HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ չի գործում բուհ-ՏՏ ոլորտ-արտադրություն կապը

14_09-it

Քննարկում են ոլորտի պատասխանատու ներկայացուցիչները

«Ես սովորելու ընթացքում ստացել եմ այն գիտելիքները, որոնք ոչ մի տեղ չեմ կարողացել կիրառել:  Հին մեթոդներ են կիրառվում համալսարանում, դասախոսները հին կրթություն ունեն, իսկ այս ոլորտը դինամիկ է զարգանում:

Չգիտեմ` կա՞ ինչ-որ հանձնաժողով, որ վերահսկի, թե կոնկրետ ինչ դասընթաց պետք է անցկացվի, կամ 2-3 տարին մեկ վերանայվի ծրագիրը: Երբ ես գնացի աշխատանքի, ինձ ասացին` ինչ գիտես, դա թող մնա, որովհետև արդեն չի կիրառվում»,-  ասում է «Santiga» ընկերության ներկայացուցիչ Հմայակ Տիգրանյանը: Հմայակն այս տարի է ավարտել ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը և աշխատանքի ընդունվելիս պարզել է, որ բուհն իրեն չի տվել նորագույն տեխնիկայի հետ աշխատելու հմտություններ: ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին նշում են ուսանողների մեծ մասի շրջանում ոչ միայն նեղ մասնագիտական, այլև անգամ տարրական գիտելիքների պակասը: Աղվերանում սեպտեմբերի 12-13-ը ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպման ժամանակ բուհ-ՏՏ ոլորտ-արտադրություն կապի մասին բանավիճեցին և կարծիքներ հայտնեցին ոլորտի ներկայացուցիչները: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ ՏՏ ոլորտում կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի շրջանավարտների մոտ 50 %-ը չեն շարունակում իրենց աշխատանքը: Մեծ քանակությամբ կազմակերպություններ ստիպված են հավելյալ ներդրումներ կատարել բուհերի շրջանավարտներին վերապատրաստելու համար, որպեսզի նրանք համապատասխանեն կազմակերպության պահանջներին: «Բացակայում են այն միջանկյալ օղակները` ոչ բուհական կազմակերպությունները, որոնք շրջանավարտներին կվերապատրաստեն ՏՏ կազմակերպությունների պահանջներին համապատասխան»,- հավելում է Բագրատ Ենգիբարյանը: Որպես ՏՏ կառույց-բուհ լավագույն համագործակցություն մասնագետները դիտարկեցին «Սինոփսիս Արմենիա»-ի և Հայաստանի երեք բուհերի` Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի և հայ-ռուսական Սլավոնական համալսարանի համատեղ ծրագիրը և առավել արդյունավետ գործող ԵՊՃՀ-ի փորձը:  Իսկ մարզային կտրվածքով առանձնացրին Գյումրիի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնը: 14_09-r_aghashyanԵՊՃՀ-ի պրոռեկտոր Ռուբեն Աղաշյանը նշեց, որ Հայաստանը սահմանափակ հնարավորություններ ունեցող երկիր է և այս ոլորտում չի կարող համեմատվել զարգացած երկրների հետ, որտեղ մեծ գումարների ներդրումներ են կատարվում և ունեն հզոր ՏՏ լաբորատորիաներ: Իսկ հայաստանյան բուհերում դեռևս բացակայում են տեղեկատվական տեխնոլոգիաներով բեռնված լաբորատորիաները: «Այսօր ոլորտի մասնագետներ պատրաստող համալսարանները ներդրումները կենտրոնացրել են համալսարանի մակարդակը բարձրացնելու, ուժեղացնելու և լաբորատոր բազաները զինելու գործում: Վերջին տարիներին որոշակի միտումներ են նկատվում, երբ կազմակերպություններն իրենք են հիմնում ուսումնական սեփական կենտրոնները, այդ դեպքում հարց է առաջանում` ինչի համար է բուհական ու կրթական համակարգը, եթե նրանք պետք է հիմնեն իրենց կենտրոնները»,- մեզ հետ զրույցում հարցնում է Ռուբեն Աղաշյանը: 14_09-a_grigoryanԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը կարծում է, որ պատճառը դպրոց-բուհ-կազմակերպություն կապն է, որ չի գործում: «Ցավոք սրտի, մենք ավագ դպրոց ենք ներմուծում, բայց երբ խոսում ենք մասնագիտական կրթության մասին, մեր ուսումնական պրոցեսում բավական մեծ ծավալ են կազմում ընդհանուր կրթական դասընթացները, որը, փաստորեն, ուսանողը չի յուրացրել դպրոցում, և համալսարանն աշխատում է լրացնել այդ բացը»,- ասում է պրոռեկտորը:

 

Հիմքը գալիս է դպրոցից

«Հիմքը գալիս է դպրոցից, և մարդը ձևավորվում է այն հասակում, երբ սովորում է դպրոցում: Ես որոշ դեպքերում բուհերին չեմ մեղադրում, որ իրենց մոտ վատ ուսանողներ են սովորում, քանի որ իրենք ստանում են վատ ժառանգություն, և ինձ թվում է` մենք պետք է հիմքը դնենք առաջին հերթին հենց դպրոցը փոխելու վրա»,- կարծում է «Յունիքոմփի» ներկայացուցիչ Արմեն Բալդրյանը:

Խոսելով ՏՀՏ կրթության վրա ներազդող դպրոցական կրթության հիմնախնդիրներից` նա նշեց, որ շատ դեպքերում պետությունն ավելորդ գումարներ է ծախսում հետագայում մարդկանց դաստիարակելու, վերակրթելու, ուղղելու վրա, քան այդ գումարները կծախսեր դպրոցից նույնն անելու համար: «Սկզբունքը պետք է փոխվի, գումարները ավելի շատ պետք է ծախսենք դպրոցի վրա, ձևափոխենք դպրոցական համակարգը: ՏՏ գծով դպրոցում կարելի է հստակ ուսման էֆեկտիվությունը բարձրացնել»,- կարծում է Արմեն Բալդրյանը: Նա խոստովանեց` ոչ թե «որքա՞ն աշակերտի մի համակարգիչ է հարկավոր, այլ հակառակը` որքան համակարգիչ է հարկավոր մեկ աշակերտին» սկզբունքով պետք է առաջնորդվել  21-րդ դարում: Ավելին` ուսուցիչները ևս վերապատրաստված չեն, չեն տիրապետում նոր տեխնոլոգիաներին, իսկ ինֆորմատիկայի դասընթացներին երբեմն սխալ տեղեկատվություն են տալիս աշակերտներին: «Խնդիրը մեր մենթալիտետը փոխելն է, որ հիմա արդեն 21-րդ դար է, ինֆորմացիայի դար, այդ ինֆորմացիան արագ տեղ հասցնելն ամենակարևորն է, իսկ եթե մենք հին ձևերով ենք ինֆորմացիան տալիս, մենք հետ ենք ընկնում»,- ասաց Արմեն Բալդրյանը: «X-tech» ընկերության ներկայացուցիչ Արման Աթոյանի կարծիքով` մագիստրատուրան է այն աստիճանը, որն իդեալական համապատասխանում է ուսանողին վերապատրաստելու և նրան գործատուի պահանջներին համապատասխանեցնելու համար: Ամենաբարձր ռեյտինգ ունեցող 30 համալսարանների բյուջեն գերազանցում է ՀՀ-ի բյուջեն: Այսինքն` այն ֆինանսական ներհոսքերը, որ ունեն այդ համալսարանները, անհամեմատելի է մեր ֆինանսական միջոցների հետ: 14_09-h_musayelyanԸստ «Սինոփսիս-Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի` դա է պատճառը, որ բուհերն ի զորու չեն պատրաստել մասնագետներ, որոնք ավարտելուց անմիջապես հետո կկարողանան աշխատանքի անցնել ՏՏ կազմակերպությունում: «Մենք ինչ անում ենք, անում ենք այն ֆինանսակամ միջոցների շրջանակներում, որը մենք ունենք»,- պարզաբանեց ԵՊՀ պրոռեկտոր Ալ. Գրիգորյանը: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ չկա ձևավորված աշխատաշուկա, որպեսզի համապատասխան կրթություն ձևավորվի: «Ընկերությունները պետք է շահագրգռված լինեն, որ ուսանողները պրակտիկան անցկացնեն իրենց մոտ, բայց այսօրվա դրությամբ ընկերությունները հետաքրքրված չեն, որ բուհին առաջարկեն պրակտիկան կազմակերպել իրենց մոտ»,- ասաց պրն Գրիգորյանը: 14_09-m_markosyan«Երևանի կապի միջոցների ԳՀԻ» տնօրեն Մհեր Մարկոսյանը մասնավորեցրեց դասախոսական անձնակազմի որակը, ոլորտում նրանց պատրաստվածությունը և ՏՏ ոլորտում գիտական աշխատանքներով զբաղվելու հնարավորության նվազումը, եթե դասախոսը ծանրաբեռնված է ողջ հաստիքի չափով: 14_09-h_tigranyanՇարունակելով Հմայակ Տիգրանյանի մտահոգությունը, թե ՏՏ ոլորտի դասախոսը հին մեթոդներով է դասավանդում, երբ ոլորտը պահանջում է դինամիկ ու թարմացված գիտելիքներ` Մհեր Մարկոսյանն առաջ քաշեց դասախոսի ցածր աշխատավարձի հարցը: «Բուհի դասախոսը պետք է ստանա այնքան, որքան բիզնես ոլորտի ծրագրավորողը»,-կարծում է Մհեր Մարկոսյանը: «Մենք բուհերից պահանջում ենք որակ, բայց եկեք չմոռանանք, որ այսօր պետությունը պետական բուհերի ռեկտորների աշխատավարձ է նշանակել 30 հազար դրամ: ՀՀ նախագահի աշխատավարձը 400 հազար դրամ է, երբ Ադրբեջանի ու Վրաստանի աշխատավարձը 15-20 հազար եվրո է: Մենք չունենք մշակած համակարգ` ողջամիտ աշխատավարձ սահմանելու համար: Դա բյուջեի խնդիր է, հասկանալի է, բայց կան հաստիքներ, որոնց աշխատավարձը ուղղակի ծիծաղելի է»,- հավելում է Հովիկ Մուսայելյանը:

Պետական պատվերը ևս չի գործում այս ոլորտում

  ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների քննարկումները հանգեցրին այն եզրակացության, որ ոլորտը դուրս է մնում պետական աջակցությունից, հատկապես ռազմավարական տեսակետից: Ավելին, պետպատվերի ձևավորումը պետք է պետականորեն կարգավորվի, որպեսզի հստակ ռազմավարություն մշակվի, թե որ ոլորտը ինչ կադրերի պակաս է զգում, ինչ մեթոդներով է պետք նրանց վերապատրաստել: 14_09-k_vardanyan«Այսօր մենք որևէ նպատակադրում չունենք` կապված տեխնոլոգիական զարգացման հետ պետության մակարդակով, համապատասխանաբար մոտիվացիան վերանում է»,- կարծում է  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Այստեղ պետությունը մի փոքր բան արեց, որոշակի ծրագրեր ֆինանսավորեց և ընդամենը հայեցակարգ ընդունեց: Իսկ որ պետպատվերի մասով ռազմավարություն չկա, դա ինձ համար նորություն էր»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը: Ամփոփելով քննարկումները և հնչած կարծիքները` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եզրակացրեց, որ հիմնական շեշտը պետք է դրվի բուհական ու կրթական համակարգը բարձրացնելու, կազմակերպություններում շրջանավարտների վերապատրաստման և վերապատրաստող օղակների ստեղծման վրա, որոնք փորձելու են աջակցել երկու կողմին էլ: Բագրատ Ենգիրբարյանը, այնուհանդերձ, խնդիրը տեսնում է համագործակցության մեջ: Իսկ խթանողը, ըստ նրա, առաջին հերթին պետք է պետությունը լինի: «Երկխոսություն չկա տնտեսության և կրթական համակարգի միջեւ, մոդելներն ընդամենը առաջին ծաղիկներն են, որոնց միջոցով փորձում ենք խթանել այդ կապը, օրինակ` «Սինոփսիս»-ի համագործակցության մոդելը բուհերի հետ, բայց դրանք շատ քիչ են: Առաջինը` պետք է բուհը հստակ խնդիր ունենա, մասնավոր հատվածը աջակցության ձեռք մեկնի, որպեսզի համատեղ այդ հարցը հաղթահարվի»,- հավելեց նա: Հանդիպմանը խոսեցին նաեւ Հայաստանում հեռահար ուսուցման կազմակերպման խնդիրների մասին: «Հեռահար ուսուցում կազմակերպելու գործում խոչընդոտ է ինտերնետի նախ` որակը, հետո` գները»,- ասաց «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» տնօրեն Մհեր Մարկոսյանը: Բագրատ Ենգիբարյանը հեռահար ուսուցման կազմակերպման համար մատնանշում է համակարգիչների սակավությունը հանրապետությունում և, ամենակարևորը, այն մշակույթ դարձնելը: «Շատ դժվար է ուսանողին սովորեցնել, որ սա ոչ թե դաս է, այլ պետք է դառնա իրենց առօրյայի մի մասը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter