Դաշնակցությունը հացադուլ եւ նստացույց կանի
Սեպտեմբերի 15-ից ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի դիմաց, կանցկացնի հացադուլ եւ նստացույց, կկազմակերպվի ստորագրահավաք` քննարկման առարկա դարձնելով Շվեյցարիայում նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը:
Բացի այդ, ասուլիսների եւ ժողովներ միջոցով Դաշնակցությունը մանրամասն կքննարկի եւ կվերլուծի արձանագրությունների բովանդակությունը, հանրությանը կներկայացնի արձանագրություններից բխող վտանգները:
Դաշնակցությունը երեկ տարածել է հատուկ հայտարարություն մեկնարկելիք ակցիաների վերաբերյալ, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ. ՀՀ իշխանությունները հրապարակել են հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման եւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերի փաթեթը: Հանրությանը հավաստիացվում է, որ փաստաթղթերը չեն պարունակում որեւէ նախապայման:
Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Նախաստորագրված բոլոր փաստաթղթերում քողարկված ձեւով առկա են մեր պետության եւ ժողովրդի համար խիստ վտանգավոր թուրքական նախապայմանները:
Ըստ էության`
1. Ճանաչվում է հայ-թուրքական ներկա սահմանը` վերահաստատելով երկկողմանի նախկին պարտավորությունները: Այսինքն, անուղղակիորեն կատարվում է Կարսի պայմանագիրը ճանաչելու թուրքական պահանջը:
2. Հայ-թուրքական պատմական հարթության երկխոսություն սկսելու, այդ թվում` արխիվներն ուսումնասիրելու ենթահանձնաժողովի ձեւավորման դրույթով վտանգ է ստեղծվում` կատարելու թուրքական հաջորդ նախապայմանը` Ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելու դրույթը:
3. Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններով սահմանի բացումը փոխկապակցվում է Արցախի հարցում առաջընթաց արձանագրելու հետ, որը թուրքական կողմի պատկերացմամբ ենթադրում է ազատագրված տարածքները վերադարձնելու եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու դրույթը:
Հայրենակիցներ, դեմ չլինելով սահմանը բացելու եւ հարաբերություններ հասատատելու քաղաքականությանը, վճռական «ո'չ» ասենք սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության եւ ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող քողարկված նախապայմաններին` պահանջելով արմատական փոփոխության ենթարկել նախաստորագրված փաթեթը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել