
«Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Զոյա Թադեւոսյանը եւ Մովսես Արիստակեսյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրել կուսակցության վարչության անդամներին, ինչպես նաեւ հեռացված անդամներին: «Այդ նամակով Րաֆֆի Հովհաննիսյանը տալիս է քաղաքականությունից դուրս գալու իր վերջին հրաժարականը, այսինքն` լքում է կուսակցությունը»,- ասաց Զոյա Թադեւոսյանը:

«Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը «Հետք»-ին ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, քանի որ դա ներքին նամակագրություն է: «Ես ցավ եմ հայտնում, որ Զոյա Թադեւոսյանը շահարկում է ներկուսակցական նամակագրությունը եւ բովանդակությունը խեղաթյուրված է ներկայացնում»,- ասաց Հ.Խուրշուդյանը:
Խուրշուդյանի հավաստմամբ` Հովհաննիսյանը չի լքել «Ժառանգությունը»: «Դա ապատեղեկատվություն է, նման բան չկա»: Կուսակցության վարչության անդամ, Աժ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Հետք»-ին ասաց, որ նամակում Րաֆֆի Հովհաննիսյանի` քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ խոսք չկա:
Իսկ Զոյա Թադեւոսյանն կարծում է, որ նամակի բովանդակությունը պետք է հայտնի լինի բոլոր կուսակցականներին:

«Այլապես նրանք կարծում են, թե վարչության անդամները գործում են նրա անունից, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս «Ժառանգության» հետ որեւէ կապ չունի»,- վստահ է Զոյա Թադեւոսյանը:
Նամակն ուղղվել է գրասենյակի ղեկավար Գեւորգ Կալենչյանին. «Նամակի ձախ անկյունում գրված է, թե ում է հասցեագրված այդ նամակը եւ մենք հերթով գնում ենք Կալենչյանի մոտ եւ կարդում ենք»,- ասաց Զոյա Թադեւոսյանը: Գեւորգ Կալենչյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել, քանի որ նրա հեռախոսը անհասանելի է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել