HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ա.Սարգսյան. «Դեմ ենք, որ այդ հարաբերություններն ազգային անվտանգության եւ ազգային շահերի անտեսման հետեւանքով են գնում»

Երեկ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սկիզբ դրեց Ղարաբաղում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունների հրապարակային քննարկմանը` հրավիրելով այդ թեմայով առաջին մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանում էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանը: Երկուսն էլ կարեւորելով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների շուրջ քննարկումները հայտնեցին այն կարծիքը, որ այդ հարաբերությունների վերաբերյալ Ղարաբաղը նույնպես պետք է ունենա եւ պարտավոր է արտահայտել իր հստակ կարծիքը, քանի որ այդ հարաբերությունների զարգացումները, ըստ Դավիթ Իշխանյանի, դարձել են համահայկական նշանակության եւ արդեն դուրս են Հայաստան-Թուրքիա հարաբերություններից: «Սա համազգային նշանակության խնդիր է, որը, բնականաբար, պետք է ունենա նաեւ համապատասխան քննարկումներ ԼՂՀ-ում` քաղաքական շրջանակներում, համապատասխան օղակներում եւ հասարակության շրջանում»,-այս կարծիքն է արտահայտել Դավիթ Իշխանյանը` միաժամանակ ավելացնելով, որ  այս անգամ քաղաքական մյուս ուժերին չեն փորձել ներքաշել գործընթացի մեջ, բայց լիահույս են, որ նրանք կարձագանքեն, եւ վերոնշյալ արձանագրությունները լուրջ քննարկման առարկա կդառնան: ՀՅԴ ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ մամուլի ասուլիսին կհաջորդեն նշված թեմայով կլոր սեղաններ, քննարկումներ, ինչպես նաեւ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ: Դավիթ Իշխանյանը հիշեցնելով հայ-թուրքական հարաբերությունների երեք նախապայմանները` տարածքային պահանջներից ՀՀ-ի հրաժարում, Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարում եւ Ղարաբաղի հարց, որոնք, ըստ նրա, ուղղակի կամ քողարկված ձեւով ներկայացված են արձանագրություններում, շեշտեց, որ չնայած հայկական դիվանագիտությունը փորձում է ներկայացնել, որ չկան որեւէ նախապայմաններ, դաշնակցությունն այլ կարծիք ունի, որն արտահատված է ՀՅԴ վերջին` սեպտեմբերի 1-ի հայտարարության մեջ: Դավիթ Իշխանյանը վտանգ է տեսնում հենց հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի միջեւ զուգահեռների անցկացման մեջ, եւ գտնում է, որ այդ պարագայում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում պետք է ակնկալել լուրջ եւ մեծ ճնշումներ, որոնք ուղղակիորեն կարող են անդրադառնալ ողջ հայության վրա: «Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հեռանկարով կանխատեսելի են նաեւ Պարսկաստանի հետ փոխհարաբերությունների սառեցման միտումները, որոնք մեզ համար նույնպես կարող են անդառնալի կորուստների տեղիք տալ»,-ավելացրեց նա: Իսկ ՀՅԴ մյուս ներկայացուցչի` Արմեն Սարգսյանի կարծիքով, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների երկար տասնամյակների սառնությունից հետո միանգամից կարճ ժամանակում սահմանների բացումը, սերտ համագործակցությունը, որոնց համաձայն են միայն ՀՀ իշխանությունները եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, իրենցից հասարակական պահանջ չեն ներկայացնում, ուստի եւ պետք է հանգել այն եզրակացության, որ ՀՀ իշխանությունները դեռ պատրաստ չեն Թուրքիայի հետ հարաբերությունների: «Մենք դեմ չենք այդ հարաբերություններին, այլ դեմ ենք, որ այդ հարաբերություններն ազգային անվտանգության եւ ազգային շահերի անտեսման հետեւանքով են գնում»,-շեշտեց Արմեն Սարգսյանը` շարունակելով, որ այսօր չկա նաեւ այն տնտեսական վերլուծությունը, թե այդ հարաբերություններն ինչպես կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, ինչ ճյուղեր են վնաս կրելու, որոնք են զարգանալու եւ այլն: Սա , Ա.Սարգսյանի, կարեւոր է նաեւ նրանով, որ չի բացառվում վերոնշյալ արձանագրությունները հանրաքվեի դնելը, ինչի համար ժողովուրդը չպիտի միայն վերացական բառերով հասկանա, որ սահմանի բացումը կարող է դրական կամ բացասաբար ազդել տնտեսության զարգացման վրա: Ա.Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն տնտեսական այդպիսի վերլուծություն է կատարել, որը ներկայացրել է ՀՀ նախագահին: Անդրադառնալով արձանագրությունների`երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչման մասին կետին, Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ դա նշանակում է Կարսի պայմանագրի հաստատում: Իսկ ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսության մասին կետն, ըստ նրա, վերաբերում է Ցեղասպանությանը, որն աշխարհի մի շարք երկրներ արդեն ճանաչել են: ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով, ընդունելով նաեւ այդ կետը, մենք փորձում ենք կասկածի տակ դնել Ցեղասպանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter