքին, համոզմունք հայտնեց, որ ներկաներից շատերը ցանկանում են պատճառն ուղղակի հոգեկերտվածքին վերագրել, որպեսզի ակնհայտորեն չնշեն, որ խնդիրը կոռուպցիայի մեջ է:

Բելլա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter