HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետպատվերով բուժվելու համար պետք է նաեւ պաշտոնյաների միջնորդությունը

12_09-dokorՀՀ կառավարության 2008թ-ի մարտի 27-ի համար 276-Ն որոշմամբ հաստատվել է առաջնային անվճար բժշկական օգնության ցանկը: Հատկապես մարզային հիվանդանոցներ այցելում են հիմնականում այդ ցանկի մեջ մտնող հիվանդները, որպեսզի բուժօգնությունը պետպատվերի շրջանակներում ստանան: Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի հիվանդանոցը տարեկան սպասարկում է մոտ 2000-ից ավել հիվանդների, սակայն նրանց զգալի մասը` պետպատվերի շրջանակներում է բուժվում: Պետպատվերով բուժվելու դեպքում կա որոշակի սահմանափակումներ, որոնց ցանկը հաստատել է նույնպես կառավարությունը: Եթե քաղաքացին ընդգրկված է աղքատության ընտանեկան նպաստի համակարգում  եւ ունի 36 եւ բարձր անապահովության միավոր, ապա նշված քաղաքացու բուժումը հիվանդանոցներում անվճար է: Այլ սոցիալական խմբերի համար եւս սահմանված են արտոնություններ, սակայն թղթաբանությունն այնքան շատ է, որ առողջ մարդը կարող է հիվանդանալ, էլ ուր մնաց հիվանդը կարողանա այս ամենը գլուխ բերել: 12_09-G-AxajanyanՍեւան քաղաքի բնակիչ Գարուն Աղաջանյանը երկար տարիներ շտապօգնության մեքենաների վարորդ է աշխատել Սեւանի  հիվանդանոցում: Նա մեզ փոխանցեց, որ առողջական խնդիրներ ունի, սակայն չի համարձակվում հիվանդանոց դիմել, քանի որ գումար չունի: «Հիվանդանոցից էլ ասում են, պիտի «Փարոս»-ից թուղթ բերես, որ զեղջով բուժենք: 23 տարի շտապօգնության վարորդ եմ եղել, սաղ էլ ինձ ճանաչում են: Ընդոնք էլ մեղք չունեն` օրենքով էդպես ա նախատեսված: Ով էլ «Փարոս»-ի թուղթ չունի, ասում են պիտի վճարես, ես էլ  ախմախ եմ էթամ հիվանդանոց պառկեմ, իրանց վարձը տամ: Մի ապեռացիան 800-1000 դոլար ա, առողջական խնդիրներ ունեմ, բայց ռիսկ չեմ անում էթամ հիվանդանոց, երբ կմեռնեմ կմեռնեմ էլի»,-ասաց Գարուն պապը: Սեւանի հիվանդանոցի տնօրեն Արամ  Նիկողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդները տարբեր ատյաններ դիմելուց հետո, միջնորդություններ են բերում: Այդպես իրենք իրավունք են ունենում  որոշ քանակով հիվանդների հանձնաժողովի միջոցով ընդառաջել եւ պետպատվերով բուժօգնություն կազմակերպել: 12_09-A-Nikoxosyan«Ինչքան հնարավոր է, լինում օգնում ենք, որ անվճար բուժօգնություն ստանան: Անվճար բուժվելու համար շատ են դիմում: Մարզպետի գրությունով նույնպես կարողանում ենք հիվանդին անվճար բուժօգնություն ցուցաբերել»,-ասաց Ա. Նիկողոսյանը: Հիվանդանոցում կա 33 հիվանդասենյակ: Վճարովի հիվանդասենյակներում մեկ օրն արժե 3000 դրամ` չհաշված բուժօգնության արժեքը: Արամ Նիկողոսյանի ասելով` վճարովի բուժօգնության համար դիմողներ նույնպես կան, սակայն հիմնական իրենց այցելուները պետպատվերով բուժվողներն են: «Մեզ հիմնականում անհետաձգելի բուժօգնության դեպքերով են շատ դիմում` վթարներ, տրավմաներ, ինսուլտ, ինֆարկտ: Շատ են դիմում շաքարային դիաբետով կոմայի մեջ ընկած հիվանդները: Տնային մահացությունների թիվը ստույգ չեմ կարող ասել, բայց դրանք այդքան էլ շատ չեն: Տնային պայմաններում մահանում են հիմնականում այն հիվանդները, որոնք դիսպանսեր հսկողության տակ են լինում կամ լինում են միայնակ ծերունիներ»,-ավելացրեց հիվանդանոցի տնօրենը: Ըստ նրա` Սեւանում երիտասարդացել են հատկապես  սրտի իշեմիկ հիվանդությունները: Նշենք, որ Սեւան քաղաքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանն էլ  օրեր առաջ «Հետք»-ին ասել էր, որ Սեւանում հաճախակի է դարձել միջին տարիքի տղամարդկանց մահացությունը` հատկապես սիրտ-անոթային հիվանդություններից: Երիտասարդների շրջանում հաճախակի են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացության դեպքերը, իսկ կանանց մոտ` ավելացել է կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը: «Եթե մի քանի տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղից մահացող կանանց տարիքը հիմնականում 35-40 տարեկանն էր, հիմա ավելի երիտասարդ տարիքում էլ է հանդիպում` 26 տարեկանից սկսած»,-ասել էր Մանուշ Կիրակոսյանը (Տես`««Փարոսը» դարձել է ամուսնալուծության պատճառ», http://hetq.am/am/society/manush-kirakosyan/): Ա. Նիկողոսյանից հետաքրքրվեցինք, արդյոք Երեւանի հիվանդանոցներ դիմում են ֆինանսապես ապահովված հիվանդները: «Կարող ենք այդպես էլ ենթադրել, կարող ենք ուրիշ ձեւ էլ ենթադրել: Այսօր հիվանդները կարող են գնալ Երեւան լուրջ հետազոտություններ անցնեն, որոնք մեզ մոտ չկան: Եթե ես ունեմ գումար, ապա կուզենամ լուրջ սարքավորումներով հետազոտվել: Նման բաների համար են գնում ոչ թե, ասենք` կույր աղիքի վիրահատության համար:  Երեւան դիմելու հիմնական պատճառը սարքավորումների բացակայությունն է: Մարզային հիվանդանոցներն այսօր նման սարքավորումներով հագեցված չեն: Օրինակ, մեզ մոտ համակարգչային տոմոգրաֆիա չկա, բայց կա երեւանյան կլինիկաներում: Բոլոր ինսուլտով հիվանդները պետք է անպայման ստուգվեն այդ ապարատով: Մեր ռենտգենի ապարատը հին է, իսկ Երեւանում լավն է: Գործիքային հետազոտությունների խնդիրն է այստեղ: Հիմնականում սարքավորումներով ապահովված ենք, թանկ սարքավորումների պակաս ունենք: Իսկ այսօր ո՞ր մի մարզային հիվանդանոցն ունի նման սարքավորումներ` ոչ մի տեղ չկա»,-հնչեց պատասխանը: Արամ Նիկողոսյանը հավատացնում էր, որ սարքավորումների բացակայությունը հիվանդների բուժման որակի վրա չի ազդի, պարզապես կան հիվանդություններ, որ պետք է պարտադիր հետազոտություններ անցնեն: «Այդ հետազոտությունները հիվանդները հենց այնպես չեն անցնում, քանի որ դրանք տվյալներ են տալիս բուժող բժիշկին, որպեսզի կողմնորոշվի եւ ճիշտ ախտորոշում տա հիվանդին: Շատ լավ բուժող բժիշկներ ունենք: Չգիտեմ այլ մարզերում ինչպես է, բայց Սեւանի հիվանդանոցներում մեծ քանակ է կազմում հիվանդների թիվը»,-ավելացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Նրա խոսքերով Առողջապահության նախարարի կողմից կենտրոնացված կարգով բազմաթիվ բուժսարքավորումներ ստացել են: Որպես օգնություն, բուժսարքավորումներ են ստացել նաեւ Սեւանի քույր քաղաք Գրենոբլի հիվանդանոցներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter