
ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) GRID-Arendal կենտրոնը (Նորվեգիա) «ԳԵՈ-քաղաքներ» ծրագրի շրջանակներում ստեծված «ԳԵՈ Ալավերդի» ծրագրով իրականացված հետազոտությունները լուրջ մտահոգություններ է առաջացրել Ալավերդիում:
Մտահոգիչ էր հատկապես քաղաքի շրջակա միջավայրի ընդհանուր բնութագիրը, շրջակա միջավայրի ներգործությունը և ապագայի հեռանկարները ներկայացնող հետազոտության հատվածը, ըստ որի` 2007թ.-ին արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը հանրապետության մի շարք քաղաքների հետ համեմատած Ալավերդիում կազմել է ամենաբարձրը` 25176,2 տ, Երևանում՝ 2989,9տ., Արարատում՝ 1776,3տ, Հրազդանում՝ 1680,9տ, Վանաձորում՝ 53,4տ, Գյումրիում՝ 36,8տ:
Ալավերդիում մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի 99,4%-ը կազմում է ծծմբային անհիդրիդը (25021,4տ), 0,1%-ը ածխածնի օքսիդը (27,4տ): Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 38,6տ:
Մթնոլորտ արտանետված փոշու քանակը կազմել է 196,8տ: Քաղաքում ներկայումս գործող արտադրական կազմակերպություններից մթնոլորտի վրա առավել ազդեցություն է թողնում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է զուտ պղնձի արտադրությամբ և ունի վտանգավորության առաջին դաս:

«ԳԵՈ -Ալավերդի» ծրագրի և ընկերության բնապահպանական հետագա ծրագրերի մասին մեր հարցմանը ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանը պատասխանեց. «Մենք տեղյակ ենք ծրագրին, ես կարող եմ ասել, որ ծրագրի նախապատրաստական փուլում ևս մեր մասնակցությունը եղել է, քննարկումներին մենք երբևէ չենք ասել, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը գործունեության այն տեսքով ինչպիսին հիմա այն կա, ընդունելի է հենց բնապահպանական տեսանկյունից ելնելով, և մեր այդ տեսակետը հաստատվել է հենց այդ հաշվետվությամբ: Սցենարները, որոնք դուք նկատել եք` միջանկյալ սցենարը, որ, եթե որևէ բան չի փոխվում և ամեն ինչ շարունակվում է ինչպես հիմա կա, դա իհարկե, առանձնապես մեծ ոգևորություն չի առաջացնում հենց բնապահպանական տեսանկյունից: Մենք կիսում ենք զեկույցի հեղինակների մտահոգությունները, և այդ թվում, դրանով պայմանավորված մենք ինտենսիվացրել ենք մեր ջանքերը բնապահպանական տեսանկյունից բարելավումներ կատարելու ուղղությամբ: Ես հուսով եմ, որ մենք կգտնենք այդ ձևը, եթե` ոչ, այլընտրանքը միայն լինելու է, ձուլարանի գործունեության դադարեցումը: Եվ քաղաքի գոյությունը, բարգավաճումը պահպանելու համար այլ եղանակներ փնտրելը»:
Գագիկ Արզումանյանը նաև ասաց, որ ընկերության առաջնհերթ նպատակներից մեկը բնակչության առողջության պահպանումն է. «Ես չեմ կարծում, թե «ԳԵՈ-Ալավերդի» ծրագրում առանձնապես ոգևորիչ տվյալներ են ներկայացվել: Ծանր տվյալներ են, պայմանավորված գործարանի գործունեւթյամբ»,- ասաց նա:
Արտանետումների ազդեցությունը Ալավերդի քաղաքի բնակիչների վրա մեղմելու համար Գագիկ Արզումանյանը տեղեկացրեց, որ քննարկվում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծխնելույզը Կոշաբերդ սարի գլուխը բարձրացնելու խնդիրը, որը դեռ գաղափար է և քննարկվում է: «Երբ այն պատրաստ լինի, մենք կներկայացնենք հանրության քննարկմանը»,- հավաստեց Գագիկ Արզումանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել