Երիտասարդ ընդդիմադիրի դատական գործը կրկին հետաձգվեց
Մեղադրական եւ պաշտպանական ճառերը կլսեն շաբաթ օրը
Այսօր երիտասարդ ընդդիմադիր Վահագն Գեւորգյանի գործով դատական նիստը չկայացավ, քանի որ վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը պետք է մասնակցեր մեկ այլ դատական նիստի եւ դատարանին նախօրոք տեղեկացրել էր այդ մասին: Վահագնի գործի քննությունը կշարունակվի շաբաթ օրը՝ ժամը 11:30-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Հիշեցնենք, որ «Հիմա» երիտասարդական շարժման անդամ Վահագնը մեղադրվում է «վիրավորանքի» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ` քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով:
Այս տարվա ապրիլի 8-ին Վահագնին ոստիկանները բերման էին ենթարկել: Ըստ մեղադրանքի՝ 18-ամյա տղան հայհոյել եւ հարվածել է ոստիկանության աշխատակցին: «Հետքին» տված հարցազրույցում Վահագն ասել էր, որ իր դեմ հարուցված գործը «սարքած է», սակայն նա վստահ է, որ դատարանն իրեն մեղավոր կճանաչի. «Այլ տարբերակ չկա, քանի որ հակառակ դեպքում, պետք է ոստիկաններին դատեն»:
Վահագնը «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գեորգյանի որդին է: «Հնարավոր է՝ ինձ հետապնդում են հորս մասնագիտական գործունեության համար: Բացի այդ՝ ես վերջերս ակտիվ մասնակցում եմ ուրբաթօրյա «1+1+1» ակցիաներին, որը մեր իշխանությանն ահավոր նյարդայնացնում է»,- ասում է ընդդիմադիր երիտասարդը:
Շաբաթ օրը դատավորը կլսի մեղադրողի եւ պաշտպանի ճառերը եւ մեղադրյալի վերջին խոսքը: Նշենք, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Վահագնին սպառնում է 100 հազար դրամ տուգանք՝ «վիրավորանքի» համար եւ 300-500 հազար դրամ տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝«իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել