75 ստորագրություն` հրաժարականի պահանջով
Այս պահին Սարյանի այգում հավաքվել են «Ժառանգություն» կուսակցության շարքային անդամները, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում կուսակցության վարչության կայացրած որոշումներից:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ «Ժառանգության» վարչությունը որոշում էր կայացրել ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանին, Մովսես Արիստակեսյանին եւ եւս 3 անդամի հեռացնել կուսակցության շարքերից:
«Մենք ստորագրահավաք ենք անում վարչության անդամների հրաժարականի պահանջով, արդեն կուսակցության 75 անդամներ ստորագրել են, բայց մենք 700-ի պետք է հասցնենք, համոզված եմ` մեկ շաբաթում մենք այդ թիվը կունենանք»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց Զոյա Թադեւոսյանը:
Քանի՞ անդամ ունի «Ժառանգություն» կուսակցությունը. Զոյա Թադեւոսյանը հիշում է կուսակցության վարչության վերջին նիստը, որի ընթացքում հայտարարվել է ընդամենը 2000 անդամի մասին: «Դա այն թիվն է, որն անհրաժեշտ է կուսակցություն ունենալու համար, այսինքն` հնարավոր է այդքան չկան էլ, պարզապես եզրային թիվն է հայտարարվել»:
Մեր այն հարցին` արդյո՞ք կուսակցության ներքին խնդիրները քննարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, Զոյա Թադեւոսյանը բացասական պատասխանեց. «Կարծում եմ` չենք էլ քննարկի, եթե դա հնարավոր լիներ, պետք է լիներ ավելի շուտ, որպեսզի այս ամենը տեղի չունենար: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լիներ, մեր կուսակցությունում համախմբվածությունը կպահպանվեր»:
«Վարդան Խաչատրյանը մանդատը վայր չի դնելու»
Զոյա Թադեւոսյանը վտսահեցնում է, որ շարունակելու է ընդդիմության շահերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, իսկ Մովսես Արիստակեսյանը պատրաստվում է վերցնել Րաֆֆի Հովհաննիսյանի վայր դրած մանդատը, քանի որ ըստ կուսակցության համամասնական ցուցակի` հաջորդն ինքն է:
ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը դեռեւս որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել, բայց Զոյա Թադեւոսյանը վստահ է, որ նա վայր չի դնելու իր մանդատը. «Նա շարունակելու է աշխատել խորհրդարանում, քանի որ այդ ձայները ժողովրդից է ստացել: Վարդան Խաչատրյանն ամենաարժանի ժառանգականն է լինելու խորհրդարանում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել