Նախագահ Սարգսյանը Միշել Լեգրանին հանձնել է Հայաստանի Պատվո շքանշան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանին: Ողջունելով մեծանուն կոմպոզիտորին` նախագահ Սարգսյանն ասել է.
«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ` մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկին, ով մեծ ավանդ ունի 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային երաժշտության մեջ: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է նաեւ մեր ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին: Մեր ժողովուրդը սիրում եւ հպարտանում է Ձեզանով»:
Նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ` անվանի կոմպոզիտորը Ս. Սարգսյանին պատմել է Հայաստան կատարած այցելությունից իր տպավորությունների մասին: «Ամեն անգամ, երբ առիթ է լինում այցելելու Հայաստան, կարծեք, վերադառնում եմ իմ ազգային ակունքներին: Ինձ համար հոգեհարազատ է եւ իմ արյան մեջ հոսում է հայկական երաժշտությունը»,- նշել է Միշել Լեգրանը:
Նախագահ Սարգսյանն ու Միշել Լեգրանը մտքեր են փոխանակել նաեւ համահայկական նշանակության խնդիրների մասին:
Հանրապետության ղեկավարը Միշել Լեգրանին է հանձնել Հայաստանի Պատվո շքանշան: Հանրահայտ հայազգի երաժիշտին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին հրամանագիրը նախագահ Սարգսյանը ստորագրել էր երեկ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել