
«Իշխանությունները ոչ մի մասնակցություն չունեն «Ժառանգության» պառակտման մեջ, պատճառը կուսակցությունների չկայացած լինելն է»,- «Ժառանգություն» կուսակցության ներքին խնդիրների վերաբերյալ այսօր իր կարծիքը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ նրա` Րաֆֆի Հովհաննիսյանի հաճախակի բացակայությունն է պատճառը, որ «Ժառանգությունը» միասնական թիմ չդարձավ:
Իսկ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը նախ հերքեց այն տեղեկությունները, թե Հայ ազգային կոնգրեսն իր մասնակցությունն ունի «Ժառանգություն» կուսակցության պառակտման մեջ, ապա ասաց, որ իր համար «Ժառանգությունն» իրական ընդդիմություն է:

««Ժառանգությունն» ինձ համար այն մարդիկ են, որոնց ես ճանաչել եմ հատկապես մարտի 1-ի դեպքերի հետ կապված, իշխանության կողմից արված անօրինականությունների ընթացքում տեսել եմ, թե ինչպես են նրանք մարդկանց իրավունքները պաշտպանում` օգտագործելով իրենց պատգամավորական մանդատը: Ինձ համար դա կարեւոր է: Ցանկացած քաղաքական ուժ կարող է ձեւացնել, որ ինքը ընդդիմություն է, ինչպես որ ժամանակին «Օրինաց երկիրն» էր անում: Դաշնակցությունը կարող է ասել, որ ինքը ընդդիմություն է եւ համաձայն չէ մադրիդյան սկզբունքների հետ: Բայց ընդդիմությունը բնորոշվում է այն համարձակ քայլերով, որ ինքն անում է ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում հաստատելու համար: «Ժառանգության» անդամներին ես այդպես եմ ճանաչում»,-ասաց Հովհաննես Իգիթյանը:
««Ժառանգությունը» արժանի չէ պաշտպանության, նրանք միայն մերկապարանոց հայտարարություններ են անում, միայն քննադատում են եւ սեւ աչքերով են նայում ամեն ինչին»,- հայտարարեց Ռաֆիկ Պետրոսյանը, որին Հովհաննես Իգիթյանը հակադարձեց. «Ես էլ եմ սեւ աչքերով նայում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել