Հայաստանից ավելի հեռու
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ օրերս սկսված ներքաղաքական քննարկումների հետ մեկտեղ Թուրքիայում վերջին օրերին ակտիվացել են Հայաստանին սահմանակից արևելյան շրջանների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշխատանքները:

Թեպետ նման աշխատանքներ սկսվել էին դեռ այս տարվա ապրիլից, սակայն հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզի» ստորագրումից շատ կարճ ժամանակ անց աշխատանքները դադարեցվել էին:
Որոշ տեղեկությունների համաձայն` շինարարական-վերականգնողական աշխատանքների ակտիվություն է նկատվում Դողուքափը-Ախուրյան ուղղությամբ: Սա թուրքական կողմից Կարս-Գյումրի երկաթուղու թուրքական հատվածի վերջին կայարանն է:
Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Իգդիրից դեպի Ալիջան գյուղ և համանուն հսկիչ-անցագրային կետ տանող ճանապարհներին: Այս հատվածում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում:
Նշենք, որ Ալիջանի անցագրային կետից ճանապարհն Արաքսի վրայով անմիջապես միանում է Էջմիածնի Մարագա գյուղին: Այս ճանապարհով վերջին անգամ տրանսպորտային միջոց անցել է 1993 թ.:
Միաժամանակ երեկ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ թուրքական իշխանություններն արևելյան շրջանների կոմունիկացիաների վերանորոգման գործում առաձնակի նանակություն են տալիս էրզրումին: Ընդ որում` բարեկարգվում են ոչ միայն Հայաստանի կոմից, այլև Թուրքիայի այլ հատվածներից դեպի Էրզրում տանող ուղիները:
Սա այն դեպքում, երբ ավելի վաղ շեշտը դրվում էր Կարսի վրա, որը պետք է դառնար տարանցիկ կենտրոն` նկատի առնելով, որ Բաքու-Թբիլիսի-Ախալքալակ երկաթուղին ևս պետք է հասներ Կարս, իսկ այնտեղ միանար թուրքական երկաթուղային ցանցին: Իսկ այժմ շեշտը դրված է նաև Էրզրումը տարածաշրջանային կենտրոն դարձնելու վրա:
Թե Անկարայում ինչ տնտեսական-քաղաքական նպատակներ են հատապնդում նման քայլերով, պարզ կլինի առաջիկայում: Սակայն, նկատի առնելով այն, որ էրզրումը Հայաստանի հետ անմիջական սահմանից շատ ավելի հեռու է, քան Կարսը, չի բացառվում, որ հենց այդ հանգամանքն էլ որպես շարժառիթ է ընդունվել Անկարայում:
Որքա՞ն է «մի թիզ հողը»
«Վրացիները մտնում են Հայատանի տարածք. մի տեղ` 2, մյուսում` 4 կմ և այլն: Բոլորն ամեն ինչի մասին խոսում են, բայց պետությունը չկա, օտարացած լռում է: Չկա նաև հայրենասերներից այն մեկը, որը ասի` գնում եմ իմ հայրենիքի սահմանը խախտողին խփեմ»,- աում է Ալբերտ Բաղդասարյանը` ենթադրելով, որ այնպիսի մի քաղքենիական վիճակի մեջ ենք, որ քննարկում ենք, թե 200 մետրը մի թիզ հո՞ղ է, թե՞ գոնե 8,5 քառ. կմ պետք է լինի, որ ասենք` չի կարելի տալ:
ՀՅԴ-ի բողոքի ցույց` ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության առջև
Դաշնակցությունը երեկվանից սկսել է թռուցիկներ տարածել Միացյալ Նահանգների Արևելյան ափի հայաշատ քաղաքներում` կոչ անելով առաջիկա շաբաթ օրը` սեպտեմբերի 19-ին, մասնակցել բողոքի ակցիային ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության առջև:
«Անցյալի մեր զոհողություննրը պահանջում են բողոքել մեր ապագայի համար»,- կարդում ենք թռուցիկում:
Անշուշտ, նկատի ունենալով տվյալ խնդրում ՀՅԴ-ի շահագրգռված մոտեցումը` նման ձեռնարկը բնական է` պայմանով, որ այն տեղի ունենար ՄԱԿ-ի ոչ թե ՀՀ, այլ Թուրքիայի ներկայացուցչության առջև:
Ադրբեջանն արդեն համակերպվել է
Իսկ Հայաստանի դիրքերը կուժեղանան
«Այն, որ Ադրբեջանը համակերպվել է Ղարաբաղի կորստյան հետ, կարծում եմ` գաղտնիք չէ նույնիսկ Ադրբեջանում: Իհարկե, ադրբեջանցի պաշտոնյաները չեն կարող բարձրաձայն խոսել այդ մասին, բայց կասկածից դուրս է, որ խոսք կարող է լինել լավագույն դեպքում Ղարաբաղի նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքների մասին. Լաչինով ու Քելբաջարով, թե՞ առանց դրանց` հավանությունների ու հնարավորությունների հարց է:
Համենայն դեպս, չեմ կարծւմ, թե Ադրբեջանում որևէ մեկը լրջորեն հավատում է Ղարաբաղը «հետ բերելու» հեռանկարին: Ի դեպ, Մինսկի խումբը նրանց նման բան չի էլ առաջարկում:
Թուրքիայի հետ հարաբերություննրի բարելավումը, իհարկե, կուժեղացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանում գործում է այն տրամաբանությունը, թե ինչքան Հայաստանը թույլ է, այնքան ուժեղ է Ադրբեջանը, և հակառակը` ինչքան ուժեղ է Հայաստանը, այնքան մեծ են հայկական կողմի շանսերն` իր օգտին լուծելու Ղարաբաղի խնդիրը: Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, այս տրամաբանության հետևանքն է»,- կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Եվս մի «բացատրություն»
«Ամբողջ ազգով ճգնում ենք, որ այսքան հզոր բանակ պահենք»,- հայտարարել է արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` փորձելով հիմնավորել հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը:
«ՉԻ» - Արսեն Ղազարյանը, իհարկե, ճիշտ է ասում, բայց այստեղ երկու հարց կա: Առաջին. եթե «այսքան հզոր բանակի» շնորհիվ հաղթել ենք, հիմա արժե՞ արդյոք այդ նույն Ղարաբաղի հարցում զիջումների գնալ, որպեսզի սահմանը բացվի, տնտեսությունը շնչի և կարողանանք ավելի հեշտությամբ պահել «այսքան հզոր բանակը»:
Երկրորդ. ինչպես հայտնի է, մենք բանակը պահելու համար «ամբողջ ազգով ճգնում ենք» արդեն 17 տարի: Հետաքրքիր է` ինչո՞ւ պրն. Ղազարյանի մտքով չի անցել այդ մասին խոսել, ասենք, մի երկու-երեք տարի առաջ` երբ Վարդան Օսկանյանը հայտարարում էր, թե «հարյուր տարի էլ կարող ենք զարգանալ շրջափակման պայմաններում»:
Ամեն դեպքում` Արմեն Ղազարյանը շատ ապրի: Նա առաջինը գլխի ընկավ, որ կարելի է Թուրքիային զիջումներ անելը «բացատրել» հայկական բանակի շահերով:
Մերժել են ու տեղափոխել հիվանդանոց
Ինչպես տեղեկացանք փաստաբան Հովիկ Արսենյանից, նախկին «7-ի գործով» բոլոր վճռաբեկ դիմումները վճռաբեկ դատարանը թողել է առանց քննության: Սեպտեմբերի 11-ին դատարանը մի քանի էջանոց որոշում է կայացրել և ուղարկել փաստաբաններին` նշելով, թե հիմքեր չկան` գործերը քննության վերցնելու համար:
Սա նշանակում է, որ քաղբանտարկյալներն արդեն սպառեցին ներպետական բոլոր ատյանները և պատրաստվում են դիմել Եվրադատարան:
Բայց զարմանալի զուգադիպությամբ նախօրերին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի և հիմնականում գանգատվում է սրտից:
Հիշեցնենք, որ «Սասուն» ջոկատի հրամանատարը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, և նրա վրա համաներումը չտարածվեց, քանի որ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին հայհոյել էր հենց դատարանի դահլիճում:
Մարիամի «գործը» միջազգային հնչեղություն է ստացել
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տեղի ունեցած սեռական բռնությունները և այլ արատավոր երևույթները միջազգային հնչեղություն են ստացել: Երեկ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության միջազգային ալիքը ռեպորտաժ է հեռարձակել դպրոցի վերաբերյալ:
Մեր տեղեկություններով` Մարիամի գործով զբաղվում են նաև միջազգային կառույցները: ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս այս օրերին հրահանգել են պարզել այս գործի իսկությունը:
Հայրենի քննիչներին թերևս չափազանց դժվար է լինելու Մարիամի դեմ սարքած գործը մտցնել դատարան և հասնել մեղադրական դատավճռի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել