HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» դիմել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդին

12-09_GarangutyunԱյսօր Արմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը «Ժառանգություն» կուսակցության եւ համանուն խորհրդարանական խմբակցության անունից պաշտոնական գրություն են ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Դեռեւս ս.թ. սեպտեմբերի 3-ին «Ժառանգություն» կուսակցությունը հանդես էր եկել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների` 2009թ. օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրությանն ու նախաստորագրված երկու արձանագրություններին նվիրված հայտարարությամբ: Ի թիվս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պետական-հասարակական-քաղաքական վերաբերմունքի ու տեսակետների վերհանմանն ուղղված եւ մեր կողմից նպատակահարմար համարվող 10 քայլերի, մենք նշել էինք այդ նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի հրավիրումը` դրան մասնակից դարձնելով նաեւ խնդրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին եւ մասնագիտական շրջանակներին: Ի հաստատումն մեր այդ դիրքորոշման` «Ժառանգություն»  կուսակցությունը եւ նույնանուն խորհրդարանական խմբակցությունը դիմում են Ձեզ` ՀՀ նախագահի եւ Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ միասին նախաձեռնել վերոնշյալ նիստը: Խնդիրը մամուլի ակումբներում, հեռուստառադիոեթերում կամ տպագիր մամուլում քննարկելուց զատ, կարեւոր է նախաստորագրված արձանագրությունների, առկա իրավիճակի ու դրա հետագա զարգացումների համալիր եւ համապարփակ վերլուծությունը պետական ինստիտուտներում»: «Ժառանգությունը» նաեւ տեղեկացրել է, որ խմբակցության պատգամավորների եւ կուսակցության կողմից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին հղված նամակը պաշտոնական գրություն է, որը «ԱԺ կանոնակարգ օրենքի»  7-րդ հոդվածի բ) կետով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում է գրավոր պատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter