
Պատգամավորը՝ վարչապետին. «Մանշինը», «Ման-Նախը» և «Տեդասը» վատնել են պետբյուջեի միջոցները
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պետական բյուջեի միջոցները փոշիացնելու մասին հերթական ահազանգով հարցում է հղել ՀՀ վարչապետին: Ստորև ներկայացվում է նամակը:
«Կրկին Ձեզ եմ ներկայացնում փաստեր՝ պետական բյուջեի միջոցները փոշիացնելու մասին, որից հերթական անգամ ձմռանը տուժելու են դպրոցների աշակերտները:
Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների մասին 2008թ. հրապարակումներում արձանագրված են Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Կողբավան, Շենիկ և Արագածոտնի մարզի Արեգ, Արտենի, Արագածավան, Արտամետ գյուղերի գազատարների շինմոնտաժային աշխատանքների ժամանակ «Մանշին», «Ման-Նախ» կազմակերպությունների կողմից թույլ տրված չարաշահումները և «Տեդաս» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը գտնվում է դատախազության վարույթում:
Նշեմ, որ ՎՊ-ի 2008-ի հաշվետվության մեջ գրված է, որ վերոնշյալ գյուղերի գազաֆիկացման աշխատանքները պետք է ավարտված լինեին 2009-ին:
Սույն թվականի օգոստոսի 17-ին անձամբ եղել եմ վերոնշյալ բոլոր գյուղերում և համոզվել, որ Արտենին, Արագածավանը և Շենիկը գազաֆիկացված չեն, որի մասին օգոստոսի 22-ին տեղյակ եմ պահել Վերահսկիչ պալատի նախագահ պարոն Իշխան Զաքարյանին:
Օգոստոսի 25-ին ՎՊ-ից արդեն ստացել եմ պատասխան: Պարզվում է, որ Շենիկում «Մանշին» ՍՊԸ-ն խոստումը չի կատարել, իսկ Արեգ-Արտենի-Արագածավան գազատարի մոնտաժումը «Ման-Նախ» ՍՊԸ-ի մասով կատարվել է, սակայն չի ներկվել: Գործը պետք է շարունակեր ու ավարտեր ԻՖԱԴ ՍՊԸ-ն, որի կողմից մոնտաժման ենթակա 4300մ-ից 2270մ-ը դեռևս չի անցկացվել, և գյուղերը չեն գազաֆիկացվել:
Ակնհայտ է, որ թե Շենիկի, թե Արեգ-Արտենի-Արագածավան գազատարների 2-3 տարի առաջ անցկացված խողովակներն, առանց ներկելու և օգտագործելու, կփտեն կամ, ինչպես հաճախ լինում է մեզանում, կգողացվեն, և պետական բյուջեին կրկին կհասցվի հսկայական վնաս: Հանրապետությունում նման անարդյունավետ ծախսերի շատ փաստեր կան, հետո էլ ասում են՝ փող չկա: Ոչ թե փող չկա, այլ պետական բյուջեն գողացողի ձեռքը չեք բռնում նույնիսկ այն դեպքում, երբ այն հայտնաբերում է Վերահսկիչ պալատը:
Բացի նշածս վնասներից՝ հսկայական վնաս կհասցվի վերոնշյալ գյուղերի դպրոցներին, որտեղ այս տարի վերանորոգվել են դուռ-պատուհանները, և քանի որ գյուղերը գազաֆիկացված չեն, իսկ դպրոցները չունեն ջեռուցման կենտրոնացված համակարգ, կնշանակի՝ ձմռանը ջեռուցվելու են կամ էլեկտրական սալիկներով, որը շատ թանկ է լինելու, կամ դիզելային վառելիքի վառարաններով: Տնօրենները խիստ մտահոգված են:
Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն տրամադրել 10-օրյա ժամկետում հետևյալ տեղեկությունները.
1. Վերահսկիչ պալատի կողմից դեռևս 2008-ին արձանագրած, «Մանշին», «Ման-Նախ», «Տեդաս» ՍՊԸ-ների կողմից պետական բյուջեից հատկացված միջոցները վատնելու փաստի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը: Ի՞նչ է անում, որ վերոնշյալ կազմակերպությունները կատարեն կառավարության նկատմամբ ստանձնած իրենց պարտականությունները, իսկ պետբյուջեն՝ արդյունավետ ծախսվի:
2. Ինչո՞ւ կոնկրետ Արեգ-Արտենի-Արագածավան գազատարի կառուցման նկատմամբ «Ման-Նախ» ու ԻՖԱԴ ՍՊԸ-ները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները:
3. Ինչո՞ւ «Մանշին»-ը չի ավարտում Շենիկ գյուղի գազաֆիկացումը, որտեղ դպրոցը «Հայաստանի մանուկների հիմնադրամ» կազմակերպության շնորհիվ ունի կենտրոնացված ջեռուցում դիզելային վառելիքով, որը շատ ավելի թանկ է նստում պետության վրա:
4. Ո՞ւր են Կողբավան, Երվանդաշատ, Բագարան գյուղապետերի գրությունների համաձայն վերադարձված գումարները և ինչի՞ են ծառայել:
5. Արդյոք ձմռանը Երվանդաշատ, Բագարան գյուղերի դպրոցների տնօրեններին առաջարկվելո՞ւ է եվրոպատուհանների ապակիները փոխարինել թիթեղով՝ վառարանների խողովակներն անցկացնելու համար:
6. Քարակերտ, Շենիկ, Լեռնագոգ համայնքներում բնակիչները խմելու ջուրը գնում են, իսկ դպրոցնե՞րը:
7. Արդյոք տարածքային կառավարման նախարարությունը տեղյա՞կ է այս ամենին, ի՞նչ է արվում, և ո՞վ է վերահսկում վերոնշյալ գյուղերի բնակիչների ու դպրոցների բնականոն կենսագործունեությունը»:
Մեկնաբանել