HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Տարին մի անգամ գյուղապետարանից ու «Փարոսից» լացելով եմ դուրս գալիս»

15_09-Margaryanner Տիկնոջը կոպտում են` 3 երեխա ունենալու համար Արմավիրի մարզի Դաշտ գյուղում ապրող Անահիտ Մարգարյանը մեզ հյուրընկալելով իրենց տանը` ասաց, թե առաջին մարդն եմ, որ իրենց տուն եմ գնացել ու գումար չեմ պահանջում: «Իմ հարազատ պետությունն ինձ ճանաչում է միայն պարտքերի, վարձերի ժամանակ ու հետն էլ դատի է տալիս, որ գնամ մուծեմ»,- ասաց Անահիտը: Նա իր 3 երեխաների հետ արդեն 12 տարի է` ապրում է երկաթե տնակում: Երբ 16 տարի առաջ ծնվել է տղան` Հակոբը, Անահիտը մեկնել է Ռուսաստան: Նրա ասելով` այնտեղ շքեղ տուն է ունեցել ու լավ են ապրել, բայց որոշել է վերադառնալ Հայաստան, որ երեխաներն իսկական հայ մեծանան: 15_09-Anahit1 Նա նույնիսկ անկեղծացավ եւ պատմեց, թե ինչ ապագա կունենային իր երեխաները, եթե մնային Ռուսաստանում: «Խաբարովսկում ճապոնացի փեսացու ունեի, բայց այն մտքից, որ ճապոնացի երեխա պիտի ունենամ` վախեցա: Ես չէի ուզում իմ երեխան ճապոնացու դաստիարակություն ունենար, չնայած փեսացուս շատ հարուստ էր. բիզնեսմեն մարդ էր: Ոչինչ, թող տղաս կովի կաթով մեծանա ու ամեն օր էլ միս չուտի: Խի վա՞տ ա, որ կովի կաթով ա մեծանում: Հենց դուք, էդ կովի թարմ կաթը չունեք, իսկ իմ երեխան խմում ա»,- ավելացրեց Անահիտը: Ընտանիքի մայրը պատմեց, որ այս տարի իր տնամերձ հողամասի ծիրանը վրացիներին վաճառելով` կարողացել է մեկ կով գնել, ու հիմա այդ կովի կաթ ու մածունով էլ ապրում են: Նոր գնված կովը ոչ միայն կերակրում է ընտանիքին, մեկ-մեկ էլ կաթ ու մածուն է ավելանում եւ Անահիտը տանում, վաճառում է հարեւան գյուղերում: Տիկնոջ պատմելով` հերթական անգամ մածուն վաճառելիս ծանոթացել է մի կնոջ հետ ու սուրճի սեղանի շուրջ պատմել է իր ընտանեկան վիճակի մասին: Անցել են օրեր, ու անծանոթ կնոջ ամուսինը մեկ բեռնատար ավտոմեքենայով քար է բերել Անահիտենց տուն: Քարը օգնություն է եղել անապահով ընտանիքին, որպեսզի գոնե երկաթյա տնակի կողքերը շարեն: Սակայն, երբ հերթը հասել է քարերը տնակի կողքերը շարելուն, Անահիտը պարզել է, որ պետք է կադաստրում թույլտվություն ստանա եւ դրա համար գումարներ վճարի: Քանի որ այդ գումաը չեն ունեցել, մինչ օրս քարը թափված է մի անկյունում: «Ապրում ենք, ինչպես կապրեին քարե դարում: Մեր հույսը միայն Աստվածն է: Ապրում ենք հողի մրգով ու բանջարեղենով, այլ ապրուստի միջոց չունենք: Մեկ էլ 29 հազար դրամ նպաստ ենք ստանում: Հիմա էլ արդեն ձմռան պատրաստություն ենք տեսնում: Չոր ճյուղերն ենք կտրատում, որ կարողանանք ձմեռը յոլա գնանք»,-  պատմում է Անահիտը: Տիկնոջ 2 աղջիկներն էլ դպրոց են հաճախում: Դպրոցի տնօրենը, հաշվի առնելով ընտանիքի սոցիալական դրությունը, գրքի գումար վերցրել է աղջիկներից միայն մեկից: Դպրոցահասակ Մարիամն ու Գայանեն հագուստի կարիք նույնպես ունենում են, սակայն հարեւանների նվիրած հագուստների շնորհիվ դպրոցից ետ չեն մնում: Վառելիքի հարցը նույնպես հարեւանների օգնությամբ է լուծվում: Դաշտ գյուղը գազիֆիկացված է, ու ձմռանը գազ վառող շատ ընտանիքներ իրենց չոր ճյուղերը տալիս են նրանց: Անահիտը պատմեց, որ երեխաների հայրը, չդիմանալով իրենց սոցիալական պայմաններին, թողել-գնացել է, ու հիմա իր վրա է մնացել 3 երեխաներին պահելու ամբողջ ծանրությունը: Երբ Անահիտին հարցրինք, թե համայնքապետը կամ այլ պետական մարմիններ իրենց երբեւէ օգնե՞լ են, բացասական պատասխան տվեց: «Գյուղապետը մինչեւ մի տեղեկանք է տալիս նպաստի համար, քթերիցս բերում ա: Ասում ա` գնա երեխեքիդ հորը բեր, թող ընտանիքդ պահի: Թողել- գնացել ա, գնամ զոռով բերեմ, ասեմ ինձ պահի՞: Տարին մի անգամ գյուղապետարանից ու «Փարոսից» լացելով եմ դուրս գալիս, որովհետեւ թքում են երեսիս, թե ինչի ես 3 երեխա ունեցել»,- հուզված պատմում է Անահիտը: Նրա ներկայացմամբ` այս տարի կռվով է «Փարոս» ստացել, քանի որ նոր գնած կովը ընտանիքի աղքատության միավորը գցել է. «Եսիմ որտեղից լսել են, որ իմ բակում հին Մոսկվիչ ավտոմեքենա կա, ասում են, թե մեքենան քոնն ա: Էլ չգիտեն, որ ուրիշի խարաբ Մոսկվիչն ա: Ամսական 3 հազար դրամ փող են տալիս, որ պահակություն անեմ, բայց ասում են` քո մեքենան ա: Ախր, սա մեքենա էլ չի, սկի ակ չկա տակը»,- ասաց Անահիտը: 15_09-Moskvich Դաշտի համայնքապետ Հրանտ Պետրոսյանը ժխտեց, որ ինքը երբեւէ վիրավորել է Անահիտին. «Ինչ էլ անենք այդ կնոջ համար, միեւնույն է` դժգոհ է: Չեմ ուզում շատ բաներ ասեմ, բայց սուտ է ասում, որ մենք վիրավորել կամ անպատվել ենք իրան»: Երբ համայնքապետից հետաքրքրվեցի, թե ինչով է օգնել Անահիտին ու նրա 3 երեխաներին` պատասխան չստացա: Ընտանիքի միակ տղամարդը` Հակոբը, այս տարի է դպրոցն ավարտել ու մեծ ցանկություն ունի բարձրագույն կրթություն ստանալ: Տղան գործերը հանձնել է Երեւանի քոլեջներից մեկի` հեռուստատեսային տեխնիկայի սպասարկում եւ օպերատորություն ֆակուլտետ, սակայն մինչ օրս դասի չի գնում: Չգիտի էլ` կգնա՞, թե՞ ոչ, որովհետեւ գարնանը հողից ստացած բերքով չի կարողանա 85 000 դրամ ուսման վարձը վճարել ու հետն էլ` ամեն օր գնալ Երեւան ու գալ: 15_09-HakobՀակոբին գյուղում Նյուտոն մականունով են դիմում, քանի որ տեխնիկայից լավ է հասկանում: «Աստված մեծ է, երեւի մի բան կլինի»,- ասաց Հակոբը: Սկզբում տղան ցանկացել է «բանկային գործ» մասնագիտությունն ընտրել, սակայն մայրը բացատրել է, որ թիկունքին մարդ չկա կանգնած եւ չի կարող ավարտելուց հետո աշխատանք գտնել: Անահիտը դեռ հույսը չի կտրել, որ ինչ-որ մի տեղ աշխատանք կգտնի ու դրանով տղայի ուսման վարձը կվճարի: Տիկնոջ փոխանցմամբ` շատերին է աշխատանքի համար խնդրել, սակայն բոլոր գործատուներին հետաքրքրել են միայն գեղեցիկ ոտքերով, բարետես, մինչեւ 25 տարեկան ու աշխատանքային փորձով աղջիկները: «Շատ տեղեր եմ դիմել աշխատանքի համար, բայց ոչ մի տեղ ինձ բանի տեղ չդրեցին, որովհետեւ գեղեցիկ ոտքեր չունեմ ու վաղուց արդեն  25 տարեկան չեմ: Ժամանակին լավ տեղեր եմ աշխատել, Էջմիածնի քաղկոպում եմ աշխատել, բայց հիմա ոչ մեկն ինձ բանի տեղ չի դնում ու ոչ մեկին պետք չեմ»,- ասաց Անահիտը: 15_09-tnakԹեեւ երեխաները դեռ ամուսնական տարիքի չեն, սակայն մայրն արդեն մտահոգվում է, որ իրենց տնակ ո՛չ հարս կգա, ո՛չ էլ աղջիկ կտանեն. «Դու աղջիկ կտա՞ս ստեղ ապրելու: Ինչքան էլ կիրթ սկեսուր ու լավ ամուսին ունենա, ոչ մեկն այս պայմաններում աղջիկ չի տա: Կգան աղջիկ ուզելու, կասեն` էս ինչ տուն ա` սկի օժիտ էլ չեն տա»,- մտահոգված է Անահիտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter