
Խաղողի մթերման հետ կապված հարցերն են սեպտեմբերի 14-ին քննարկվել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին նաեւ Արցախի ներդրումային եւ Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների տնօրենները, «Արցախբանկի» վարչության նախագահը եւ հանրապետության գինեգործարանների տնօրենները:
Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ժամանակ մթերող ընկերությունների ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք խաղողի գինեհումք կընդունեն 1 կգ-ը 100 դրամի սահմաններում եւ տեղեկացրին մթերման ծավալների առումով իրենց գործարանների կարողությունների մասին, որոնք պարզվում է` բավարար չեն սպասվող ամբողջ բերքը մթերելու համար:
Ուստի վարչապետ Ա. Հարությունյանը գյուղնախարարին հանձնարարեց ուսումնասիրել եւ գրանցել նաեւ Արցախում գործող այն փոքր արտադրությունները, որոնք զբաղվում են գինեգործությամբ: Դրանք խոշոր ընկերությունների հետ միասին կստանան կառավարության ֆինանսական աջակցությունը` արտոնյալ վարկերի տեսքով, որպեսզի ժամանակին կատարեն վճարումները խաղողարտադրողներին: Վարկերը կտրվեն 6 տոկոս տոկոսադրույքով` մինչեւ երեք տարի մարման ժամկետով: Խաղողի իրացման համար բանակացություններ կտարվեն նաեւ հայաստանյան ընկերությունների հետ:
Վարչապետ Արա Հարությունյանը հանձնարարեց նաեւ օրենսդրական փոփոխություններ նախապատրաստել` տնային պայմաններում արտադրվող գինին ակցիզային հարկից ազատելու վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել