HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամբաստանյալը պաշտպան ունեցել է, բայց նրա անունը չգիտի

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ 25-ամյա Լյովա Թովմասյանն իր մի քանի ընկերների հետ այս տարվա մայիսի 21-ին գնացել էր Արագածոտնի մարզի Օշական գյուղ: Լյովայի ասելով, գետում լողացել են ու պատահմամբ նկատել են, որ օշականցիներից մեկի տան մոտ գցված է էլեկտրական «ռուբիլնիկ», իրենք էլ վերցրել ու բերել են:

«Գտած» իրը ընկերներով վաճառել ու գումարը ծախսել են իրենց կարիքների համար: Լյովայի ծնողներն այդ մասին իմացել են, երբ ոստիկանները եկել են տղայի հետեւից: Թովմասյանների ընտանիքը թեեւ Դաշտ գյուղի ամենաաղքատ ընտանիքներից չէ, սակայն Լյովայի մոր ասելով, լավ էլ չեն ապրում: «Որ մի գյուղացին է լավ ապրում, որ մենք լավ ապրենք: Հենա էս պահին 1500 դոլար վարկի տակ ենք: Մեր ապրանքը տանում ենք շուկա, էժան տալիս` հետ ենք գալիս, չենք էլ կարում նորմալ ծախենք»,- ասաց Լյովայի մայրը: «Մեկ-մեկ բանվորության գործ ա ըլնում, աշխատում ապրում ենք»,- կնոջ խոսքը լրացրեց ամուսինը` Մանվել Թովմասյանը: Երբ հարցրի, միգուցե Լյովան ընտանիքին ֆինանսապես օգնելու համար է գողություն արել, մայրը պատասխանեց. «Մենք այդ մարդիկ չենք: Հիմա գյուղում ամոթից մեռնում ենք, որ մեր տղան այդ քայլին է դիմել: Սոված կմեռնենք, բայց այդ քայլին չենք գնա: Երեխեն ուղղակի ընկերների խելքին է ընկել»: Գողության համար Լյովային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով, 34-177-րդ հոդվածի 1, 2, 3 կետերով: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 31-ին Լյովային դատապարտել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամանակով, սակայն դատարանի դահլիճից ազատ է արձակվել, քանի որ նրա վրա տարածվել է Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը: Լյովան, ինչպես նաեւ նրա ընկերները, նախաքննության ընթացքում փաստաբան չեն ունեցել, հրաժարվել են նաեւ հանրային պաշտպանի ծառայություններից: Նրա ասելով, քննիչներն իրեն բացատրել են, որ պաշտպանն անվճար է լինելու, պարզապես իրենք չեն ցանկացել: «Հանրային պաշտպան ունենալու ցանկություն չեմ ունեցել: Մտածում էի, որ ինքնուրույն կարող եմ ինձ պաշտպանել: Օրենքներին քիչ թե շատ ծանոթ էի: Ինչ ես պիտի ասեի, նույն էլ պաշտպանը պիտի ասեր, դրա համար պաշտպան ունենալու իմաստ չկա: Դու լրագրող ես ու կարելի է ասել,  քո գործի 80% տոկոսը լավ գիտես, ո՞նց կլինի, որ քո իմացածը մեկ այլ լրագրողից հարցնես: Նույնն էլ իմ դեպքում է եղել»,- ասաց Լյովան: «Բայց չէ, որ պաշտպանդ կարող էր մեղմացնող հանգամանքներ գտնել ու պատժաչափդ կրճատվեր»,- հարցրի Լյովային: «Պատժաչափը պաշտպանի հետ կապ չունի, կարողա պաշտպանն ա պատիժ նշանակում»,- հնչեց պատասխանը: Լյովա Թովմասյանը թեեւ նախաքննության ընթացքում հրաժարվել է փաստաբանի ծառայությունից, սակայն, նրա խոսքերով, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ արագացված դատաքննությամբ քննվել է գործը, «խնդիրներ առաջացան» եւ  համաձայնվեց, որ իր գործում ներգրավվի հանրային պաշտպան: Լյովան չդժգոհեց հանրային պաշտպանից, ասելով, որ «լիովին վստահել» է նրան. «Սակայն ավելի շատ կվստահեի այն պաշտպանին, ում անձամբ կճանաչեի: Կապ չունի ինձ հանրային պաշտպանն էր պաշտպանելու, թե` վճարովի պաշտպանը, կարեւորը, որ իմ ծանոթը լիներ»,- ավելացրեց Լյովան: Հետաքրքիրն այն է, որ Արագածոտնի մարզի հանրային պաշտպան Արսեն Գալստյանը չէր ճանաչում Լյովային, ասելով, որ ինքը չի պաշտպանել նրա շահերը դատարանում: Թեեւ հենց պարոն Գալստյանը պետք է դատարանում պաշտպաներ, քանի որ նա է մարզի միակ հանրային պաշտպանը: Զարմանալի է, բայց Լյովան նույնպես չէր ճանաչում իր պաշտպանին: «Իրեն չգիտեմ` ով ա, ով չի, չեմ ճանաչում: Չգիտեմ էլ, թե ով է հանրային պաշտպանին բերել: Իրեն դատարանում եմ տեսել»,- ավելացրեց Լյովան: Թե իրականում ով է եղել Լյովայի հանրային պաշտպանը կամ իրոք պաշտպան ունեցել է, թե` ոչ, այդպես էլ չկարողացանք պարզել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter