Հիսուն միլիոն եվրոյի շեմ` Սերժ Սարգսյանի առաջարկած հիմնադրամի համար
Ամիսներ առաջ երիտասարդների հիմնած «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից վեր հանված հիմնախնդիրները քաղաքացիական և քաղաքական քննարկումների մեծ ալիք բարձրացրեցին, իսկ նախաձեռնությունը կարելի է համարել նմանատիպներից ամենահաջողվածը:
Հայաստանում գիտությանը ՀՆԱ չնչին մաս՝ զրոյական տոկոս հատկացնելը իրոք ծայրահեղ մտահոգիչ է:
Նախաձեռնության ակտիվ աշխատանքի շնորհիվ հայաստանյան ամբողջ քաղաքական ներկապնակը հաղորդակից դարձավ գիտության ֆինանսավորման ավելացմանն ուղղված հանրային դիսկուրսին, ինչն էլ վստահաբար առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ կմտնի տարբեր կուսակցությունների ծրագրերի և նախընտրական խոստումների մեջ և, ի վերջո, ինչ-որ ձևով կդառնա իրականություն: Սակայն ինչպիսի՞ իրականություն և որո՞նք են լինելու ֆինանսավորման հիմնական ձևերն ու գործիքները:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության շրջանակներում ծավալված դիսկուրսի կարևոր հարցերից մեկն էլ ֆինանսավորման արդյունավետության բարձրացման առաջարկություններն էին: Մասնավորապես ֆինանսավորել հատկապես այն գիտնականներին, որոնք հոդվածներ ունեն համապատասխան վարկանիշ ունեցող միջազգային գիտական ամսագրերում: Սա աշխարհում գիտության ֆինանսավորման ընդունելի ձևն է, երբ ազդեցության գործակից (Impact Factor) ունեցող գիտական հանդեսներում հոդվածներ ունեցողները հատուկ ֆոնդերից, հիմնականում պետական, ստանում են լրացուցիչ գումարներ: Մեկ այլ ձև է տարբեր մասնավոր հիմնադրամների կողմից զանազան բնագավառներում կատարվող հետազոտությունների համար դրամաշնորհների հատկացումները:
Օգոստոսի 28-ին ՀՀ նախագահը հանդիպեց նախաձեռնության կողմից կազմակերպված, գիտության ֆինանսավորման հարցերին նվիրված սեմինարի մասնակիցներին և ասաց, որ կփորձի ներգրավել մարդկանց' հիմնադրամ ստեղծելու համար, որի ղեկավարումը կհանձնվի գործընթացը սկսածներին:
Իհարկե նմանատիպ հիմնադրամները գիտության ֆինանսավորման տարբերակ կարող են դիտվել: Սակայն ո՞րն է լինելու շեմը: Մի քանի հարյուր միլիոն դրամ ներգրավելը կարելի է նույնիսկ ֆեյսբուքյան խմբի ջանքերով: Իսկ մի քանի միլիոն դոլարի ներդրում կաներ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն կամ ազգ, ով պնդում է արևի տակ գոյության իր իրավունքը......
Այս հիմնադրամը պետք է միայն ու միայն հիմնված լինի անձեռնմխելի դրամագլխի վրա՝ առնվազն 50 միլիոն եվրո արժողությամբ, որի միայն տարեկան տոկոսները պետք է օգտագործվեն՝ մրցութային հիմունքներով տարաբնույթ գիտական ծրագրեր ֆինանսավորելու համար։ 50 միլիոն եվրոն պետք է լինի շեմը նախագահի համար: Կկարողանա արդյո՞ք Սերժ Սարգսյանն այս շեմին հասնել իր խոստումն իրականացնելիս' ցույց կտա նրա տրամադրվածության լրջությունը գիտության ֆինանսավորման ավելացման խնդրի շուրջ:
Հայկ Խանումյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել