HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ֆինանսական աջակցության գործընթացը թափանցիկ չէ

ԼՂՀ պետբյուջեից ամեն տարի հասարակական կազմակերպություններին եւ ոչ պետական թերթերին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում: Մի քանի տարի առաջ որոշվեց ֆինասական աջակցություն ցուցաբերել ոչ թե հասարակական կազմակերպություններին, ովքեր այդ գումարները հիմնականում ծախսում էին կազմակերպության պահպանման համար, այլ նրանց կողմից ներկայացված ծրագրերին, որոնք ընտրվում էին հասարակական խորհրդի կողմից տարեկան երկու անգամ կազմակերպվող մրցույթի արդյունքում: Մրցույթն անց էր կացվում տարբեր անվանակարգերում, ու պետք է նշել, որ պահպանվում էր հրապարակայությունը:  Սակայն, պարզվում է, որ 2007-ի նախագահական ընտրություններից հետո ձեւավորված կառավարությանը ֆինանսական աջակցության տրամադրման այդ ձեւն այնքան էլ դուր չի գալիս, ու որոշեցին հրաժարվել այդ «ավանդույթից»: Ազգային ժողովի ամբիոնից դեռեւս անցած տարվա սկզբներին այդ թեմայով պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան վարչապետ Արա Հարությունյանը շեշտեց, որ ծրագրերի համար մրցույթի անցկացումն անհրաժեշտ է եւ դրանով էլ կառաջնորդվեն հաջորդ տարիներին: Նա միաժամանակ նշեց. «Չեմ ուզում թերագնահատել հանձնաժողովի կողմից նախկինում կատարված աշխատանքը, բայց այն մեզ չի բավարարում»: Եւ այս ամենի արդյունքում անցած տարի այնուամենայնիվ որոշվեց հակառակը`ֆինանսական աջակցություն ցուցաբերել, իրենց իսկ որակմամբ, այնպիսի կազմակերպություններին, որոնց պարտավոր են աջակցել: Դրանց թվում են Ազատամարտիկների, Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատների, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունները, ինչպես նաեւ՝ Գրողների, Նկարիչների միությունները եւ այլն: Իսկ թե ՀԿ-ներին տրամադրվող գումարները կոնկրետ ինչի՞ համար են ծախսվում` ոչ անցած տարի հաջողվեց մեզ տեղեկություն ստանալ, ոչ էլ այս տարի: Օրերս նույնպես փորձեցինք այդ հարցի շուրջ ստանալ պարզաբանումներ: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այս տարի 7,5 մլն դրամ տրամադրվել է ԼՂՀ գրողների միությանը, 5-ական մլն դրամ` ԼՂՀ զոհված զինծառայողների հարազատների միությանը եւ  Արցախյան  գոյամարտի վիրավոր ազատամարտիկների «Վիտա» ՀԿ-ին, 3 մլն 900 հազար դրամ` ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիային, 3 մլն 400 հազար դրամ` ԼՂՀ  պատերազմի եւ աշխատանքի  վետերանների կազմակերպությանը, 3 մլն դրամ` Արցախի ազատամարտիկների  միությանը, 2 մլն 700 հազար դրամ` «Սոցիալական համերաշխություն» կազմակերպությանը:  2,5-ական միլիոն դրամ տրամադրվել է «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության ԼՂՀ կոմիտեին, Արցախի նկարիչների միությանը,  ԼՂՀ անհայտ կորած զինծառայողների   հարազատների միությանը, ԼՂՀ խուլերի  միությանը,  «Մայրություն՚» ՀԿ-ին, 2-ական միլիոն դրամ` կույրերի միությանը եւ Ռուսական համայնքին, իսկ 1,5-ական միլիոն դրամ` Փախստականների միությանը, ժուռնալիստների միությանը եւ «Ոգի Նաիրի» կազմակերպությանը: Ֆինանսական աջակցությունից այս տարի օգտվել են ընդամենը 4 պարբերականներ` 2 մլն դրամ տրամադրվել է Գրողների միության «Եղիցի լույս» թերթին, 1-ական միլիոն դրամ «Անալիտիկոն» ամսագրին ու «Նոր էջ» թերթին, իսկ 200 հազար էլ` «Եղինջ» թերթին: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրանտ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ նախապատվությունը տրվել է սոցիալական խմբերին: Ահա այն ամենը ինչ մեզ հայտնեցին, իսկ թե ինչի՞ համար են այդ գումարները հատկացվել` ծրագրերի՞, թե՞ այլ ծախսերի, Հրանտ Ալեքսանյանը չկարողացավ պատասխանել, քանի որ այդ ինֆորմացիան չունի, ու խորհուրդ տվեց դիմել ֆինանսների նախարարություն: Ֆինանսների նախարարի օգնականը հայտնեց, որ նախարարն ասել  է՝ դիմենք տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետին: Վերջինս ոչինչ չավելացրեց իր ասածներին: Իսկ թե ինչու՞ են օրինակ Գրողների միությանը 7,5 մլն դրամ հատկացրել, երբ միության թերթին առանձին են գումար հատկացրել, միության կողմից կազմակերպվող Մուրացանյան օրերի կազմակերպման, ինչպես նաեւ գրքերի հրատարակման գումարներն էլ առանձին տողով են նշված բյուջեում, իսկ ժուռնալիստների կամ փախստականների միությանը ընդամենը  հատկացվել է 1,5-ական միլիոն դրամ:   Ինչու՞ են թաքցնում այդ տվյալները, ինչո՞ւ ֆինանսական աջակցության գործընթացը թափանցիկ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter