HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտանիքի վերջին տարիների միակ դրական փոփոխությունը գոմ սարքելն է եղել

11_09-SiranushԱրմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակչուհի Սիրանուշ Մկրտչյանը տնակի մի անկյունում ձմռան պատրաստություն էր տեսնում: Այս օրերի նրա հիմնական  զբաղմունքը պահածոներ փակելն է: Սիրանուշի ասելով, ամբողջ ձմեռ պահածոներով են ապրում, քանի որ գումար չեն ունենում այլես սնունդ գնելու համար: «Հազիվ հասցնում ենք: Աշխատանք չկա, ամուսինս է հիմնականում աշխատում ու դրանով յոլա ենք գնում: Հող մշակելով չենք կարողանում ապրել, շատ դժվար է: Չգիտենք,  թե տարին ինչ անակնկալ կմատուցի ու հողից ինչ եկամուտ կստանանք: Հողի բերքն անցյալ տարի ավելի լավ էր, քան այս տարի ու կարգին եկամուտ չստացանք: Նպատակ էինք դրել, որ տան պատերը վերանորոգեինք, բայց չկարողացանք: Մեր վաստակած գումարը քիչ է դրանով հազիվ ապրում ենք»,-ասաց Սիրանուշը: 11_09-SenikԸնտանիքը բաղկացած է 4 անդամից ու արդեն 10 տարի է երկու տղաներն ու ամուսինները` Սենիկն ու Սիրանուշը, ապրում են տնակում: Երկաթյա տնակը դրսից հիշեցնում է քարե շենք, սակայն, պատկերն ամբողջական է դառնում, երբ ոտք ես գցում շեմից ներս: Սենիկը ընտանիքին ձմռան ցրտից պաշտպանելու համար տնակի կողքերը քար է շարել ու տնակը դարձրել «տուն»: Տնակը մեկ սենյականոց է, որպեսզի այն ավելի «հարմարավետ» լինի եւ փոքրիկ հյուրասենյակ ունենան` պահարաններով մահճակալներն առանձնացրել են ու մի ոտաչափ արանք են թողել` երկրորդ սենյակի տպավորություն ստեղծելով: Սիրանուշը պատմեց, որ իրենց հողամասի վրա տնակ են դրել ու սկեսրոջ տնից դուրս են եկել` հույս ունենալով, որ քարե պատերով առանձին տուն կկառուցեն: Սկզբում միայն երկաթյա տնակն է եղել, հետո մի փոքր քարից միջանցք են սարքել ու այդպես արդեն 10 տարի է ապրում են: Հիմա արդեն հույս չունեն, որ մոտ ապագայում կունենան տարիներ առաջ երազած քարե տունը: «Մեր այս դժվարությունները տեսնելով, ուզում ենք մեր երեխաներին ուսումի տանք, որ լավ մարդ դառնան ու փոխեն այս ամեն ինչը: Մեծ տղաս` Վաչիկը այս տարի ընդունվել է Էջմիածնի ակումբագրադարանային քոլեջ: Նրա տարեկան վարձը կազմում է 70 000 դրամ, ու հիմա չգիտենք` կկարողանա մինչեւ վերջ ուսումը շարունակել, թե ոչ»,-պատմեց Սիրանուշը: Սենիկն էլ ասաց, որ աշխատում է հարեւան Շահումյան գյուղում եւ ամսական ստանում է 60-70 հազար դրամ. «Դրանով հազիվ երեխեքին ենք կարողանում յոլա տանենք, որ դասի գնալուց գոնե չամաչեն, որ հին շորեր են հագնում: Բայց այդ գումարով հնարավոր չէ տուն պահել, երեխուն դպրոց ուղարկել ու ուսանողի ճանապարհածախսն ու վարձը փակել»: Ամուսինների ասելով, ոչ մեկին չեն դիմել ու չեն էլ դիմի, իրենց միայն աշխատանք է պետք, որ աշխատեն ապրեն: «Դուք ինձանից ավելի լավ գիտեք, թե աշխատանք գտնելու համար ինչ է պետք կամ ով է պետք: Հիմա լավ ծանոթ է պետք, որ կարողանաս մի գործ գտնես»,-նշեց Սիրանուշը: Ամուսինն էլ ավելացրեց, որ եթե վստահ լիներ պաշտոնյաների օգնության հարցում, անպայման դիմած կլիներ «մեկ ա, արդեն գիտեմ, որ մերժելու են էլ ինչի համար դիմեմ»: Սիրանուշի ասելով, իրենց միայն համայնքապետն է օգնել: «Ինչով է օգնել»,-հարցրի տիկնոջը: «Թե բարոյապես, թե.. չգիտեմ` ինչ հարցով դիմել ենք, օգնել է»,-կծկտուր պատասխանեց Սիրանուշը: Վերջում հետաքրքրվեցինք, թե վերջին մի քանի տարում ընտանիքի համար ինչ դրական տեղաշարժեր են եղել: Սիրանուշը, երկար մտածելուց հետո, պատասխանեց. «Դրական բան եղել ա: Այս ընթացքում կարողացել ենք գոմ սարքենք ու հիմա անասուն ենք պահում: Դա է միակ փոփոխությունը»: Դաշտի գյուղապետ Հրանտ Պետրոսյանն ասաց, որ այս ընտանիքն, իրոք, կարիքավոր է, եւ գյուղապետարանն օգնում է ինչով որ կարողանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter