HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայ-թուրքական հարաբերությունների ու քաղաքականության մասին խոսում են համայնքապետերը

Օգոստոսի 31-ին հրապարակված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը քննարկվեց բոլոր քաղաքական ուժերի կողմից: Դրանից անմասն մնացին երեւի միայն համայնքապետերը: Դիվանագիտական հարաբերությունների, ինչպես նաեւ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանում են Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը եւ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի համայնքապետ Հրանտ Պետրոսյանը: Պարոն Խլոյան, ինչպե՞ս եք վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը: Ի՞նչ հայ-թուրքական… Ես հայ տղա եմ, թուրքերի հետ ի՞նչ գործ ունեմ: Խոսքը դիվանագիտական հարաբերությունների մասին է: Ես թուրքերից միշտ վատ բան եմ սպասել: Եթե մեկի հետ բարեկամություն ես անում, նշանակում է երկու կողմն էլ պետք է բարեկամներ լինեն, բայց թուրքերը մեզ բարեկամ չեն: Այսինքն, դուք դե՞մ եք, որ սահմանը բացվի: Իմ կարծիքով, թուրքերի հետ ո'չ հարաբերություններ պետք է հաստատենք, ո'չ էլ բարեկամություն անենք: Արիստոկրատ մարդիկ մտածում են` դե, ինչ եղել է անցյալում, թող մնա անցյալում ու հիմա նոր հարաբերություններ պիտի հաստատենք: Բայց թուրքերը տարիներով ապրել են Վարդենիսում, իրար հետ շատ լավ ենք եղել, կարելի է ասել` իրար հարս ու աղջիկ էինք արդեն տալիս, բայց Սումգայիթում ադրբեջանցիները հայերին կոտորեցին, թուրքերն էլ ստեղից թողեցին  փախան: Եթե թուրքերը մեր բարեկամներն էին, ինչի± թողեցին ու փախան` մենք իրանց թթու խոսք անգամ չէինք ասել: Թուրքը մնում է թուրք, իհարկե, ստեղ քաղաքական հարց կա, բայց ինձ բռնեք-կախեք` ես չեմ ուզում, որ թուրքերի հետ բարեկամություն անենք: Դաշտ գյուղի համայնքապետ Հրանտ Պետրոսյանի մոտեցումները բոլորովին այլ էին եւ տարբերվում էին Վարդենիսի քաղաքապետի կարծիքներից: Պարոն Պետրոսյան, ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների մասին: Դուք կո՞ղմ եք, որ երկու երկրների սահմանը բացվի: Ես չեմ թաքցնում ու երբեք ինձ թույլ չեմ տա բացասական քննադատություն անեմ հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Երբեմն այնպիսի քննադատություններ եմ լսում, որոնք հային վայել չեն: Առաջինը` պետք է ազգանպաստ քաղաքականություն վարենք, ոչ թե որ պահը մեզ ձեռք չի տալիս` սկսենք քարկոծել: Դա ստամոքս չի, որ միայն իմ փորի համար մտածեմ, վերջ ի վերջո երկիր է: Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, գյուղացու կյանքում ի՞նչ կփոխվի: Թուրքիան նույնպես գյուղատնտեսական երկիր է: Թուրքիայից ես իմ ինչ եկամուտներ չենք սպասում: Բայց սահմանը բացելու դեպքում մենք կունենանք ավտոմեքենայի կարճ ճանապարհ եւ մեր արտադրած որոշակի մթերքներ հնարավորություն կունենանք արտահանել Եվրոպա: Եթե մենք կարողանանք մի քանի հազար տոննա գյուղմթերք արտահանենք, բնականաբար, ապրանքի գինը կբարձրանա եւ գյուղացու վիճակը կլավանա: Այստեղից ներկրելու դեպքում էլ, եթե հիմա Իրանով է գալիս, սահմանը բացվելու դեպքում միանգամից Թուրքիայից կգա ու որոշակի ծախսեր կկրճատվեն: Իսկ բացասական հետեւանքներ չե՞ք տեսնում : Դա ժամանակը ցույց կտա: Ես ընդունում եմ, որ մեր մտքում ինչ-որ բան պետք է կանխատեսենք, բայց չի կարելի ասել, որ միանշանակ ամեն ինչ վատ է լինելու: Եթե միայն վատն ենք մտածում, դուրս է գալիս, որ մենք պիտի մեզ խփենք, վերջանանք գնանք: Էլ ինչի՞ մասին է խոսքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter