HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյան. վրացական իշխանությունների «ռազմագերի-պատանդը»

Սեւակ Արծրունի

Յուրաքանչյուր ազգի համար գերագույն խնդիրը իր Հայրենիքում հարատեւելն է:  Հանուն դրա տարվող պայքարը շարունակվում է այնքան ժամանակ, ինչքան շարունակվում է ազգը. այդ պայքարն է շարունակում ազգը: Հայության հարատեւումը իր պատմական Հայրենիքում պայմանավորված է իր բոլոր հատվածների, այդ թվում` արցախահայության եւ ջավախքահայության հարատեւմամբ:

Հանուն ջավախքահայության հարատեւման ընթացող պայքարը հետապնդում է   ջավախքահայության լեզվա-կրթական, կրոնական, մշակութային, սոցիալ-տնտեսական իրավունքների իրացման նպատակը: Վրացական իշխանությունները այդ պայքարին հակազդում են պետական մեքենայի բոլոր միջոցներով,  դրա դեմ նետում իրենց տրամադրության տակ առկա ռեսուրսների եւ լծակների զգալի մասը: Այդ հակազդեցության քաղաքականության վերջին թիրախներից մեկը դարձավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը 2008թ. հուլիսից գտնվում է անազատության մեջ: Նրա նկատմամբ Վրաստանի իշխանությունները ձերբակալման պահից անցած այս ամբողջ ժամանակահատվածում դրսեւորում են բացարձակ անհանդուրժողական վերաբերմունք` առաջադրելով մտացածին մեղադրանքներ, դատավարությունը տանելով խայտառակ խախտումներով, նրա նկատմամբ կիրառելով բանտային ճնշումների ամբողջ զինանոցը, ոստիկականական հալածանքների միջոցով ահաբեկելով նրա բարեկամներին ու համախոհներին: Այս ամենը բաժին է հասել Վահագն Չախալյանին միայն այն բանի համար, որ նա «հանդգնել» է իր կազմակերպչական ունակություններն օգտագործել ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքար տանելու համար: Եթե երեւոյթը դիտարկենք կենտրոնանալով ո'չ թե ձեւական, այլ փաստացի հատկանիշների վրա, ապա պարզ է դառնում, որ Վահագն Չախալյանը վրացական իշխանությունների կողմից ըևկալվում է որպես «ռազմագերի-պատանդ»: Նրան բացահայտ եւ ցուցադրական կերպով դատելով որպես հայ ազգային-քաղաքական գործիչ, եւ մասնավորապես, մեղադրանք առաջադրելով Ախալքալաքում «հանրային կարգը խախտող» ցույցեր եւ հանրահավաքներ կազմակերպելու մեջ` վրացական իշխանությունները Չախալյանի դատավարությունը վերածել են ջավախքահայության նկատմամբ դատավարության: Ջավխքահայ գործչի  օրինակի վրա ջավախքահայությանը ցույց է տրվում, թե ին'չ ճակատագրի կարող է արժանանալ իր երկրի հայազգի քաղաքացին, եթե հանդգնի բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները եւ գործնական քայլերով փորձի պահանջել դրանց լուծում տալը: Խտացվում է ջավախքահայության շրջանում հիասթափության, հուսալքության ու վախի մթնոլորտը, ինչի հետեւանքով աճում է արտագաղթը: Միաժամնակ, Վահագն Չախալյանին ազատություն է առաջարկվում` ներման խնդրագիր ստորագրելու եւ երկրից հեռանալու կամ ջավախքահայության իրավունքների պաշտպանությամբ այլեւս չզբաղվելու պարտավորություն ստանձնելու դիմաց: Առարկայական հանգամանքների բերումով  այսօր ջավախքահայության` իր իրավունքների իրացման համար մղվող պայքարի հիմնական ճակատներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը` դա Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներն են: Վրացական իշխանությունները օր օրի ավելացնում են ճնշումը Վահագն Չախալյանի վրա` խստացնելով նրա բանտային պայմանները, մեկուսացնելով նրան հայ փաստաբանից եւ Հայրենիքի հետ կապից, զրկելով նրան տարրական իրավունքներից: Ինքնապահպանման բնազդի թեկուզ տարրական մնացուկներով օժտված որեւէ ազգի համար բացառապես իր ազգային գործունեության պատճառով օտարի բանտում հայտնված հայրենակից գործիչը սրբություն է եւ համազոր է նահատակի: Այս իրողության չգիտակցելը կամ թերագնահատելը, այդ գործչի ազատ արձակմանն ուղղված գործուն քայլեր չձեռնարկելը` չի' կարող արդարացվել որեւէ նեղանձնական կամ նեղկուսակցական շահերով, որեւէ մարտավարական կամ «դիվանագիտական» նկատառումներով: Հայությունն իրավունք չունի չգիտակցել եւ չընդունել այն իրողությունը, որը գիտակցում եւ օգտագործում են վրացական իշխանությունները, այն է` Վահագն Չախալյանի «ռազմագերի-պատանդի» կարգավիճակը: Միայն դա գիտակցելով եւ միասնական ջանք գործադրրելով կարելի է կոտրել վրացական իշխանությունների խտրական վերաբերմունքը եւ հասնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստի ազատ արձակմանը եւ ջավախքահայության դատի հաղթանակի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter