HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Մենամարտ առանց կանոնների» մրցաշարում կան կանոններ

Սակայն մարզիկներն ասում են, որ ռինգում պատրաստ են մենամարտել անգամ հարազատ եղբոր դեմ

Սեպտեմբերի 12-ին Սևանա լճի «Մայամի» հանգստյան համալիրում անցկացվեց «Մենամարտ առանց կանոնների»` ARMFC 7-րդ մրցաշարը:

«Այս մրցաշարը համարվում է ARMFC վարկանիշային մրցաշար: Մեր նպատակն է, որ մեր մրցաշարերի շնորհիվ 38-40 երկրի հաղթահարենք, որպեսզի այս ARMFC վարկանիշային մրցաշարը համարվի աշխարհի առաջնություն: Իսկ այսօր այն համարվում է միջազգային մրցաշար»,- «Հետքի» հետ զրույցի ժամանակ ասաց ARMFC մրցաշարի կազմակերպիչ, «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Հայկ Ղուկասյանը: Սեպտեմբերի 12-ին մենամարտեց 6 զույգ: Առաջին անգամ Հայաստանում մենամարտեցին նաև աղջիկները: Մենամարտը տևում է 3 ռաունդ` յուրաքանչյուրը 3 րոպե տևողությամբ: Յուրաքանչյուր ռաունդից հետո կա ընդմիջում` 1 րոպե տևողությամբ: 13_09-menamart1 Մրցավարական կազմում էին ARMFC մրցաշարի գլխավոր մրցավար, «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի Արմավիրի մարզի նախագահ Շանթ Պետրոսյանը և ARMFC կարգի ռինգի մրցավար, քիք բոքսինգի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Թադևոսյանը: 19-ամյա Տարոն Պետրոսյանի և 20-ամյա Արամ Ղազարյանի մենամարտում հաղթող ճանաչվեց Արամ Ղազարյանը: 25-ամյա Լևոն Խուբեսերյանի և 24-ամյա Սարգիս Ստեփանյանի մենամարտում հաղթեց Սարգիս Ստեփանյանը: Մինչ մենամարտը պատասխանելով «Հետքի» հարցին, թե «արդյոք իրեն չի՞ կաշկանդում այն, որ մենամարտելու է ընկերջ հետ»` վանաձորցի Սարգիսն ասաց. «Ռինգում նույնիսկ հարազատ եղբոր հետ մենամարտը պիտի անես: Նույնիսկ հարազատ եղբայրդ լինի: Դա սպորտաձև է»: ARMFC բազմակի չեմպիոն, 22-ամյա Վաչիկ Ավետիսյանի և ARMFC բազմակի չեմպիոն, 22-ամյա Սասուն Բաղդասարյանի մենամարտում հաղթեց Սասուն Բաղդասարյանը: Մենամարտից անմիջապես հետո հանդիսատեսին ուղղված խոսքում Վաչիկ Ավետիսյանն ասաց. «Ես մենամարտից առաջ Սասուն եղբորն ասեցի, որ ով ուժեղ է, թող նա էլ հաղթի: Ես իրան լավ ճանաչում եմ, լավ մարզիկ է»: 2009 թ. մարտական կոխի Հայաստանի չեմպիոն, 18-ամյա Արթուր Աղաջանյանի և 18-ամյա Հովհաննես Մելիքյանի մենամարտում տեխնիկական նոկ աուտով հաղթեց Հովհաննես Մելիքյանը: ՀՀ ջիու-ջիթսուի չեմպիոն, Ռուսաստանի ձեռնամարտերի չեմպիոն, 30-ամյա Վլադիմիր Հակոբյանի և 28-ամյա Աշոտ Շահինյանի մենամարտը, միավորների հավասար լինելու պատճառով, ավարտվեց ոչ-ոքի: Մենամարտից առաջ Վլադիմիր Հակոբյանը «Հետքին» ասել էր, որ սպորտում նշանակություն չունի, որ մրցելու է ընկերոջ հետ: Իսկ Աշոտ Շահինյանը նշել էր. «Ռինգից դուրս մենք բոլորս էլ ընկերներ ենք»: «Կնոջ հմայքը, պարզվում է, ոչ միայն գեղեցկության, այլև տվյալ պարագայում նաև ուժի մեջ է»,- աղջիկների մենամարտից առաջ ասաց մրցավարը: 19-ամյա Վարդուհի Թելալյանի և 24-ամյա Ելենա Խաչատրյանի մենամարտն ավարտվեց հենց առաջին ռաունդում: Պարանոցի խեղդում հնարքով հաղթեց Ելենա Խաչատրյանը: «Մենամարտ առանց կանոնների» մրցաշարի մարզիկներին պարգևատրեցին Հայկ Ղուկասյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը), «Մարտական ձյուդո» ֆեդերացիայի նախագահ Միքայել Բադալյանը և այլք: Ինչպես «Հետքին» ասաց «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, «մարտեր առանց կանոնների» անվանումը մնացել է հին ժամանակներից, երբ անցկացվող մարտերն, իրոք, առանց կանոնների էին: Իսկ ներկայումս այս մենամարտերն ունեն իրենց կանոնները: Արգելված են հարվածները` ծոծրակին, վահանագեղձին, ողնաշարին, ինչպես նաև մարդու կյանքին վտանգ սպառնացող մի շարք այլ հարվածներ: Կա նաև մրցավար, և սահմանված է մենամարտի որոշակի տևողություն: Հայկ Ղուկասյանը նշեց, որ օգոստոսի 21-ին իրենք Դոնի Ռոստով քաղաքում մասնակցեցին ԱՊՀ երկրների համագործակցության միջազգային մեծ մրցաշարին, որտեղ հայ 5 մարզիկներից 2-ը` Մովսես Շահինյանն ու Նվեր Մեսրոպյանը, հաղթող ճանաչվեցին: «Մովսես Շահինյանը 1 րոպեի ընթացքում նոկ աուտի ենթարկեց ռուս մարզիկին, որը չուներ ընդհանրապես պարտություն, Նվեր Մեսրոպյանը 1 րոպեի ընթացքում խեղդում հնարքով ճանաչվեց հաղթող»,- ասաց Հայկ Ղուկասյանը: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 17-ին իրենք կմեկնեն Ուկրաինա, որտեղ անցկացվելու են ընդհանուր մենամարտերի մրցաշարեր: Հայ մարզիկներից 70 կգ քաշային կարգում կմենամարտի Վլադիմիր Սիմոնյանը, իսկ 84 կգ քաշային կարգում` Մովսես Շահինյանը: Հայկ Ղուկասյան նշեց նաև, որ նոյեմբերին Երևանում տեղի կունենան «Հայաստանը ընդդեմ Վրաստանի»` 5 ուժեղագույն մարզիկների մենամարտեր: «2005 օգոստոսին Հայաստանում ես վերածնունդ տվեցի ընդհանուր մենամարտերին` անվանումը դնելով armfighting (թարգմանաբար նշանակում է հայկական մենամարտեր) և փորձեցի հիշեցնել մ.թ.ա. մեր հայ թագավորների հաղթանակները: Տրդատ առաջին թագավորը Ներոն կայսեր կողմից կազմակերպված հասարակական խաղերի ժամանակ ընդհանուր մենամարտերից դարձել է հաղթող: Վարազդատ թագավորը մ.թ. 385 275-րդ Օլիմպիական խաղերում դարձել է հաղթող»,- ասաց Հայկ Ղուկասյանը:

Մեկնաբանություններ (1)

Վարդան Նալբանդյան
Ես ցանկանում եմ մարզել մարտեր առանց կանոնի մարտարվեստով։Եվ խնդրանքսա ուղարկեք ձեր հասցեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter