HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Տապալված «Ժառանգության» եւ շատացած դանակավորների հայկական սինդրոմը

«Ժառանգություն» կուսակցության հետ տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ հայաստանյան քաղաքական դաշտն աստիճանաբար կրկին ճահճացման վիճակում է հայտնվում։ 2007 թ. օգոստոսից Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտ վերադառնալուց հետո սկսված եւ 2008 թ. մարտի 1-ին վերջնականապես «սեւ-սպիտակ» հարաբերակցությամբ ձեւավորված քաղաքական միջավայրը ձեւախեղվում, սպառում է իրեն։

«Ժառանգության» փլուզումն առաջին հերթին հարված էր բուն կուսակցությանը եւ ընդդիմադիր դաշտին։ «Ժառանգությունն» անցած մի քանի տարիների ընթացքում հասցրեց տեղավորվել ազգային արժեքներով առաջնորդվող ազատական կուսակցության գաղափարական կաղապարի մեջ։ Կուսակցության առաջնորդը կարողացավ իր շուրջը համախմբել երիտասարդ, կարող, հեռանկարային ուժերի։ Ձեւավորեց հստակ քաղաքական կողմնորոշումներ ունեցող, ինտելեկտուալ քաղաքական ուժի իմիջ։ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց «Ժառանգությանը» զերծ պահել անձնակենտրոն կուսակցությունների կարծրատիպից՝ կուսակցության ներսում ստեղծելով որոշումների ընդունման լիբերալ համակարգ։ Ազատ եւ լիարժեք ինքնադրսեւորման հնարավորություն ստեղծեց իր շուրջը հավաքված երիտասարդ, կարող ուժերի համար։ Այս առանձնահատկությունները, ազգային, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներում դրսեւորած անշեղ հետեւողականությունը «Ժառանգությանը» վերածեցին ազգային-քաղաքական արժեքի։ Իր միջանկյալ դիրքով, սուր անկյունները «տաշելու» որդեգրած սկզբունքի համաձայն, «Ժառանգությունը» յուրօրինակ միջնորդի դեր էր կատարում ընդդիմություն-իշխանություն, ընդդիմություն-այլ քաղաքական ուժեր հարաբերություններում եւ մշտապես քաղաքական հաղորդակցության, երկխոսության պլատֆորմ էր ստեղծում։ «Ժառանգությունն» այս իմաստով ահռելի գործունեություն ծավալեց հասարակական-քաղաքական բեւեռացումը մեղմելու ուղղությամբ։ Այս կուսակցության փլուզման համար պարարտ հող ստեղծեցին առկա քաղաքական իրավիճակը, նաեւ որոշ սուբյեկտիվ գործոններ։ Գործնականում ստեղծվել էր մի իրադրություն, երբ ներքաղաքական դաշտում խաղացող հիմնական սուբյեկտներին ձեռնտու էր «Ժառանգության» «շարքից դուրս գալը»։

Ընդդիմության գործոնը

Ընդդիմադիր դաշտում գործող մյուս հզոր քաղաքական ուժը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությանը» շարունակաբար վերաբերվում էր ոչ թե իբրեւ գործընկերոջ, այլ՝ մրցակցի։ Այն մշտապես հետապնդում էր «Ժառանգությանը» կլանելու ակնհայտ նպատակ։ ՀԱԿ-ում պարզորոշ հասկանում էին, որ այս կուսակցության հզորացումն առաջնահերթորեն հարվածելու է բազմաշերտ, հաճախ կենտրոնախույս ուժերից բաղկացած, դրանով իսկ խոցելի Կոնգրեսի ամբողջականությանը։ «Ժառանգությանը» շարքից հանելու դեպքում ՀԱԿ-ը գործնականում մնում էր ընդդիմադիր դաշտի միակ տերն ու տնօրենը։ Չէր մնում որեւէ այլընտրանքային ուժ, որը կարող էր ինչ-որ պահի դեպի իրեն քաշել ՀԱԿ-ում ծվարած հատկապես ազգայնական-պահպանողական ուժերին։ ՀԱԿ-ին պետք էր «Ժառանգությունը»՝ որպես կախյալ, կամակատար ուժ, այն էլ միայն նրա համար, որպեսզի հնարավորություն լինի օգտագործել ԱԺ ամբիոնը։ Պատահական չէր, որ «Ժառանգության» ներքին խնդիրների մասին առաջինը հրապարակեց հենց ՀԱԿ-ի ոչ պաշտոնական խոսափող օրաթերթը։

Իշխանության գործոնը

Խորհրդարանում «Ժառանգությունը» որեւէ ազդեցություն չուներ քաղաքական որոշումների ընդունման վրա։ Այս իմաստով կուսակցությունն իշխանության համար կատարելապես անվտանգ էր։ Սակայն «Ժառանգությունն» իշխանության համար վտանգավոր էր արտախորհրդարանական ճակատում եւ հատկապես արտաքին քաղաքական պրոցեսների նկատմամբ հասարակական կարծիքի ձեւավորման ոլորտում։ Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական դիմակայություններում «Ժառանգությունը» հասարակական տրամադրրությունների ձեւավորման վրա լրջագույն ազդեցություն կարող էր ունենալ։ Ավելին, այս ենթահողի վրա կարող էր ազգային ուժերի՝ իշխանության համար անվերահսկելի ճակատ ձեւավորել։ Պատահական չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ամենասկզբունքային դիրքորոշումն արտահայտող, իրավիճակից դուրս գալու ելքեր առաջարկող հրապարակային խոսքը, հայտարարությունը հնչեցրեց հենց «Ժառանգությունը»։ Դա իշխանությանը թույլ չէր տա իրականացնելու ստանձնած պարտավորությունները թե՛ հայ-թուրքական հաշտեցման, թե՛ Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում։ «Ժառանգության» չեզոքացմամբ նաեւ ՀՅԴ-ին էր հնարավորություն տրվում այդ կուսակցության փլատակների վրա ինքնադրսեւորվել ընդդիմադիր դաշտում։

Սուբյեկտիվ գործոններ

Սակայն ճգնաժամի առաջին լուրջ պատճառը միանշանակ կուսակցության առաջնորդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կատարելապես անտրամաբանական, իներտ պահվածքն էր։ Փաստացի ներկուսակցական ճգնաժամը սկսվեց այն պահից, երբ Հովհաննիսյանը հրաժարվեց կուսակցության նախագահի պաշտոնից, ապա` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամի կարգավիճակից։ Իսկ գաղտնի նամակով կուսակցությունից հեռանալու եւ քաղաքականությունը թողնելու մասին հայտարարությամբ Հովհաննիսյանը, փաստորեն, վավերացրեց «Ժառանգության» փլուզումը։ Ո՞րն էր շարժառիթը, դժվար է ասել։ Սակայն փաստն այն է, Հովհաննիսյանն ինքնահոսի թողեց կուսակցությունը՝ շատ լավ հասկանալով, որ իր յուրաքանչյուր խոսք, որոշում կարող էր փրկել իրավիճակը, հանրության համար հասկանալի դարձներ, թե ի՞նչ է կատարվում «Ժառանգության» ներսում, ո՞վքեր են իրական «դետոնատորները»։ Սա չափազանց լուրջ հարված էր հատկապես իր՝ Հովհաննիսյանի հեղինակությանը, ով իր պահվածքով անվստահելի, անհետեւողական ու անսկզբունքային քաղաքական գործչի տպավորություն թողեց։ Երկրորդ սուբյեկտիվ գործոնն, իհարկե, կուսակցության ֆինանսական ճգնաժամն էր։ Ներկուսակցական հակամարտող կողմերն իրենք էլ չնկատեցին, թե ինչպես ջրի երես հանեցին մինչեւ հիմա բոլորին մտահոգող մի հարց. իսկ ինչպե՞ս է ֆինանսավորվում այս կուսակցությունը։ Իսկապես, հիմա արդեն շատերին է մտահոգում՝ մինչեւ հիմա ո՞րն էր «Ժառանգության» ֆինանսավորման աղբյուրը, ինչու՞ է այն ցամաքում եւ հատկապես՝ ինչու՞ հենց հիմա։ Պարզ է, որ լիդերի մեկուսացվածության ու կուսակցության ապագայի նկատմամբ անորոշությունն անձնական ամբիցիաներ ունեցող երիտասարդ կուսակցական ակտիվիստներին պետք է մղեր լուծելու այս խնդիրը, որն էլ, ի վերջո, ֆինանսավորման ուղիների որոնման ենթահողի վրա հանգեցրեց նման աղետի։ «Ժառանգությունը» պարտվեց։ Սակայն նրա հետ պարտվեց ողջ հասարակությունը, ողջ քաղաքական դաշտը եւ նաեւ պետությունը։ Դաշտից հեռանում է մի կուսակցություն, որը կուսակցություն լինելուց զատ նաեւ հասարակական-քաղաքական արժեք էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter