HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայ-թուրքական սահմանի բացում. կարծիքների բախում Մարգարա գյուղում

14_09-margaraԱռավոտ էր: Արմավիրի մարզի Մարգարա գյուղում մոտ տարածությունից մեր ականջին խորթ ձայներ էին լսվում: Գյուղացիների համար «անսովոր» ձայնը սովորական էր դարձել, քանի որ նրանք գիտեին` ամեն առավոտ Արաքսի ափից այն կողմ գտնվող Ալիջան գյուղում թուրքերը բարձրաձայն նամազ են անում: Մարգարայի ու Ալիջանի միջեւ միայն Արաքս գետն է ու փշալարերը: Հարեւան գյուղացիներին տեսնելու համար Մարգարայի հետաքրքրասերները բարձրանում են տանիք ու հետեւում Ալիջանի անց ու դարձին: Հավանաբար, նույնն էլ անում են ալիջանցիները: Եթե փշալարերից այս կողմ մարգարացին հորովել է երգում, ապա քիչ հեռվում թուրք հովիվը` ինչ-որ մուղամ: Եւ այդպես տարիներ շարունակ երկու ժողովուրդներ ապրել են`բավարարվելով «հեռակա» շփումներով: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի Հայաստան ժամանելուց հետո Մարգարայի բնակչությունը սկսեց խոսել սահմանի հնարավոր բացման մասին: Սակայն, ոչ բոլորն են համաձայն սահմանը բացելուն ու թուրքերի հետ հարաբերություններ հաստատելուն: Մարգարայում պատահական մարդկանց շրջանում հարցում անցկացրինք, սական 50 հարցվածներից միայն 15-ը արտահայտվեց սահմանը բացելու օգտին: 31 մարդ կտրուկ դեմ արտահայտվեց, իսկ 4-ը դեռ չեն կողմնորոշվել` սահմանի բացումը դրական, թե բացասական հետեւանքներ կունենա հայերիս համար: Այս օրերին սահմանի բացման կապակցությամբ որեւէ նախապատրաստական քայլ չի արվում, բացի գարնանը հայ-թուրքական սահմանի կամուրջը վերանորոգելուց: Այնուամենայնիվ, մի բան կա, որ գյուղացիներին կասկածի տեղիք է տվել: Մի քանի օր է` հայ-ռուսական սահմանապահների շենքից անհետացել են Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները: Այս առնչությամբ զինվորները չցանկացան մեզ որեւէ բան ասել: Ի՞նչ են մտածում Մարգարայում` հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Մարգարայի համայնքապետ Խաչիկ Ասատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գյուղի բնակիչների մոտ 80 տոկոսը համաձայն է սահմանի բացմանը: «Սահմանի բացման դեպքում առեւտրի միջոցով Մարգարա գյուղին օգուտ կլինի: Իմ կարծիքով` դրանից կշահի հանրապետությունը, քանի որ կունենանք մի ճանապարհ, որով դուրս կգանք Եվրոպա եւ կկազմակերպենք միջպետական առեւտուր»,- կարծում է Խաչիկ Ասատրյանը: Համայնքապետի ասելով` այն գյուղացիները, որոնք բացասական վերաբերմունք ունեն, հիմնականում պատճառաբանում են, որ թուրքերը կարող է Մարգարա գյուղում տներ ու հողեր գնեն: «Ինչքան գիտեմ, Հայաստանի օրենքներով սահմանված է, որ մարդը, եթե քաղաքացիություն չունի, այստեղ չի կարող սեփականություն ունենալ: Դրանով ես վստահ եմ, որ թուրքերը չեն կարող այստեղ ունենալ սեփական տներ ու հողեր»,-ասաց համայնքապետը: Խաչիկ Ասատրյանը բացասական երեւույթներ նույնպես կանխատեսում է, սակայն դա համարեց պետական մակարդակի հարց: Ըստ նրա` մեր կառավարությունն այնպես պետք է առեւտրի հարցը դնի, որ Հայաստանը դրանից չտուժի: «Ուրիշ բացասական բաներ չեմ տեսնում: Մանավանդ, որ սահմանի բացումը լինելու է առանց նախապայմանների: Եթե այդպես եղավ, ուրեմն ամեն ինչ նորմալ կլինի: Եթե թուրքերի հետ հարաբերություններ ստեղծելն առանց նախապայմանի է լինում, մնացած գործընթացը կարելի է սահմանը բացելուց հետո էլ շարունակել քննարկել, ասենք` Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցը»,-ավելացրեց Խ. Ասատրյանը: Ավետիս պապը ամեն օր հետեւում է լրատվամիջոցների հաղորդած լուրերին եւ այդ ամենից արել է իր եզրակացությունը, որ հայ-թուրքական սահմանի բացումը ոչ մի բան չի տա մարգարացիներին: «Պիտի մեքենան գա Թուրքիայից ապրանքը բառնա, տանի Երեւան, մենք ինչ պիտի օգտվենք: Ոչ մի բան էլ չենք օգտվի: Տելեվիզրով էդքան ասում են, որ սահմանը բացում ենք, բացում ենք, էդ մեր խելքի բանը չի` կբացեն, թե չեն բացի»,- ասաց Ավետիս Հարությունյանը: 14_09-anushՆրա հարեւանուհի Անուշ Դավթյանն ընդհանրապես «հոժար չէր», որ սահմանը բացվի: «Ցեղասպանությունը հաստատու՞մ է թուրքը` չի հաստատում, էլ ի՞նչի համար բացենք: Եթե սահմանը բացվի, մեր լռիվին կուտեն: Կառավարությունն ինքն իրա գլուխը կպահի, ժողովրդի գլուխն էլ թուրքերը կուտեն: Մարգարայի բնակիչների մեծ մասը համաձայն չի, որ սահմանը բացվի: Թուրքը մեզանից 2 լոնք է հեռու, ու բաց սահմանով իրար հետ ապրելը վտանգավոր է»,- կարծիք հայտնեց Անուշ տատը: Մարգարայի դպրոցում նույնպես այս օրերի թիվ 1 թեման սահմանի բացումն է: Քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհի Նելլի Մուրադյանը դեռ չէր կողմնորոշվել, թե մեզ համար որն է ավելի լավ` սահմանի բացու՞մը, թե՞ ներկայիս փակ սահմանները: 14_09-neli«Երեւի չկարողանամ կոնկրետ պատասխանել, որովհետեւ բացվելուց հետո կերեւան առավելություններն ու թերությունները: Մենք սովոր ենք գյուղում խաղաղ պայմաններում ապրելու` անծանոթ մարդկանցից հեռու, բացվելուց հետո չգիտենք` ինչ կլինի: Երեւի հետո կսովորենք: Ինչքան հիշում եմ, անընդհատ ասում էին, թե սահմանը բացվելու է, բայց չեմ հավատացել, երեւի հիմա պահը հասունացել է, որ սահմանը բացվի: Բայց ես միշտ մտածել եմ` մինչեւ հայի ու թուրքի միջեւ տարաձայնությունները վերջնական լուծում չստանան, երեւի սահմանը չբացվի: Մի կողմից էլ կյանքը զարգացել է, հիմա մարդիկ այլ կերպ են մտածում: Հիմա կյանքի պայմաններն էլ են թելադրում: Շատերը կարող է մտածեն, որ տարիներ առաջ ինչ եղել, անցել-գնացել է, հիմա թուրքերի հետ ինչու՞ թշնամի դառնանք»,- նշեց Ն. Մուրադյանը: 14_09-nairaՀայոց լեզվի եւ գրականություն ուսուցչուհի Նաիրա Մարտիրոսյանը նույնպես համաձայն էր, որ իրենց անդորրը կխաթարվի: Տիկին Մարտիրոսյանը թեեւ սահմանի բացմանը դեմ չարտահայտվեց, սակայն ասաց, որ չի կարծում, թե Մարգարայի համար էական կլինի սահմանի բացումը: «Մեզ մոտ վախի զգացում չկա, որովհետեւ տեղացի ենք ու միշտ էլ սահմանապահ ենք եղել: Բայց ընդհանուր, կարծում եմ, վատ չի լինի: Մեկ է` այսպես, թե այնպես, թուրքական ապրանքը մեր շուկան ողողել է տարիներ շարունակ: Եթե հիմա այլ ճանապարհներով է բերվում, թող մեր սահմանով բերեն, երեւի էժան կլինի: Դպրոցում աշակերտների հետ այս թեման քննարկում ենք, բայց ինչպե՞ս կարող ենք մոռանալ մեր պատմությունը, մեր անցյալը: Միանգամից չենք կարող հեղաշրջում կատարել եւ անմիջական բարեկամություն անել թուրքերի հետ»,- ավելացրեց ուսուցչուհին: 14_09-levonՍահմանի բացմանը միանշանակ կողմ արտահայտվեց մարգարացի Լեւոն Կարապետյանը: Նրա ասելով, եթե սահմանի բացումից Մարգարան չշահի, ապա Հայաստանն անպայման կշահի: «Այս ամենի մասին լրատվությունից տեղեկանալը շատ քիչ է, ամեն մի երկրի հասարակություն ինքը գիտի: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում հասարակական կարծիք պետք է ձեւավորվի: Ասում են` մինչեւ տարեվերջ սահմանը կբացվի, բայց մենք հասարակ մարդ ենք, ի՞նչ իմանանք կոնկրետ, իշխանավորները կիմանան: Բայց, իմ կարծիքով, մինչեւ տարեվերջ սահմանը հաստատ կբացվի»,- նշեց Լ. Կարապետյանը: Լեւոնի կինն էլ պատմեց, որ իր պապի տունը գտնվում է Արաքսից այն կողմ եւ ամեն օր իրենց տանիքից հետեւում է: Տունը հենց գետի ափին է, եւ սահմանը բացվելուն կողմ է արտահայտվում միայն այն պատճառով, որ նախնիների տունը մոտիկից տեսնի: 14_09-gretaԻ տարբերություն շատ համագյուղացիների, Գրետա տատը գտնում էր, որ սահմանի բացումը դրական կանդրադառնա Մարգարայի վրա: «Եթե սահմանը բացվի, առեւտուրը սկսեն, շրջանառություն կլինի, գյուղի վիճակն էլ կլավանա, եթե չէ` նույն աղքատի նման էլ պիտի ապրենք: Մեր հոգեբանական վիճակն է վատ կողմը, եթե թուրքերի հետ լավ եղանք, կարող ա մեր մեջի վատ նստվածքը կորի: Մինչեւ ե՞րբ պիտի թշնամի լինենք, հարեւան մարդիկ ենք, եկեք հաշտվենք, յոլա գնանք, էլի: Բայց թուրքը հաշտվող չի: Թուրքը թուրք է մնում, բայց կարող է հաշտվենք: Կարող է` նրանք էլ են եզրակացության եկել, որ հաշտվելը լավ է»: Գրետա տատը նյարդային վիճակում է հայտնվում, երբ սահմանի բացումը կապում են Ղարաբաղի հետ: Նրա ասելով` Ղարաբաղի հարցն այստեղ ընդհանրապես կապ չունի եւ չպիտի քննարկվի: «Ղարաբաղը թող իր հարցը լուծի: Ղարաբաղը մերն է, մերն էլ կմնա: Էդքան երիտասարդություն կոտորեցինք Ղարաբաղի համար, որ հարյուր թուրքի նմանն էլ լինի, Հայաստանը Ղարաբաղ չի տա: Կարող է էլի զոհեր տանք, բայց ժողովուրդը Ղարաբաղը հետ չի տա: Իշխանությունները գրավյալ տարածքներն էլ հետ չպիտի տան, արյուն ենք թափել, ձեռք ենք բերել: Դա մերն է, ոչ մեկն իրավունք չունի գա ու իմ հողին տիրանա: Մեր հողերի մեծ մասը մնացել է թուրքերին, էդ իրանց հերիք չի՞»,- նշեց Գրետա տատը: Ու՞մ է ավելի շատ ձեռնտու սահմանի բացումը Մարգարայի գյուղացիները պատմում էին, որ ամեն անգամ, երբ ակտիվ բանակցություններ են վարվում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, Երեւանից Մարգարա է շարժվում «Ջիփ»-երի շարանը: Մեծահարուստները հետաքրքրված են հատկապես ճանապարհամերձ հողակտորներով եւ բավականին բարձր գին են առաջարկում: Ուսուցչուհի Նաիրա Մարտիրոսյանը նույնպես լսել էր, թե մեծահարուստները ինչպես են հողեր գնելու համար բանակցում գյուղացիների հետ: «Լսել ենք, որ ճանապարհին մոտ գտնվող 1000քմ հողամասի համար 2 միլիոն դրամ են առաջարկել: Իհարկե, կլինեն մարդիկ, որ այդ գումարն իրենց համար գայթակղիչ կլին»,- ասաց ուսուցչուհին: Մարգարայի համայնքապետ Խաչիկ Ասատրյանը նույնպես հաստատեց, որ այս օրերին հող գնող մեծահարուստներն ակտիվացել են. «Իրոք, շատ են հետաքրքրվում, բայց մինչեւ օրս ոչ ոք հող չի ծախել»: Նրա ասելով` 1000քմ հողի համար առաջարկում են 5-6 հազար դոլար: «Հող գնողների մեջ կա՞ն քաղաքական գործիչներ»,- հարցրինք Խաչիկ Ասատրյանին: «Ոչ, հիմնականում մանր բիզնեսմեններ են»,- հնչեց պատասխանը: Մարգարայի գյուղացիները հակառակն են պնդում` ասելով, որ հող գնողների մեջ հիմնականում օլիգարխ պատգամավորների թիկնապահներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter