
«Թուրքիայի պահանջով է մտցվել այն կետը, որ այս փաստաթղթերի ստորագրությունից հետո պետք է մտնեն խորհրդարան հաստատման համար: Միջազգային պրակտիկայում դիվանագիտական հարաբերություններում Սահմանադրությամբ լիազորությունը տրված է նախագահին, սակայն Թուրքիայի նախագահը մտցրել է այդ կետը, որովհետեւ Թուրքիայի խորհրդարանը իր գործադիր իշխանությանը ճկունություն ունենալու հնարավորություն է տալիս»,- հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ իր կարծիքն է հայտնում ՀՀՇ վարչության անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով` միջազգային հանրությունը, ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքիայի խորհրդարանը ընդունում է որպես թուրք ժողովրդի կարծիքն արտահայտող անկախ մարմին: «Եթե Սերժ Սարգսյանը Հայաստանում փորձի օգտագործել այս նույն լծակը, աշխարհում չկա մի լուրջ մարդ, որը չիմանա, որ դա խաղ է, քանի որ այս Ազգային ժողովը Սերժ Սարգսյանի գրպանում դրված է»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Հովհաննես Իգիթյանը:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը կարծում է, որ փաստաթղթերն ԱԺ-ում վավերացնելու հարցն ընդգրկվել է արձանագրությունում` հաշվի առնելով դրա կարեւորությունը հայ եւ թուրք ժողովուրդների համար:
«Միացյալ Նահանգները երբեք չի ճնշի լեգիտիմ նախագահին, քանի որ նա ոչ թե անձ է, այլ ժողովուրդ է ներկայացնում, բայց Սերժ Սարգսյանն ընկալվում է որպես անձ, դիկտատոր եւ ռեժիմ»,- ասում է Հովհաննես Իգիթյանը եւ առաջարկում նախ լուծարել Ազգային ժողովը, ապա նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել:
«Պրոցեսը գնում է, եւ այն հնարավոր չէ կանգնեցնել, մենք կարող ենք այն միայն հետաձգել, եթե մենք լուծարենք խորհրդարանը, գոնե ժամանակ կունենանք հայ-թուրքական փաստաթղթերի վավերացման ժամանակը հետաձգելու համար»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:
ԱԺ նախկին պատգամավորի կարծիքով` Թուրքիան տարածաշրջանում խաղաղության կարգավորումը պատկերացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցի լուծման հետ` ի օգուտ Ադրբեջանի: «Թուրք պաշտոնյաները մշտապես հայտարարում են այդ մասին»:
Ռաֆիկ Պետրոսյանն էլ ասաց, որ Հանրապետական կուսակցությունում եւս որոշակի մտավախություններ կան, որ Թուրքիան առաջ կքաշի ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցը. «Սակայն նախաստորագրված արձանագրություններում նման կետ չկա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել