HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի նախկին մարզպետի համայնքապետ եղբայրը հանգստի է անցել 13 մլն դրամի ապառքը չմարած

14_09-saratakՏարիներ շարունակ պարտքեր կուտակելով եւ այդպես էլ որեւէ պատասխանատվություն չկրելով` նախկին համայնքապետերը հեռանում են, հարկեր հավաքագրելու ծանր պարտականությունը թողնելով համայնքի նոր ղեկավարին: 2008 թ.-ի ՏԻՄ ընտրություններին Շիրակի մարզի 119 համայնքներից 104-ում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում համայնքի ղեկավարները փոխվեցին 28 համայնքում:

«Եթե խնդիրը դիտարկենք առավել խորքային մակարդակով, ապա այստեղ պարտավորություն ունի հարկատուն` այս դեպքում գյուղացին: Այլ խնդիր է, թե որքանով է թերացել համայնքապետը` հարկերը չհավաքագրելով, որի համար օրենսդրորեն պատիժ չի նախատեսվում»,- ասում է մարզպետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Հովսեփ Սիմոնյանը` օրինակ բերելով Ազատան համայնքը, որն իր նախորդից գործող համայնքապետն ընդունել է 21 մլն դրամ ապառքով, կամ` Ախուրիկը, որի ղեկավարը իր հաջորդին 18 մլն դրամ ապառք է ժառանգություն թողել, Մեծ Սեպասարի ապառքը 24 մլն դրամ է կազմել: Ու հիմա այդ պարտքերը նոր ընտրվածներն են հավաքագրում: Սարատակում եւս նախկին համայնքապետին 2008 թ.-ի ՏԻՄ ընտրություններում փոխարինեց նորը: Նախկին համայնքապետ Ռոստոմ Մանուկյանը, ով նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հարազատ եղբայրն է, 13 մլն դրամի պարտք էր ժառանգություն թողել Միշա Ղրզոյանին, հեռանալիս էլ տարել էր համայնքապետարանի անցած 6 տարիների ողջ թղթատարությունը` այդ թվում իրականացրած ծրագրերի փաստաթղթային հաշվետվությունները: «Մարզպետարանից հիմա պահանջում են նախկին 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերի փաստաթղթային հաշվետվությունները, ոչ մի փաստաթուղթ չկա, որ ներկայացնեմ»,- դժգոհում է ներկա համայնքապետ Միշա Ղրզոյանը: 14_09-saratak-1Համայնքապետի ասածը հաստատում է նաեւ հաշվապահ Սիլվա Հակոբյանը` նշելով, որ այս պահին իրենց ունեցած թվային տվյալներն էլ մարզպետարանից են վերցրել: Նախկին համայնքապետ Ռոստոմ Մանուկյանի ղեկավարման 6 տարիներին խմելու ջրագիծ է կառուցվել, որի համար ծախսվել է 700 հազար դրամ, ճանապարհների նորոգման համար եւս այդքան գումար է տրամադրվել: Առողջապահական հաստատության նորոգման համար համայնքային բյուջեից 400 հազար դրամ է տրամադրվել: «Ուղղակի անհասկանալի է, թե էդ գումարի սահմաններում ինչ է արել համայնքապետը, ընդամենը մի էժանագին դուռ է դրվել համայնքապետարանի առաջին հարկում գտնվող բուժկետին: Մեր ունեցած թղթերում մի անհասկանալի թիվ էլ կա` 40 մլն դրամ, բայց թե էդ գումարով ինչ է արվել` ընդհանրապես հասկանալի չէ»,- ասում է տկն Հակոբյանը: Համայնքապետ Մ. Ղրզոյանն էլ է տարակուսած: 40 մլն-ը բյուջեում նշված է հանրակրթական, հատուկ կամ այլ երաժշտական, սպորտի, արվեստի դպրոցի (կառուցում կամ բարենորոգում) տողի դիմաց: «Ճիշտ է, իրավահաջորդն եմ, բայց ոչ մի փաստաթուղթ չեմ ընդունել, այդ պատճառով էլ չեմ կարող պատասխանել, թե ինչ 40 մլն է, ինչի վրա է ծախսվել այդ գումարը, որովհետեւ էդ գումարի սահմաններում առնվազն մի հատ դպրոց կարելի էր կառուցել Սարատակում»,- ասում է Միշա Ղրզոյանը: Նախկին համայնքապետը տեր է դարձել Սարատակի նախկին կոլտնտեսային պահեստի շենքին, որը աճուրդով վաճառվել է 80 հազար դրամով: «Դա առնվազն 10 հազար դոլարի արժողություն ունեցող շենք է, մի 2-3 տարի առաջ էր, իմացա, որ աճուրդի է դրվել, որոշեցի մասնակցել ու, պատկերացրեք, գնեցի 20 հազար դրամով: Նույն օրը երեկոյան ինձ կանչեց ԴԱՀԿ-ի նախկին պետն ու խնդրեց մուծման չեկը ետ վերադարձնել, թե չէ իրեն գործից կազատեն»,- պատմում է համայնքապետ Մ. Ղրզոյանը: Վերջինս կտրոնը վերադարձրել է, աճուրդի արդյունքները չեղյալ են հայտարարվել, այնուհետեւ շենքը կրկին դրվել է աճուրդի ու դարձել նախկին համայնքապետ Ռոստոմ Մանուկյանի սեփականությունը 80 հազար դրամով: Մարզպետարանի աշխատակիցներից մեկն էլ նկատեց, թե սարատակցիները շատ ապերախտ ժողովուրդ են, որովհետեւ չեն գնահատում այն ամենը, ինչ արել է նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը իր ծննդավայրի համար: Սարատակում, որտեղ գյուղի կեսը նույն Մանուկյան եղբայրների հարազատներն են, այդ կարծիքին չէին, այլապես 2008 թ. ՏԻՄ ընտրություններին Միշա Ղրզոյանին չէին ընտրի: «Հետք»-ի հարցումներին հիմնականում այսպիսի պատասխաններ էին հնչում նախկին համայնքապետի հարազատներից: 2008 թ. նոյեմբերից մինչեւ 2009 թ. սեպտեմբերի 1-ը 13 մլն ապառքից 7 մլն 685 հազար դրամ համայնքապետարանն արդեն հավաքագրել է: Գյուղի 50%-ը խոշոր պարտքատերեր են: Նրանցից Հովհաննես Այվազյանը հողի հարկի տուրքը չի տվել 1998 թ.-ից, տույժերն էլ հետը պարտքը հասցրել է 1 մլն դրամի ու հիմա էլ հրաժարվում է վճարել: Համայնքապետը ճարահատյալ սպառնացել է, թե դատի կտա, վերջինս էլ համաձայնել է: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Հովհաննես Այվազյանը մեղադրեց համայնքի նախկին ղեկավարներին. «Իրանք են մեղավոր, որ էսօրվա դրությամբ ես էսքան պարտք ունեմ,- պարզաբանեց Այվազյանը,- հմի էլ գուզեն, ուրտեղի՞ց տամ, ուսանող կպահեի, հլա թող ընդառաջեին, համ էլ ես պիտի դիմում գրեմ մարզպետարան, թող ընտեղից գան անձամբ ստուգեն, տեսնեն ես էդքան պա՞րտք եմ, թե` չէ: Չեմ տալու, թող Ղրզոյանը դատի տա»: Սարատակցիների պարծանքը գյուղի դպրոցն է, որտեղ հաճախում են նաեւ հարեւան Լուսակերտ համայնքի երեխաները: Մանկապարտեզը նույնպես գործում է` 42 փոքրիկների կտրելով փողոցից, հնարավորություն տալով նրանց ծնողներին ազատորեն զբաղվելու գյուղատնտեսական աշխատանքներով: Այս տարի սարատակցի 25 ընտանիք հնարավորություն ունեցավ մասնակցելու «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» (ՎԱՀ) ծրագրին ու 45 հազար դրամ տուն տանել: Ծրագրի շրջանակներում գյուղում խմելու ջրագծի հարցը լուծվեց: Սարատակցի Կարապետ Մինասյանը աշխատել էր ջրագծի վրա ու շատ գոհ էր: «Մե ամիսըմ էր գործը, օրը 2 հազար 200 դրամ փող կուտային,- պատմում է Կարապետը,- 25 տղամարդ մեր գյուղից էդ ամիս գործ ուներ: Համ էլ ինչ խողովակները քաշել ենք` տներս արդեն ջուր կա, էն դեպքում, որ 15 տարի ջուր չենք ունեցել, հորից կհանեինք»: Համայնքապետարանից տեղեկացանք, որ ՎԱՀ-ով համայնքին տրամադրվել է 1,5 մլն դրամ, 1 մլն 115 հազար դրամ էլ համայնքն է սեփական եկամուտներից ներդրում կատարել: Միայն թե փողոցների նորոգման աշխատանքները կրկին համայնքապետարանի աղքատիկ բյուջեի հույսին են մնացել: Պարտքերը փակելուն զուգընթաց համայնքապետ Միշա Ղրզոյանը փորձում է նաեւ տեսանելի աշխատանքներ կատարել գյուղում: Սեփական եկամուտների հաշվին 1 մլն 300 հազար դրամի շրջանակներում գյուղում գիշերային լուսավորության ցանց են անցկացրել: Եթե համայնքի ղեկավարը սրտացավ չէ, ապա տուժում է համայնքը: Համայնքում ղեկավարի փոփոխությունն էլ կատարվում է զուտ ժողովրդի համբերության բաժակը լցվել-թափվելուց հետո: Նախկին համայնքապետն էլ հեռանալով` ամեն դեպքում մի բան լավ է հիշում. ինքը աշխատավարձ ունի ստանալու, որն իր պաշտոնավարման տարիներին չի ստացել: Մարզպետարանում պատմեցին, որ շատ են դեպքերը, երբ համայնքապետը չվերընտրվելով` մեկ շաբաթ անց դիմում է դատարան եւ աշխատավարձի վճարման հայց է ներկայացնում: Գառնառիճ համայնքում, օրինակ, գործը, ճիշտ է, դատարան չէր հասել, թեպետ սպառնալիք եղել էր, բայց նախկին համայնքապետն իր հաջորդից պահանջել եւ ստացել էր 300 հազար դրամ աշխատավարձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter