
Աբգարյան քույրերը մերժել են Անգլիայի թագավորական ընտանիքում աշխատելու առաջարկը
Նրանք «բանակցում են» Հայաստանի պատկան մարմինների հետ «Ձեռարվեստի կենտրոն» ՊՈԱԿ հիմնելու համար
Վանի ասեղնագործության մեջ գաղտնաբառեր կան, որոնք, երբ նայում ես, թվում է` նախշեր են: Իսկ իրականում հեղինակն այդ ասեղնագործության միջոցով ինչ-որ բան է ուզել հասկացնել. գործվածքի վրա նա կարող է և' իր անվան տառերը թողնել, և' որևէ քաղաքի գաղտնի մուտքերը, և' որևէ շինության հատակագիծ:
Արվեստի այս ճյուղն այնքան բարձր է գնահատվել, որ 18-րդ դարում Արևմտյան Հայաստանում եղել է դեպք, երբ հայերը 5 հատ ժանյակով նավ են գնել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասացին Աբգարյան քույրերը` ժողովրդական վարպետներ Անահիտը և Անժելան: Արդեն 23 տարի նրանք զբաղվում են պրոֆեսիոնալ ասեղնագործությամբ և հայկական ասեղնագործությունների վերծանմամբ: Սկսած 1991 թ.-ից` Աբգարյան քույրերն իրենց տանը անվճար ասեղնագործություն են սովորեցնում ցանկացողներին: Այն աշակերտները, որոնց հետ քույրերը պարապել են 10-12 տարի, համարվում են մանկավարժ: Ներկայումս Աբգարյան քույրերը 7-8 մանկավարժ ունեն: Քույրերի խոսքերով` մանկավարժը տիրապետում է նույն գիտելիքներին, ինչ իրենք, և կարող է աշակերտների 3 խումբ պահել:
Աբգարյան քույրերը 23 տարվա ընթացքում մոտ 3000 աշակերտ են ունեցել: Աշակերտներից մեկը 85 տարեկան է եղել և ժանյակագործություն էր սովորում: 23 տարվա ընթացքում նաև մեկ տղա աշակերտ է եղել, մակրամե է սովորել, «բայց հետո կողքից տղաները հիասթափեցրին»: Իսկ ահա Հայաստանում ասեղնագործության ամենածաղկուն շրջանում` 18-րդ դարում, հայ տղամարդու ստեղծագործական տարազը առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում` հագուստների ցուցահանդեսին: Աբգարյան քույրերը հնարավոր բոլոր աղբյուրներից` ցանկացած դարաշրջանի պահպանված ասեղնագործություններից, նկարներից, փայտերից վերծանում են հայկական ասեղնագործության կարաձևերը և դրանք փոխանցում կտորին: Նրանք կարողանում են կարաձևեր վերծանել անգամ քարերից: «Մենք ունենք, չէ՞, 8-րդ, 9-րդ դարիի խաչքարեր: Նայում եմ, տեսնում եմ Մարաշի տեխնիկան: Այն մեկի վրա` մի քիչ ավելի վաղ շրջանի, տեսնում եմ Այնթափի տեխնիկան: Հետո տեսնում եմ արդեն ժանյակագործությունը: Երբ դու մասնագետ ես, արդեն լիարժեք տիրապետում ես բոլոր դպրոցներին, հասկանում ես, որ այն ժամանակ, հնարավոր է, որ քանդակներն անելիս օգտվել են ժանյակագործությունից: Կնոջ ձեռքը շատ նուրբ է. հնարավոր չէ, որ մարդը միանգամից քարի վրա սկսի այդպիսի նուրբ փորագրություններ անել, այդպիսի նուրբ հյուսվածքներ տալ, իսկ երբ պատրաստի նախշը արդեն կա, իրենք տեսնում են, արդեն նոր սկսում են քանդակել»,- ասաց Անահիտը: Միաժամանակ, Աբգարյան քույրերը նշեցին, որ դեռևս ասեղնագործության բազմաթիվ դպրոցներ կան, որոնք իրենք չեն վերծանել, իսկ արդեն վերծանածը «մեր ընդհանուր մշակույթի չնչին տոկոսն է կազմում»: Աբգարյան քույրերի և նրանց սաների աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Լիբանանում, Սիրիայում, Իրանում և այլն:
Աբգարյան քույրերը նաև սփռոց և վարագույր են ասեղնագործել Երևանի պատմության թանգարանի համար: Վարագույրը պետք է հնարավորինս նման լիներ 18-րդ դ.-ի մեծահարուստ հայ ընտանիքի վարագույրներին: Անահիտն ու Անժելան հաճախ են հին ֆիլմերում տեսել հայկական ասեղնագործության աշխատանքներ` գորգեր, Ուրֆայի ասեղնագործություններ, որոնք ֆիլմերում «միշտ պատերից կախված են»: Բայց վարագույրի երբեք չեն հանդիպել և վարագույրը պատրաստել են` պատկերացնելով, թե 18-րդ դարում ինչպես են մեծահարուստ հայերը գեղեցկացրել իրենց սենյակները:
Ասեղնագործությունը Արևմտյան և Արևելյան Հայաստաններում
Աբգարյան քույրերն ասացին, որ 13-րդ դ.-ից Հայաստանում ասեղնագործությունը զարգացել է` լայն թափ ստանալով հատկապես 18-րդ դ.-ում: «Ու այդ արտադրանքը դուրս է եկել ամբողջ աշխարհ` շուկա»,- ասաց Անժելան: Գրեթե մեկ դար ասեղնագործության դպրոցները չեն գործում` Ցեղասպանության պատճառով: Աբգարյան քույրերը, միայն մեկ հայացք գցելով, կարող են ասել, թե տվյալ ասեղնագործությունը որ քաղաքում է արվել և որ դպրոցին է պատկանում:
Անահիտը նշեց, որ տարբեր քաղաքների ասեղնագործության դպրոցները զգալիորեն տարբերվում են իրարից: «Առաջինը` լրիվ տարբեր են կատարման տեխնիկաները: Օրինակ` Այնթափը դու պետք է թելը քաշես, նոր աշխատես, Սվազը` ամբողջ հաշվարկ ես անում, Ուրֆան` էսքիզը պետք է նկարես, դրա վրա ասեղնագործես: Մարաշը էլի պետք է էսքիզը նկարես: Հետո կտորների տարբերություն կա: Այնթափի գործը չենք կարող թավշի վրա անել: Թավշի վրա արվում են Տրապիզոնի, Մարաշի ասեղնագործությունները»,- ասաց նա: Ասեղնագործության դպրոցը իմանալու մեկ այլ ձև էլ եկեղեցիների գմբեթներն են: Իմանալով, թե որ եկեղեցու գմբեթն է ասեղնագործված` մասնագետը կարող է որոշել տվյալ ասեղնագործության տեղը և դպրոցը: Արվեստի այս ճյուղը զարգացած է եղել նաև Արևելյան Հայաստանում: Հայտնի են ասեղնագործության Արարատյան և Շիրակ-Կարին հզոր դպրոցները: Սակայն, քանի որ Արևմտահայաստանում ասեղնագործությունն ավելի բուռն զարգացում է ապրել, դրա շատ կարատեսակներ փոխառվել են: Օրինակ` Սեբաստիայի կարատեսակը օգտագործել են նաև Երևանում` տարազի վրա:
Պատասխանելով այն հարցին, թե «հայկական ասեղնագործության մեջ հատկապես ո՞ր պատկերներն ու նախշերն են ամենից շատ հանդիպում», Անահիտն ասաց, որ եթե ուշադիր նայես, գրեթե բոլոր աշխատանքների մեջ խաչեր կտեսնես: «Մենք էլ երբ աշխատանք ենք ստեղծում, ինչ էլ լինի, վերջը խաչ է դուրս գալիս: Անկախ մեր կամքից: Եղել է` նպատակային ենք արել խաչը, եղել է` աշխատանքը դուրս է բերել խաչ»,- ասացին Աբգարյան քույրերը:
Ասեղնագործությունները նախագահականում
Մի անգամ Աբգարյան քույրերին պատվիրել են անձեռոցիկներ ասեղնագործել: Քույրերը աշխատանքն անելուց հետո են իմացել, որ ասեղնագործությունները Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի համար են եղել:
«Վեց հատ սպիտակ, փոքրիկ անձեռոցիկներ էին: Մենք անկյունում նուռ էինք գործել Այնթափով: Շատ նուրբ, շատ գեղեցիկ, եզրերը ծոփքերով աշխատանք էր: Ու ոսկերիչները ոսկյա օղակներ էին պատրաստել` նռներով, ադամանդի քարերով, որ օղակի մեջ մտնեին մեր անձեռոցիկները»,- ասաց Անահիտը: Աբգարյան քույրերին նաև առաջարկել են աշխատել Անգլիայի թագավորական ընտանիքի համար` պալատում: «Բայց եթե մենք դուրս գայինք, մեզ հետ տանելու էինք մեր ամբողջ արժեքները: Ստացվում էր, որ եթե մենք գնայինք, մնայինք, ամենը, ինչ արել ենք, այդ դրոշի տակ պիտի անեինք: Ափսոսացինք, դրա համար հրաժարվեցինք: Ասացինք. «Այստեղ կապրենք, այստեղ կանենք»»,- ասաց Անժելան: 1997 թ. ցուցահանդեսից հետո Աբգարյան քույրերի մի շարք աշխատանքներ գնել է նաև ՀՀ նախագահականը: «Այդ թվականներին ինչքան դրսից, Եվրոպայից բարձրաստիճան հյուրեր են եկել, մեր աշխատանքներից նվիրել են»,- ասաց Անժելան: Աբգարյան քույրերը հուշում են, որ ազգային ասեղնագործություններն այժմ ևս կարելի է օգտագործել նախագահի նստավայրում: «Նախագահն ընդունում է ցանկացած պետության ղեկավարի, չէ՞, իրենց մոտ լինում է ճաշկերույթ, հանդիպման ժամանակ, ասենք, հյութ, ջուր է դրված լինում սեղանին: Ես նկատել եմ, եթերից տեսել եմ: Թող այդ սեղանի վրա ազգային անձեռոցիկներ լինեն, բաժակները դրվեն դրանց վրա: Դա և' սպասարկման մակարդակի խնդիր է, և' մեր ազգի մշակույթի»,- ասաց Անժելան:
Ազգային արվեստի այս ճյուղը կապրի՞
«Հիմա շատերն են ցանկանում ձեռարվեստ սովորել, մենք հիմա շահագրգռված չենք, որովհետև տարածք չկա: Պետական հոգածություն պետք է լինի: Մանկավարժները մեզ հետ տառապում են: Ինչքա՞ն կարող են անվճար աշխատել»,- ասացին Աբգարյան քույրերը: Անահիտի և Անժելայի ամենամեծ նպատակն ու ցանկությունը «Ձեռարվեստի կենտրոն» ՊՈԱԿ ունենալն է: 2003 թ. նրանք հիմնել են «Ձեռարվեստի կենտրոնը», բայց այն որևէ տեղ գրանցված չէ: 2003-2008 թթ. քույրերը երեխաներին ձեռարվեստ են սովորեցրել N109 մանկապարտեզում, սակայն այժմ տանն են աշխատում: Ամեն օր տանը աշակերտներ ընդունելը բավականին դժվար է:
Անահիտն ու Անժելան նշում են, որ եթե իրենց աշխատանքները վաճառեին դրսում, օրինակ` Անգլիայում, ապա այնքան գումար կվաստակեին, որ կգային Հայաստան և կբացեին իրենց «Ձեռարվեստի կենտրոնը»: «Անգլիայում աշխատողին ժամով են, չէ՞, վարձատրում: Հաշվարկ անենք` ասեղնագործություն կա, որի վրա համարյա 2 տարի մենք աշխատել ենք: 2 տարի` պատկերացրեք ժամով, ու եղել է օր, որ մենք 18 ժամ ենք աշխատել, եղել է, որ 8 ժամ ենք աշխատել, միջինը մենք 12 ժամ աշխատել ենք»,- ասաց Անահիտը:
«Բայց մենք ծրագիր ունենք, նպատակ ունենք, դրա համար շահագրգռված չենք դնելու վաճառքի»,- շարունակեց Անժելան: «Ձեռարվեստի կենտրոն»-ում ասեղնագործության յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր սենյակը: «Այնթափի սենյակն է, դասարանն է, ուրեմն պետք է ամբողջը ձևավորված լինի Այնթափի աշխատանքներով` վարագույրից, պատի նկարից սկսած, Մարաշինն է` Մարաշի, Ուրֆայինն է` Ուրֆայի: Մտնողը պետք է իմանա, որ սա տվյալ դպրոցի աշխատանքն է, ոչ թե չոր դասարան է»,- ասաց Անահիտը:
Դասարանները ձևավորելու նյութերն արդեն պատրաստ են: Մնում է միայն կենտրոնի համար տարածք գտնել: Կենտրոնի մյուս գործունեությունը պետք է լինի ասեղնագործությունների վերծանումը: Կենտրոնը պետք է համագործակցի թանգարանների հետ, քանի որ Աբգարյան քույրերի խոսքերով` «բոլոր թանգարաններում կան ձեռագործ աշխատանքներ: Բայց վերծանողներ չկան»: Անժելան արդեն եղել է ավելի քան 70 քաղաքում` Խորհրդային Միության գրեթե բոլոր թանգարաններում և հայկական ասեղնագործություն է փնտրել: Պետական աջակցության դեպքում քույրերը պատրաստ են գնալ հայկական գաղթօջախներ և աշխարհի ցանկացած թանգարան, որտեղ հայկական ասեղնագործությանը վերաբերող նյութեր կան ու հավաքագրել դրանք: Աբգարյան քույրերը ցանկանում են «Ձեռարվեստի կենտրոնի» ստեղծվելուց հետո նաև որևէ աշխատանք տալ Լուվրի թանգարանին` որպես նվիրատվություն: Նրանց համոզմամբ` դա և' խթան կլինի հայկական մշակույթի տարածմանը, և' իրենց հնարավորություն կտա թանգարանում ուսումնասիրել հայկական մշակույթը:
«Ձեռարվեստի կենտրոնի»` ՊՈԱԿ դառնալուց հետո նրանք թանգարաններից հավաքված և վերծանված բոլոր նյութերը կհրատարակեն առանձին գրքով: Քույրերը կթողարկեն նաև ձեռնարկ, որում դպրոցականի համար մատչելի ձևով կներկայացվեն ասեղնագործության ուսումնասիրված դպրոցները: Ըստ Աբգարյան քույրերի` ՊՈԱԿ-ում վերծանված աշխատանքները պետք է «գնան մեր ձեռարվեստի կենտրոնի ֆոնդ, որ ֆոնդերից էլ համալրվի թանգարանը»:
«Ձեռարվեստի կենտրոնին» կից թանգարանի համար քույրերն արդեն մոտ 100 աշխատանք ունեն: Այն նույն աշխատանքները, որոնք նրանք խուսափում են արտասահմանում վաճառել: Անահիտի խոսքերով` «դա կլինի արդեն 21-րդ դ.-ի ժամանակակից ազգային ձեռարվեստի թանգարան», որ որևէ մեկը չմտածի, թե 21-րդ դ.-ում հայերն ինչո՞վ են զբաղվել, չունե՞ն մշակույթ: Նա նշում է, որ թանգարանում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան պատվիրելու իրենց ցանկացած աշխատանքը: «Մենք համոզվեցինք (դրսում շատ եմ եղել)` մեր մշակույթը, հիմնական արժեքները մեր երկրում պետք է լինեն, որովհետև սա մեր երկրի հարստությունն է: Եթե դուրս տարանք, ժամանակի ընթացքում դա մերը չի լինի: Հավատացնում եմ»,- ասաց Անժելան: Նա հավելեց, որ մի քանի տարի առաջ Երևանում խոսել է մի իրանցու հետ, ով խաչ և հայկական տառեր պատկերող հայկական գորգը որպես իրանական էր ներկայացնում:
Իրանցին ասել է քույրերին. «Դուք տեր չեք կանգնում, մենք ենք կանգնում: Եթե դուք տեր չեք կանգնում, այդ մշակույթը գնալու է կորի»: Սպահանի գորգերի շուկայում Աբգարյան քույրերը տեսել են հայկական սումախ կարպետներ, որոնք իրանցիները այնպես են զարգացրել, «այնքան որակով, այնքան թեթև ու բարակ են անում», որ հայտնի չէ` հայերը տարիներ հետո կկարողնա՞ն այդպիսի սումախ կարպետ գործել: «Իրենց շուկայում հայկական գորգեր կային, որ բարձրաձայն ասում էին` պարսկական գորգեր են: Չնայած անորակ, թելերի սխալ տեխնոլոգիայով` սկսել էին Այնթափի, Մարաշի վրա աշխատել: Բայց եթե սկսեն թափով աշխատել, ավելի կզարգացնեն, քանի որ Մարաշը Հայաստանում էլ չեն անում: Մի հոգի է միայն, մենք էլ հետը` երեք հոգի»,- ասացին Աբգարյան քույրերը:
Իրանում այնքան լուրջ են վերաբերվում ձեռարվեստին, որ քույրերի ցուցահանդեսին եկել է 10 մլն-անոց Սպահանի ձեռարվեստի բաժնի պետը: Աբգարյան քույրերի ծրագրերից մեկն էլ արտադրության հետ համագործակցելն է, որպեսզի արդեն վերծանված կարատեսակները և նախշերը նորից կիրառության մեջ մտնեն: Օրինակ` կարաձևերը և նախշերը կարող են արվել հագուստների, վարագույրների, սփռոցների, թաշկինակների, պայուսակների, քսակների, կաշվե տարբեր իրերի, անգամ կահույքի վրա: «Ափսոս չէ՞, որ ասեղնագործության այս տեսականին կորի»,- ասաց Անժելան:
Հ.Գ. Աբգարյան քույրերը մեզ թույլատրեցին լուսանկարել իրենց բազմաթիվ ասեղնագործություններից միայն 4-ը. նախկին փորձը ցույց է տալիս, որ ոմանք, տեսնելով քույրերի աշխատանքները, իրենց են վերագրում դրանք:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել