HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ»

12_09-bookՍեպտեմբերի 15-ին Մոսկվա կինոթատրոնում կբացվի «Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվի Օսմանյան կայսրությունում 1900-1910 թթ. հայ համայնքների կյանքի մասին պատմող Օռլանդո Կալումենոյի հարյուրավոր բացիկների հավաքածուն: Բացիկները հրատարակվել են անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում, հայ և ոչ միայն հայ հրատարակիչների կողմից և պատմում են Օսմանյան կայսրությունում այդ տարիներին ապրող հայերի կյանքի, հայկական եկեղեցիների, դպրոցների, հայերին պատկանող բազմաթիվ գործարանների, ճաշարանների, հյուրանոցների և այլ հաստատությունների մասին: Այնթապում, Մարաշում, Զեյթունում, Կեսարիայում, Մուշում, Վանում, Էրզրումում, Կարսում, բազմաթիվ այլ քաղաքներում, գյուղերում ու գյուղաքաղաքներում բնակվող հայերի կենցաղի, զբաղմունքի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների առաքելությունների կողմից հայկական թաղամասերում իրականացված բարեգործական աշխատանքների և պատմական տարբեր վայրերի ու իրադարձությունների մասին պատմող ավելի քան 4000 փոստային բացիկների ու ծրարների հավաքածուն պատկանում է իտալացի Օռլանդո Կալումենոյին, որի մայրը հայ էր: 12_09-Osman-QyoqerԲացիկներից 500-ը թուրք պատմաբան և հրատարակիչ Օսման Քյոքերի ջանքերով առաջին անգամ ցուցադրվել է 2005 թ. հունվարին, Ստամբուլում, «Սիրելի եղբայրս» խորագրով ցուցահանդեսում: Օսման Քյոքերը հրատարակել է 400 էջանոց գիրք` նվիրված բացիկների հավաքածուին: Ինքը` հեղինակը, բազմիցս խոսել է այն մասին, որ գրքի հրատարակությունը բարդ է եղել, քանի որ որևէ հրատարակչություն չէր ուզում ստանձնել Օսմանյան կայսրությունում հայերի` նման զգալի ներկայության, թուրքական պետության մեջ նրանց ունեցած մշակութային, տնտեսական մեծ ավանդի  մասին պատմող բացիկների վերաբերյալ գիրքը: Օսման Քյոքերը ստիպված է եղել հիմնել սեփական  «Բիրզամանլար»  հրատարակչությունը` գիրքը հրատարակելու համար: Առաջին անգամ երևանցիները հնարավորություն կունենան ծանոթանալու Թուրքիայում անցյալ դարասկզբին հայկական զգալի ներկայության մասին պատմող այս բացառիկ հավաքածուին: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի նաև Օսման Քյոքերը: Ցուցահանդեսը կազմակերպել են Սիվիլիթաս հիմնադրամը և «Բիրզամանլար» հրատարակչությունը: Ցուցահանդեսի պաշտոնական հովանավորն է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter